Եվրոպան «ձիով քայլ» արեց․ ՌԴ-ի ծրագիրը ձախողվեց

Հայաստանը թևակոխել է սեփական անվտանգային և տնտեսական համակարգերի արմատական վերափոխման փուլ։ Տասնամյակներ շարունակ «բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնելու» քաղաքականությունը երկիրը կանգնեցրել էր լուրջ խոցելիությունների առաջ։ Ինչպե՞ս է Երևանին հաջողվում դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, ինչո՞ւ ձախողվեց Մոսկվայի ներքաղաքական բունտ հրահրելու սցենարը, և ինչպիսի՞ աննախադեպ տնտեսական գործիքակազմ կիրառեց Եվրոպան։ Այս թեմաների շուրջ խոսեց միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ 

30-ամյա սխալի գինը և դիվերսիֆիկացման հրամայականը

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս բազմաթիվ խոցելիությունները պատահականության արդյունք չեն։ Դրանք ձևավորվել են վերջին 30 տարիների ընթացքում, երբ երկիրը «բոլոր ձվերը դրել էր մեկ զամբյուղի մեջ»։ Անվտանգությունը, տնտեսությունը և բոլոր ստրատեգիական ռեսուրսները կապված էին բացառապես մեկ երկրի՝ Ռուսաստանի հետ, ինչն ի վերջո վերածվեց համակարգային թուլության։

Այս իրողությունը փոխելու նպատակով Հայաստանում  2020 թվականից հետո հռչակեց դիվերսիֆիկացման քաղաքականություն, հիշեցրեց Սաֆարյանը։  Այս գործընթացն․ ըստ նրա,  առավել գործնական ու վերջնական փուլ թևակոխեց 2023 թվականին, երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել բազմաթիվ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները։ Արդեն 2021-2022 թվականներին, երբ հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան հակամարտության հարցերում սեփական ուժերը չէին հերիքում, Երևանը սկսեց բանակցային և անվտանգային այլընտրանքային հարթակներ փնտրել՝ ներգրավելով Միացյալ Նահանգներին և Եվրոպական միությանը։

Մոսկվայի դիմադրությունը և Պուտինի անձնական ուղերձը

Հայաստանի կախվածությունների վերացման գործընթացը, բնականաբար, չէր կարող դուր գալ Ռուսաստանին։ Մոսկվան տարիներ շարունակ օգտագործել է այդ կախվածությունները Հայաստանի դեմ՝ անկախ նրանից, թե ով է եղել Երևանում իշխանության ղեկին։ Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է դուրս գալ այդ ազդեցության գոտուց, Մոսկվայի արձագանքը եղել է ուժգին։

Սակայն վերջին ընտրություններից առաջ, ըստ Սաֆարյանի, իրավիճակն անցավ բոլոր սահմանները։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկացավ, որ իր հիմնական քարոզիչների՝ Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի, Կոնստանտին Զատուլինի, Սեմյոն Բաղդասարովի հռետորաբանությունն ու ահաբեկումները հայ հանրության վրա այլևս չեն ազդում։ Արդյունքում, Պուտինն իր կյանքում առաջին անգամ անձամբ հանդես եկավ ուղերձով՝ հայ հանրությանը դնելով ուղիղ ընտրության առաջ. կամ գնալ դեպի Եվրոպա, կամ մնալ Ռուսաստանի տակ», — հիշեցրեց քաղաքագետը։

Տնտեսական «սանկցիաներ» և ներքաղաքական բունտի ձախողված սցենարը

Ընտրությունների արդյունքները, բնականաբար, չգոհացրեցին Մոսկվային։ Դեռևս քվեարկությունից առաջ Ռուսաստանը սկսել էր կիրառել իր տնտեսական լծակները՝ հորինված պատճառներով արգելանքներ դնելով հայկական ծիրանի, «Ջերմուկի» ու ծաղիկների ներմուծման վրա։ Ընտրություններից հետո այս ճնշումներն էլ ավելի խորացան, քանի որ հայկական գյուղմթերքի հիմնական իրացման շուկան ԵԱՏՄ-ն ու մասնավորապես Ռուսաստանն էին։

Նրա խոսքով՝ Մոսկվայի հստակ նպատակն էր ստիպել հայ ժողովրդին «վճարել իր ընտրության գինը» և երկրում ներքին բունտ հրահրել։  Ռուսական կողմը հաշվարկել էր, որ տնտեսական սանկցիաները կսնուցեն ներքին ընդվզումը, մարդիկ դուրս կգան փողոց և կհավաքվեն Սահմանադրական դատարանի դիմաց՝ դրանեվ ստիպելով բավարարել ընդդիմության պահանջները։

Սակայն Մոսկվան շոկի ենթարկվեց. դատարանի շենքի մոտ մի քանի հարյուր հոգուց ավել մարդ չհավաքվեց։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ընդդիմությունը կարողանում էր հեղեղել փողոցները, այս անգամ հանրությունն ուղղակի դուրս չեկավ կռիվ տալու, և Ռուսաստանի ակնկալած ներքին պայթյունը տեղի չունեցավ, նշեց Սաֆարյանը։

Եվրոպայի «ձիով քայլը». աննախադեպ մաքսային կարգավիճակ

Տեսնելով, որ Հայաստանը կանգնած է լրջագույն ճնշումների առաջ, Եվրոպան դիմեց կտրուկ քայլերի։ Հասկանալով, որ Ռուսաստանը 2013 թվականին Հայաստանին բռնի ուժով ԵԱՏՄ մտցնելով ցանկանում էր իրավական կապերով խոչընդոտել հայկական տնտեսության մերձեցումը եվրոպական շուկային, Բրյուսելն արեց «ձիով քայլ», կարծում է Սաֆարյանը։

«Եվրոպան ապրանքատեսակների 80%-ի համար պարզապես բացառեց և հանեց մաքսատուրքերը։ Դե-ֆակտո Հայաստանին դարձրեցին Եվրոպական միության մաքսային գոտու անդամ։ Սա բացառիկ և աննախադեպ կարգավիճակ է միջազգային պրակտիկայում, քանի որ երկիրը, դեռևս դե-յուրե չհանդիսանալով ԵՄ անդամ կամ նույնիսկ թեկնածու, ստացել է նմանատիպ տնտեսական արտոնություններ», — ասաց նա։

Այս սցենարի լիարժեք իրագործման համար մնում է միայն հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ Թուրքիան հանդիսանում է ԵՄ Մաքսային միության անդամ։ Սահմանի բացման պարագայում Հայաստանն այլևս կունենա ուղիղ ցամաքային կապ Եվրոպայի հետ և դե ֆակտո կինտեգրվի այդ միասնական տնտեսական գոտուն՝ վերջնականապես չեզոքացնելով հյուսիսից եկող տնտեսական շանտաժի վտանգները, համոզված է փորձագետը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top