Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը ոչ թե արտաքին ուժային կենտրոններն են, այլ բազմավեկտոր և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը։ Նման կարծիքի է փորձագետ Արմինե Մարգարյանը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից աշխարհում «ֆիզիկական երաշխավորների» գաղափարը աստիճանաբար կորցնում է իր կիրառելիությունը։
«Ֆիզիկական երաշխավորներ» այլևս չկան
Մարգարյանը նշում է, որ միջազգային համակարգում այսօր դժվար է գտնել մի պետություն, որը կարող է լիարժեքորեն երաշխավորել մեկ այլ երկրի անվտանգությունը՝ հատկապես ռազմականացման միտումներով հագեցած միջավայրում։ Նույնիսկ ՆԱՏՕ-ի շրջանակներում, նրա խոսքով, ի հայտ են գալիս խնդիրներ։ Սա վկայություն է այն պնդումների, որ ավանդական անվտանգության մոդելները այլևս չեն գործում այնպես, ինչպես նախկինում։
Այս համատեքստում, ըստ փորձագետի, «մեծ եղբոր» կամ դաշնակիցների խմբի վրա հենված մոտեցումը ոչ միայն հնացած է, այլև երկարաժամկետ հեռանկարում անարդյունավետ։
Դիվերսիֆիկացիան՝ որպես ազդեցության գործիք
Մարգարյանի կարծիքով՝ Հայաստանի համար առավել արդյունավետ է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը, որը հնարավորություն է տալիս ներգրավել տարածաշրջան տարբեր դերակատարների և բարձրացնել երկրի կշիռը։ Նրա խոսքով՝ հենց այս քաղաքականության շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է տարբեր գործընկերների հետ բանակցել նույն հարցերի շուրջ և ընտրել առավել շահավետ առաջարկները։
Քաղաքագետը հիշեցնում է, որ այս գործընթացը տեսանելի դարձավ հատկապես 2023 թվականից, երբ Հայաստանում տեղակայվեց Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, ինչը, ըստ նրա, կարևոր քայլ էր արտաքին քաղաքական հավասարակշռման ուղղությամբ։
ՀԱՊԿ-ից մինչև երկկողմ հարաբերություններ
Անդրադառնալով անվտանգային կառույցներին՝ Մարգարյանը կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի մասնակցության և հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների տարանջատումը։ Նրա համոզմամբ՝ եթե Երևանը սառեցում է իր անդամակցությունը կամ նույնիսկ դուր է գալիս կազմակերպությունից, դա պետք է ուղեկցվի Ռուսաստանի հետ հարաբերությունների ոչ թե խզմամնբ, այլ վերանայմամբ՝ «կառուցողական տրանսֆորմացիայի» տրամաբանությամբ։
Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ կարևոր գործընկեր, և նրան անտեսելը կլինի ռազմավարական կարճատեսություն։ Նրա խոսքով՝ եթե ռուսական կողմը կարողանա առաջարկել Հայաստանի բանակի վերափոխման տրամաբանությանը համապատասխանող սպառազինություն, ապա նման համագործակցությունը պետք է շարունակվել, բայց արդեն երկկողմ ձևաչափով։
Հավասարակշռված գործընկերության մոդել
Քաղաքագետը նաև առաջարկում է ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացված մոդել, ըստ որի՝ որևէ մեկ գործընկեր երկրի բաժինը սպառազինության ձեռքբերման մեջ չպետք է գերազանցի սահմանված շեմը (օրինակ՝ 5%)։ Այս մոտեցումը, նրա համոզմամբ, թույլ կտա պահպանել հավասարակշռությունը և նվազեցնել կախվածությունը մեկ աղբյուրից։
Ամփոփելով՝ Մարգարյանը կրկին շեշտում է, որ Հայաստանի անվտանգության հիմքը պետք է լինի ոչ թե արտաքին «երաշխավորների» որոնումը, այլ ճկուն արտաքին քաղաքականությունը, որը թույլ կտա երկրին գործել առավել ինքնուրույն և արդյունավետ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։

