Հայաստանը ներկայում վերաիմաստավորում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Նման կարծիքի է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Հայ-ռուսական հարաբերությունները «մեռած են»
Նրա գնահատմամբ՝ այդ գործընթացը պայմանավորված է այն իրողությամբ, որ նախկին հարաբերությունների հիմքերը գործնականում այլևս չեն գործում։ Քաղաքագետի խոսքով՝ թեև պաշտոնական Երևանը դեռ հարցական է դնում այն պնդման վրա, թե հարաբերությունները «մեռած են», իրականությունը, ըստ նրա, հարցականների կարիք չունի այլ է։ «Ինչպես վերակենդանացման բաժանմունքի բժիշկներն են ասում՝ արձանագրված է կենսաբանական մահը»,- նշել է նա՝ հավելելով, որ ստորագրված բազմաթիվ փաստաթղթերում գոյություն ունեցող պայմանավորվացություններ և պարտականություններ չեն իրականացվում և գործնական արժեք չունեն։
Մեհրաբյանի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է Հայաստանին վերադարձնել նախկին արտաքին քաղաքական ուղեգծին և ակնկալում է, որ Երևանը կհրաժարվի եվրոպական ուղղությունից՝ ընդունելով, որ իր նախկինում պարտադրված ընտրությունն էր ճիշտ։ «Ռուսաստանը մեզանից պահանջում է երկրորդ “սեպտեմբերի 3″՝ որպեսզի Հայաստանի ղեկավարը գնա Մոսկվա և փաստացի ընդունի, որ Եվրոպայի ուղղությամբ քայլերը սխալ էին։ Բայց դա այլևս չի լինելու, որովհետև դա ինքնասպանություն է»,- ասել է քաղաքագետը։
Նրա համոզմամբ՝ նույնիսկ նրանք, ովքեր Հայաստանում կոչ են անում վերականգնել «ավանդական գործընկերային հարաբերությունները» Ռուսաստանի հետ, իրականում առաջարկում են մի ճանապարհ, որը երկրի համար կործանարար հետևանքներ կունենա։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզումը կայացած փաստ է
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հնարավոր կասեցման մասին քննարկումներին՝ Մեհրաբյանը նշել է, որ այդ հարցն այլևս սկզբունքային նշանակություն չունի, քանի որ Հայաստանը փաստացի վաղուց դուրս է կազմակերպությունից։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին և այլևս անդամավճար չի վճարում, ինչը կարող է իրավական հիմք դառնալ կազմակերպությունից հեռացնելու համար։
Քաղաքագետի խոսքով՝ եթե Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից կամ նոյեմբերին ՀԱՊԿ-ում համապատասխան որոշում ընդունվի, դա կլինի Հայաստանի անդամակցության ոչ թե վերջի սկիզբը, ինչպես շատերն են հայտարարում, այլ «վերջի վերջը», քանի որ այդ գործընթացն արդեն շատ վաղուց է ընթանում։ «Կարծում եմ՝ այդ որոշումից հետո Հայաստանում շատ տներում շամպայն կբացեն»,- նշել է նա։
Մեհրաբյանի գնահատմամբ՝ նման որոշումը Հայաստանի համար կունենա ոչ թե բացասական, այլ դրական հետևանքներ, քանի որ երկիրը դե յուրե ևս կդադարի լինել ՀԱՊԿ անդամ և ավելի ազատ կլինի իր արտաքին քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ ՀՀ ներկայիս իրական ռազմավարական գործընկերները բոլորովին այլ կերպ են համագործակցում ՀԱՊԿ անդամ պետության և ՀԱՊԿ-ից դուրս գտնվող պետության հետ։ «ՀԱՊԿ անդամ Հայաստանի և ՀԱՊԿ-ից ազատված Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը տարբեր որակի համագործակցություն է»,- ընդգծել է նա։
Մենք արդեն ԵԱՏՄ-ից դուրս ենք
Մեհրաբյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից վերջնական ազատվելը պետք է ուղեկցվի նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթացով։ Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ն այլևս չի ապահովում Հայաստանի շահերը, և երկիրը չպետք է ժամանակ կորցնի։
«Ըստ էության, ԵԱՏՄ-ն մեզ համար փակ է։ Հենց այսօր էլ «Բժնի»-ն արգելեցին՝ չգիտեմ՝ ինչ են մեջը իբր գտել։ Այսինքն՝ ֆիքսում ենք, որ ԵԱՏՄ-ն էլ, փաստորեն, մեզ համար չկա։ Այդ դեպքում ինչի համար ենք մնում ԵԱՏՄ կազմում, մնում ենք, որ ի՞նչ անենք», — նշեց քաղաքագետը։
Մեհրաբյանն առաջարկում է հնարավորինս արագ սկսել խորհրդակցություններ Եվրամիության հետ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևաչափին վերադառնալու շուրջ։ Նրա խոսքով՝ Բրյուսելն արդեն կիրառել է Հայաստանի համար մի շարք ժամանակավոր արտոնություններ, իսկ այժմ Երևանի խնդիրն է այդ լուծումները դարձնել մշտական և ինստիտուցիոնալացնել։
Մեհրաբյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ից և հետագայում նաև ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կբացի նոր քաղաքական, տնտեսական և անվտանգային հնարավորություններ՝ եվրոպական ինտեգրումը խորացնելու ճանապարհին։

