Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից երկրի տնտեսության համար աղետալի հետևանքներ է ունենալու՝ սկսած էներգակիրների գների աճից մինչև արտահանման շուկաների կորուստ։ Այս մասին հայտարարել է միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե ՌԴ-ն վերջ չդնի հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումներին, դա կդառնա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։
Փորձագետի գնահատմամբ՝ իրավիճակը բոլորովին հակառակն է. եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն դա կարող է դառնալ հայկական տնտեսության վերջի սկիզբը։ Մանվելյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի ստեղծման գաղափարախոսության հիմքում ոչ միայն առևտուրն էր, այլ առաջին հերթին էներգետիկ համագործակցությունը։ «ԵԱՏՄ-ի գաղափարն այն էր, որ անդամ երկրները ձևավորեն էներգետիկ համագործակցության միասնական կենտրոն։ Խոսքը գազի, նավթի, էլեկտրաէներգիայի շուկաների համատեղման մասին էր։ Շատ երկրներ ունեին համեմատաբար էժան էներգակիրներ, ինչը տնտեսության զարգացման կարևոր առավելություն էր տալիս»,- ասել է նա։
Մանվելյանի գնահատմամբ՝ այդ իսկ պատճառով ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ այդ կառույցի հետ հարաբերությունների կտրուկ վատացումը կարող է հանգեցնել Հայաստանի տնտեսության խնդիրների խորացմանը։ «Երբ դու դուրս ես գալիս նման համակարգից կամ քայլեր ես իրականացնում դրա դեմ, առաջին հետևանքը լինելու է էներգակիրների թանկացումը՝ գազի, նավթի, նավթամթերքի։ Սա կարող է առաջացնել շղթայական ռեակցիա և հարվածել հենց քո տնտեսությանը, ոչ թե ԵԱՏՄ-ին»,- նշել է նա։
Ռուսական շուկայի նշանակությունը հայկական արտադրանքի համար
Մանվելյանը ընդգծել է, որ Հայաստանի համար հատկապես կարևոր է պատրաստի արտադրանքի արտահանման շուկան։ «Պետք է կարևորել «պատրաստի ապրանք» արտահայտությունը։ Հանքահումքը կարող է գնալ Չինաստան կամ այլ երկրներ, բայց աշխատատեղեր ստեղծում են հիմնականում այն ապրանքները, որոնք արտադրվում են Հայաստանում և արտահանվում են պատրաստի տեսքով»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ հայկական պատրաստի արտադրանքի հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ «Մեր պատրաստի արտադրանքի հիմնական մասը գնում է ԵԱՏՄ շուկա, և դրա առյուծի բաժինը՝ Ռուսաստան։ Այդ շուկան պետք է պահպանել, զարգացնել և աշխատեցնել, այլ ոչ թե հայտարարել, օրինակ, որ հայկական արտադրանքը վատ որակի է»,- նշել է նա։
Հարավկովկասյան երկաթուղու հնարավոր փոփոխությունների մասին
Մանվելյանը անդրադարձել է նաև Հարավկովկասյան երկաթուղու հարցին՝ նշելով, որ այն ունի ռազմավարական նշանակություն, սակայն տնտեսական առումով բավական բարդ իրավիճակում է։
«Հարավկովկասյան երկաթուղին Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, բայց եթե նայենք քարտեզին և հաշվարկենք տնտեսական հնարավորությունները, կտեսնենք, որ առանց լուրջ ներդրումների այն չի կարող արդյունավետ աշխատել։ Այն ինքնուրույն եկամտաբեր համակարգ չէ»,- ասել է նա։
«Դեռ մի քանի տարի առաջ հնարավոր էր ասել, որ երկաթուղին կարող էր աշխատել ավելի արդյունավետ, քանի որ բեռնափոխադրումների զգալի մասը ապահովում էր Զոդի հանքավայրը։ Այն ժամանակ հանքավայրից տարեկան մոտ 1 միլիոն տոննա բեռ էր տեղափոխվում, ինչը երկաթուղու համար ապահովում էր լուրջ ծավալներ»,- նշել է միջազգայնագետը։
Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է վերջին տարիներին, և հանքավայրի աշխատանքի ծավալները զգալիորեն նվազել են։
«Հիմա, քանի որ Զոդի հանքավայրն այլևս նախկին ծավալով չի աշխատում և արտադրական հնարավորությունների մոտավորապես 10-20 տոկոսի մակարդակում է, Հարավկովկասյան երկաթուղին փաստացի դարձել է ոչ եկամտաբեր համակարգ»,- ասել է Մանվելյանը։
Փորձագետը ընդգծել է, որ հենց այդ պատճառով երկաթուղու հետագա շահագործման հարցը չի կարելի դիտարկել միայն կառավարման փոփոխության տեսանկյունից, քանի որ առանց կայուն բեռնափոխադրումների և խոշոր ներդրումների համակարգը դժվար է պահպանել։
Կոնցեսիոն պայմանագրի և աշխատատեղերի հարցը
Անդրադառնալով ռուսական կողմի հնարավոր հեռացման դեպքում հետևանքներին՝ Մանվելյանը նշել է, որ պետք է հաշվի առնել գործող կոնցեսիոն պայմանագրի պայմանները։
«Կոնցեսիոն պայմանագրով ռուսական կողմի վրա դրված է եղել նաև սոցիալական պարտավորություն՝ պահպանել աշխատատեղեր։ Այս պահին այնտեղ աշխատում է մոտ 3000 մարդ։ Շատ մասնագետների կարծիքով՝ տեխնիկական առումով այդքան աշխատակիցների անհրաժեշտություն իրականում չկա, բայց պայմանագրային պարտավորությունների պատճառով դրանք պահպանվում են»,- ասել է նա։
Մանվելյանի խոսքով՝ նոր կառավարիչը կարող է այլ մոտեցում ունենալ։ «Եթե վաղը որևէ մեկը վերցնի այդ համակարգը, հարց է՝ արդյոք նա պատրաստ կլինի ոչ միայն կառավարել, այլև մեծ ներդրումներ կատարել։ Եթե հաշվարկի, որ եկամտաբերություն չկա, առաջին քայլերից մեկը կարող է լինել աշխատակիցների մեծ մասի կրճատումը»,- նշել է փորձագետը։
Փորձագետի գնահատմամբ՝ Հարավկովկասյան երկաթուղու կառավարման փոփոխությունը կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, քան օգուտներ բերել։
«Ցանկացած կողմ կարող է վերցնել այդ համակարգը, եթե հաշվարկի և տեսնի, որ այնտեղ եկամտաբերություն կա։ Բայց ես համոզված եմ՝ եթե նոր կառավարիչ գա, առաջին քայլերից մեկը կարող է լինել աշխատակիցների 60-70 տոկոսի կրճատումը, քանի որ նա պարտավորված չի լինի պահպանել գործող սոցիալական պայմանները»,- եզրափակել է Մանվելյանը։

