Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ունի հետնորդի լուրջ խնդիր, ինչը կարող է նրան դրդել կրկին առաջադրվել հաջորդ ընտրություններին։ Նման կարծիքի է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:
Նրա խոսքով՝ վերջին ընտրություններից առաջ թվում էր, որ դրանք կարող են լինել Էրդողանի վերջինը։ Նման գնահատականները պայմանավորված էին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ այդ ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, շարունակում է վերլուծաբանը, այսօր Էրդողանը կարծես ապրում է երկրորդ երիտասարդություն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա դեռ ունի բավական քաղաքական ավյուն՝ իր գործունեությունը շարունակելու համար։ Լոքմագյոզյանը համոզված է, Էրդողանը չի ցանկանում շարունակել իր պաշտոնավարումը, սակայն ունի հետնորդի խնդիր, այս հարցում նա դեռ լուրջ մտորումների մեջ է։
Թուրքագետը նշեց, որ այս պահի դրությամբ Էրդողանի հավանական հետնորդի մի քանի անուն է շրջանառվում։ Հավակնորդներից մեկն Էրդողանի որդին է, որի անունը շատ անգամ դիտարկվում է Ալիևյան կլանի կողմից իրականացրած սցենարի համատեքստում։ Սակայն վերջինիս գործունեությունը և հրապարակային վարքագիծը, ասաց փորձագետը, չարդարացրեցին այդ սպասումները։ Նա դարձավ տարբեր աղմկոտ իրադարձությունների մասնակից, ինչի հետևանքով մի ժամանակ նա տեղափոխվեց Իտալիա, ապա այնտեղ էլ նրա մոտ խնդիրներ առաջացան, ինչի հետևանքով նա վերադարձավ Թուրքիա։ Այսօր նա ձեռնպահ է մնում հրապարակային ելույթներից և քաղաքական ակտիվությունից․ ցանկացած անհաջող հայտարարություն կարող է վնասել Էրդողանի դիրքերը։ Այդ պատճառով նրա` թեկնածու դառնալը քիչ հավանական է, ասաց Լոքմագյոզյանը։
Նշվում է նաև Էրդողանի փեսա՝ Բայրաքթարի անունը, որն անգամ նախարարական պաշտոն զբաղեցրեց։ Սակայն վերջինս նույնպես կամաց-կամաց հետ քաշվեց և այժմ քիչ է ներկայանում հրապարակային դաշտում։
«Այստեղ երկու կարևոր հանգամանք կա, և ես կրկին նշեմ այն, ինչի մասին նախկինում էլ է հարց բարձրացվել․ հնարավոր է, որ Էրդողանը դիտարկում է նրան որպես հնարավոր հետնորդ, սակայն փորձում է պահել ստվերում, որպեսզի նա չներքաշվի քաղաքական հակամարտությունների մեջ և նրա անունը չաղտոտվի։ Այսօր քաղաքական դաշտում աշխատելը չափազանց բարդ է, և ցանկացած ակտիվություն կարող է եղած հեղինակությունը կասկածի տակ դնել։ Հավանաբար Էրդողանը նախընտրում է պահել նրան «պատրաստ վիճակում», որպեսզի անհրաժեշտ պահի ներկայացնի որպես իր թեկնածու։ Իրականում սա շատ հավանական սցենար է», — ասաց փորձագետը։
Սակայն, Լոքմագյոզյանի կարծիքով, գլխավոր թեկնածուն Հաքան Ֆիդանն է։
«Հաքան Ֆիդանի ֆենոմենն առանձնահատուկ է։ Նա ամբողջ կյանքում զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որոնք ենթադրում են փակ դոսյեներ․ ծառայել է բանակում, երկար տարիներ ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզությունը և այլն։ Նրա մասին մանրամասն տեղեկություններ հրապարակային դաշտում գրեթե չկան։ Նույնը վերաբերում է նաև նրա կնոջը, որը դիվանագիտական համակարգում է աշխատել․ նրանց անձնական գործերը փակ են», — ասաց նա։
Ֆիդանը, շարունակեց փորձագետը, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետ է։ Նա համարվում է Թուրքիայի ամենահմուտ և կրթված գործիչներից մեկը՝ գերազանց անգլերենի իմացությամբ, ամերիկյան փորձով, ռազմական կրթությամբ և տարբեր միջազգային ծրագրերին մասնակցությամբ։ Էրդողանի հովանու ներքո Ֆիդանը ստացել է այնպիսի պաշտոններ, որոնք թույլ են տվել նրան դառնալ երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, նշում է Լոքմագյոզյանը։ Մասնագիտական գիտելիքների առումով նա նույնիսկ Էրդողանից ավելի ուժեղ է, համոզված է փորձագետը։
«Սակայն Ֆիդանի թերություններից մեկը՝ խարիզմայի բացակայությունն է։ Էրդողանը կարողանում է ժամերով խոսել առանց թղթից տեքստ կարդալու՝ ներկայացնելով թվեր, կառուցելով այնպիսի հռետորական կապեր, որոնք ազդում են ժողովրդական զանգվածների վրա։ Ֆիդանը, հակառակը, չափազանց առարկայական է․ խոսում է կարճ, կետային, առանց հռետորական ընդգծումների։ Նա չունի հանրային ելույթների բնական ուժը և այն խարիզման, որը Թուրքիայում հաճախ վճռորոշ դեր է խաղում։ Իսկ քաղաքական համակարգում դա, իսկապես, շատ կարևոր գործոն է», — ընդգծում է Լոքմագյոզյանը։
Այդ պատճառով, թուրքագետի գնահատմամբ, Էրդողանը այսօր դեռ մտորումների մեջ է և․ եթե չկարողանա կողմնորոշվել, անգամ կարող է կրկին առաջադրվել։
«Կարծում եմ՝ չի բացառվում, որ Էրդողանը նորից առաջադրի իր թեկնածությունը, թեև դա ծայրահեղ սցենար է։ Ինչպես արդեն նշվեց, նա ևս գիտակցում է, որ իր քաղաքական ժամանակաշրջանը սահմանափակ է բոլոր առումներով։ Սակայն այս պահին հենց նա է շարունակում մնալ Թուրքիայի ամենաազդեցիկ, ամենախարիզմատիկ և հասարակության լայն շերտերի մոտ դեռևս զգալի վարկանիշ ունեցող առաջնորդը։ Մյուս հավակնորդները դեռ պետք է աճեն։
Հնարավոր է նաև, որ Էրդողանը կրկին ընտրվի և իր հաջորդ ժամկետում փորձի աստիճանաբար առաջ տանել, հասունացնել այս երեք թեկնածուներից մեկին՝ ապահովելով նրա հանրային ճանաչումը և ժողովրդականությունը։ Չի բացառվում նաև, որ նման սցենարի դեպքում Էրդողանը ընտրի որպես հետնորդ բոլորովին այլ անձի՝ ներկայացնելով իր շրջապատին անակնկալ որոշում», — եզրափակեց նա։

