Եթե Հայաստանում չլիներ 2018 թվականի հակասահմանադրական իշխանափոխության աղետը, Արցախի անկախությունն արդեն ճանաչված կլիներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը՝ ընդգծելով, որ բանակցային ողջ գործընթացը և սեղանին դրված բոլոր փաստաթղթերը ամրագրում էին Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Այժմ բոլոր միջազգային դերակատարները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, արդարացնում են իրենց ներկայիս դիրքորոշումը՝ երեսպաշտորեն թաքնվելով Նիկոլ Փաշինյանի ետևում։ Օրինակ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց ոչ ոք չի մոռացել, համոզողներից մեկը հենց ինքն էր, ով պնդում էր, որ Երևանը չգնա նման քայլի՝ նշելով, որ գործընթացները հանդարտ տանում են ճանաչմանը», — նշել է Թորոսյանը։
Ըստ նրա՝ նախկին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայիս դիրքորոշումը բացահայտ երեսպաշտություն է։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ավելի քան 15 տարի զբաղվում են Արցախի խնդրով և պնդում են, որ այն պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ավելին, նրանք ոչ միայն պնդում էին, այլ ամրագրում էին փաստաթղթերում։ Ինչո՞ւ փոխվեց նրանց մոտեցումը։ Որովհետև նրանք տեսան, որ խնդիրը մնացել է անտեր», — ասել է նախկին խոսնակը։
Նա տարակուսանք է հայտնել Արցախի ներկայիս ղեկավարության պասիվության վերաբերյալ։
«Եթե 2023 թվականին դա դեռ կարելի էր բացատրել շոկային վիճակով, ապա երկու տարի անց նման դիրքորոշումն այլևս արդարացում չունի։ Այսօր նրանք պետք է ակտիվորեն աշխատեն. թակեն բոլոր միջազգային կազմակերպությունների դռները և ստիպեն բոլորին կրկին անդրադառնալ Արցախյան հարցին»։ Արևելյան Թիմորի օրինակը շատ լավ օրինակ է. 27 տարի շարունակ այս ժողովուրդը ենթարկվել է սարսափելի հալածանքների և ցեղասպանության, բոլորը նրանց դեմ էին՝ սկսած Միացյալ Նահանգներից մինչև ՄԱԿ-ի վերջին անդամը։ Սակայն պայքարի շնորհիվ նրանք հասան ճանաչման։ Արևելյան Թիմորի անկախությունը դարձել է իրականություն։ Նույնը հնարավոր է նաև Արցախի համար», — ընդգծեց նա։
Թորոսյանը հիշեցրեց, որ դեռևս 1988 թվականին՝ Ղարաբաղյան շարժման արշալույսին, շատ շատերի համար դա խելահեղություն էր թվում. որովհետև դիմացը կանգնած էր Խորհրդային Միության պատժիչ համակարգը, որը հատեպնդում էր, հալածում էր և ձերբակալում էր շարժման անդամներին։ Բայց կար կամքը, կար ձգտումը, կար նպատակը և ի վերջո Արցախը հայտնվեց միջազգային ճանաչման շեմին։
«Եթե չլիներ 2018 թվականի աղետը, երբ Հայաստանում տեղի ունեցավ հակասահմանադրական իշխանափոխություն, Արցախը կճանաչվեր», — եզրափակեց նա։

