Գործընթացները Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղափոխվել խաղաղ միջավայր, բայց ասել, որ Բաքուն փոխել է իր դիրքորոշումը և դարձել է ավելի կառուցողական, կլիներ միամտություն: Նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով այսպես կոչված «անկլավների» փոխանակության խոսույթի ակտիվացման մասին:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր ձևաչափերում, որտեղ դեռևս կան չլուծված հարցեր, փորձելու է գործընթացները տանել իրենց շահերի ներքո: Այսպես կոչված «անկլավների» հարցի ակտիվացումը փորձագետը դիտարկում է հենց այդ համատեքստում։
«Կցանկանայի պարզապես հիշեցնել, որ վարչապետի Արծվաշենի մասին գրառմանը նախորդել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հայտարարությանը առ այն, որ Ադրբեջանը պլանավորում է վերադարձնել «անկլավները»։ Այս համատեքստում հարկավոր է նշել, որ կրկին ադրբեջանական կողմն է ակտիվացրել այս թեման», — ասաց նա։
Պետրոսյան հորդորեց փորձագիտական և լրատվական շրջանակներին այս պահին զերծ մանր «անկլավների» թեմայի ակտիվ քննարկումից։
«Ես ընդհանրապես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի մեզանում հատկապես ակտիվ կերպով քննարկվի անկլավների թեմա, որովհետև Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը այն է, որ դեռևս չկան փաստական հիմքեր, թե Հայաստանում որ տարածքներն են համարվում «ադրբեջանական անկլավներ»։ Այսինքն այդ դիրքորոշումը մնում է ուժի մեջ» — ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ կանխատեսվում է, որ մոտ ապագայում սահմանազատման գործընթացը վերամեկնարկելու է, և ադրբեջանական կողմի հիշեցումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է այդ գործընթացի վրա որևէ ազդեցություն կամ նաև ճնշում գործադրելու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունը, մասնավորեցրեց նա, ակնկալում է, որ Արծվաշենը և 2021-2022 թվականների ընթացքում բռնազավթված Հայաստանի տարածքները պետք է վերադարձվեն սահմանազատման արդյունքում։
«Սա հայկական կողմի խոսույթն է, ադրբեջանական կողմը համապատասխանաբար իր խոսույթն է առաջ մղում, բայց, քանի որ վերջնական լուծումներ չկան, չի բացառում, որ ակնկալվող բանակցություններում կլինեն սակարկություններ», — ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի հետ բավականաչափ բարդ է լինելու բանակցելը։
Պետրոսյանը ընդգծեց, որ եթե սահմանազատման գործընթացը սկսվի Նախիջևանի հատվածից, այնտեղ կա հայկական կողմի համար խոցելի տարածք, որը, մեծ հաշվով, կարող է բանակցվել անկլավների փոխանակման և ներկայիս ստատուս քվոյի պահպանման համատեքստում։
«Այնուամենայնիվ, կրկին նշեմ, որ այս պահի դրությամբ խոսքը վերաբերում է միայն նախնական հայտարարություններին։ Գուցե հանձնաժողովների մակարդակով գոյություն ունեն ավելի խորքային բանակցություններ, սակայն դրանք հրապարակային չեն։ Սա է պատճառը, որ այս փուլում, քանի դեռ ադրբեջանական կողմից որևէ փաստական հիմք չի շրջանառվել, մեր կողմից՝ նախ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև փորձագիտական և տեղեկատվական դաշտերում, ճիշտ չէ այդ թեման ակտիվորեն քննարկել», — եզրափակեց նա։

