Մուստաֆաևի այցը Երևան․ խաղաղության իմիտացիա և արագացվող սահմանազատում 

Հայաստանը՝ ասֆալտի տարածք, թե՞ սուբյեկտ․ Ինչի՞ մասին են այս ընտրությունները

Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավը դուրս է եկել սովորական ներքաղաքական պայքարի շրջանակներից և վերածվել  գաղափարական ու աշխարհաքաղաքական բախման։ Այդ կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ 

Նրա համոզմամբ՝ ընտրապայքարի ընթացքում արդեն ձևավորվել են հստակ բևեռներ՝ տարբեր պատկերացումներով Հայաստանի ապագայի վերաբերյալ։

Բադալյանի խոսքով՝ հիմնական մրցակցությունը ծավալվում է «Քաղաքացիական պայմանագրի» և երեք հիմնական ընդդիմադիր ուժերի՝ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան  և Ազգային-Ժողովրդավարական Բևեռի միջև։

«Ասֆալտի տարածք»՝ որպես ապագայի մոդել

Նրա կարծիքով՝ իշխանությունները Հայաստանը տեսնում են ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ որպես տարանցիկ տարածք։

Բադալյանի խոսքով՝ իշխանության պատկերացրած ապագա Հայաստանը «հարավկովկասյան խաչմերուկ» է, որի հիմնական գործառույթը լինելու է բեռնափոխադրումների սպասարկումը։ Նրա ձևակերպմամբ՝ այս սցերարով պետությունը նույնիսկ «օբյեկտ» լինելու կարգավիճակից է իջնում՝ վերածվելով պարզապես «ասֆալտի տարածքի», որտեղ կգործեն հյուրանոցներ, ռեստորաններ և ծառայությունների ոլորտ տարանցիկ փոխադրումներ կատարող «վարորդների համար»։

Նրա գնահատմամբ՝ նման մոդելի պարագայում Հայաստանը կորցնում է քաղաքական սուբյեկտայնությունը և դադարում է լինել որոշում կայացնող գործոն տարածաշրջանում։

Ընդդիմության ներսում ևս տարբեր պատկերացումներ կան

Բադալյանը նշում է, որ ընդդիմադիր դաշտը ևս միասնական չէ գաղափարական առումով։

Նրա կարծիքով՝ «Ուժեղ Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», թեև քննադատում են իշխանություններին, այդուհանդերձ շարունակում են դիտարկել Հայաստանը որպես արտաքին ուժերից կախված «օբյեկտ»։ Ըստ նրա՝ այդ ուժերը խոսում են ազգային արժեքների պահպանության, եկեղեցու դեմ գործընթացների բացառման և սոցիալական կայունության մասին, սակայն չեն առաջարկում այնպիսի մոդել, որը Հայաստանը կվերածի լիարժեք քաղաքական սուբյեկտի։

Միաժամանակ նա առանձնացնում է «Հայաստան» դաշինքը՝ նշելով, որ այդ ուժը Արցախի հարցը դիտարկում է ոչ միայն պատմական կամ զգացմունքային, այլ նաև ռազմաքաղաքական տեսանկյունից։ Բադալյանի համոզմամբ՝ Արցախի գործոնը նախկինում Հայաստանին վերածում էր տարածաշրջանային ազդեցություն ունեցող սուբյեկտի, և այդ հարցի վերադարձը քաղաքական օրակարգ կարող է ապագայում փոխել Հայաստանի դիրքը՝ վերադարձնելով երկրին նախկին դիրքը։

Ազգային ժողովրդավարական Բևեռի «չմատուցված գաղափարը»

Քաղտեխնոլոգը առանձին անդրադարձել է նաև Ազգային ժողովրդավարական բևեռին։ Նրա կարծիքով՝ այդ ուժն ունի ռազմավարական առումով հստակ գաղափարական գիծ, սակայն չի կարողանում այն արդյունավետ ներկայացնել ընտրողին։

Բադալյանի խոսքով՝ «տեխնոլոգիական մասը խիստ կաղում է», ինչի հետևանքով գաղափարական առաջարկը չի վերածվում քաղաքական կապիտալի։ Այդուհանդերձ, նա չի բացառել, որ ուժը կարող է հաղթահարել անցողիկ շեմը, եթե կարողանա բարելավել քարոզչական աշխատանքը։

Իշխանության սցենարը կոտրվել է

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ քարոզարշավի ընթացքում ընդդիմությանը հաջողվել է խափանել իշխանության հիմնական նախընտրական սցենարը, որը կառուցված էր «պատերազմի և խաղաղության» հակադրության վրա։

Նրա խոսքով՝ վերջին օրերին նկատվող վարչապետի ավելի կոշտ և երբեմն անհավասարակշիռ պահվածքը հենց այդ իրավիճակի հետևանքն է։ Բադալյանը պնդում է, որ իշխանության համար ցանկալի օրակարգն այլևս չի աշխատում, իսկ նախկին սցենարը վերականգնել արդեն հնարավոր չէ։

Ըստ նրա՝ այժմ հիմնական պայքարը գնում է ոչ միայն ձայների, այլ նաև այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագան՝ տարանցիկ տարածք, պահպանողական «օբյեկտ», թե տարածաշրջանային սուբյեկտ։

Այս ընտրությունները վաղուց միայն ներհայաստանյան չեն

Բադալյանն անդրադարձավ նաև ընտրությունների արտաքին բաղադրիչին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացը պետք է դիտարկել որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարի մաս։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը վերարտադրվի, ապա Ռուսաստանը կարող է աստիճանաբար դուրս մղվել Հայաստանից՝ սկսած սահմանապահ ներկայությունից մինչև ռազմաբազա և տնտեսական ենթակառուցվածքներ։ Այդ համատեքստում նա հիշեցրել է վերջին շրջանում պետականացման և ռուսական կառույցների նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասին իշխանությունների հայտարարությունները։

Բադալյանը համոզված է, որ այս ընտրությունները Մոսկվայի համար ունեն ռազմավարական նշանակություն, որոնք  նույնիսկ համեմատելի են «Ստալինգրադի ճակատամարտի» հետ։

Scroll to Top