Հայաստանի հարկային քաղաքականության վերջին զարգացումները հաճախ ներկայացվում են որպես «էվոլյուցիա»՝ ժամանակակից մեթոդների ներդրման և համակարգի արդիականացման գործընթաց։ Սակայն շատ հաճախ այս գործընթացը ոչ միայն չի ուղեկցվում տնտեսական քաղաքականության ամրապնդմամբ, այլ նաև շարժվում է վտանգավոր ուղղությամբ՝ խորացնելով հարկային վարչարարության և տնտեսության միջև եղած անհամապատասխանությունները։
Էվոլյուցիա՝ բացասական տրամաբանությամբ
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ հարկային հավաքագրումները և բյուջեի եկամուտների ապահովումը մշտական գործընթացներ են, որոնք ունեն իրենց հստակ գործիքակազմը։ Սակայն դրանց արդյունավետությունը մեծապես կախված է տնտեսական միջավայրից։
«Հարկային հավաքագրումները կամ բյուջեի եկամուտների ապահովումը մշտական գործընթաց են, որոնք պետք է ընթանան տնտեսության զարգացման տրամաբանության մեջ։ Երբ տնտեսական միջավայրը բավարար մակարդակով չի զարգանում, բայց հարկահավաքագրման ցուցանիշները մնում են անփոփոխ և ենթադրում են տարեկան աճ, հարկային վարչարարությունը սկսում է գնալ ավելի կոշտ ուղղությամբ», — նշում է Անանյանը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակում հարկային մարմինները ստիպված են կիրառել ավելի խիստ մեխանիզմներ, անկախ նրանից, թե իրական տնտեսական ներուժը որքան է։ Եթե դրան ավելացնենք երկրի քաղաքական անկայունությունը, ապա հարկային կառույցների կողմից օպերատիվ և հետախուզական մեթոդների կիրառումը երբեմն ստանում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երանգ։
Խոստումներ՝ առանց տնտեսական ներուժի
Անանյանը տնտեսական իրավիճակը համեմատում է ընտանիքի օրինակով․
«Երկիրը նման է մեծ ընտանիքի։ Ղեկավարները խոստացել են, որ պետք է այսքան գումար հավաքվի, սակայն ընտանիքի իրական եկամտային ներուժը այդ մակարդակին չի հասնում։ Այնուամենայնիվ, այդ խոստումները փորձում են կատարել՝ անկախ իրական տնտեսական հնարավորություններից»։
Այսպիսով, ձևավորվում է բյուջետային քաղաքականություն, որտեղ ցուցանիշները որոշվում են վերևից՝ առանց հաշվի առնելու տնտեսության կառուցվածքային և աճի իրական հնարավորությունները։
Արդյունքում հարկային մարմինները ստիպված են «հավաքել» խոստացված գումարները ոչ թե տնտեսական աճի հաշվին, այլ վարչարարական խստացումների միջոցով։
Տնտեսական քաղաքականության բացակայությունը՝ համակարգային արմատ
Անանյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն հարկային ոլորտում չէ․ այն խորքային է և կապված է տնտեսական քաղաքականության փաստացի բացակայության հետ։
«Տեսեք, կա տնտեսություն, կա տնտեսական քաղաքականություն և դրա մակրոտնտեսական բաղադրիչը։ Դրանից հետո է միայն գալիս հարկաբյուջետային և հարկային քաղաքականությունը։ Սա տրամաբանական շղթա է։ Երբ տնտեսական քաղաքականություն իրական իմաստով չի վարվում, մակրոտնտեսական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները գործում են միայն իրենց սահմանափակ շրջանակներում՝ առանց համակարգային կապերի», — ընդգծում է նա։
Այս շղթայի խզումը հանգեցնում է նրան, որ հարկային քաղաքականությունը մնում է առանց ռազմավարական ուղղորդման և դառնում է զուտ ֆիսկալ գործիք։
Ֆիսկալ նպատակների գերակայություն
Երբ հարկային քաղաքականությունը զրկվում է տնտեսական ռազմավարությունից, այն կենտրոնանում է բացառապես բյուջետային ցուցանիշների ապահովման վրա։
«Եթե, օրինակ, հարկաբյուջետային քաղաքականությամբ որոշվել է, որ ՀՆԱ-ի որոշակի տոկոս պետք է հավաքվի հարկերի տեսքով, ապա հարկային մարմինները սկսում են կոշտ վարչարարություն իրականացնել՝ այդ ցուցանիշը ապահովելու համար», — ասում է Անանյանը։
Այս մոտեցման շրջանակում կիրառվում են հետևյալ քայլերը․ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների հնարավորությունների սահմանափակում, շրջանառության հարկի դաշտում գործողների վրա ճնշման մեծացում, հարկային ծանրաբեռնվածության բարձրացում տարբեր ուղղություններով։
Անանյանի խոսքով՝ վերջին հարկային փոփոխությունների հիմքում ընկած է միայն ֆիսկալ նպատակների իրականացումը, այլ ոչ թե տնտեսական աճի խթանումը։
«Ունենք տնտեսական քաղաքականություն, որը կա միայն թղթի վրա կամ ընդհանրապես գոյություն չունի։ Հարկաբյուջետային քաղաքականությունը սահմանափակված է իր ֆիսկալ կանոններով, իսկ հարկային քաղաքականությունը հետապնդում է միայն եկամուտ ապահովելու նպատակը», — նշում է նա։

