Մերձավոր Արևելքում իրավիճակը Իրանի շուրջ օրեցօր ավելի անորոշ է դառնում։ Թեհրան–Վաշինգտոն հարաբերություններում դիվանագիտական բառապաշարը գնալով կոշտանում է, իսկ Պարսից ծոցում ռազմական ներկայության աճը ավելի է խորացնում պատերազմի ռիսկը։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ կողմերը փաստացի հայտնվել են «սառը պատերազմի» փուլում, որտեղ ցանկացած սխալ հաշվարկ կարող է վերածվել բաց ռազմական բախման։
Սթափության կոչ Վաշինգտոնին
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ բանակցությունների շարունակությունը կախված է Միացյալ Նահանգների «լրջության» գնահատումից։ Փորձագետի խոսքով՝ սա դիվանագիտական լեզվով սթափության կոչ է Վաշինգտոնին, որը վերջին շրջանում ավելի շատ օգտագործում է ուլտիմատիվ և ագրեսիվ հռետորաբանություն, ոչ թե դասական դիվանագիտական գործիքակազմ։
Վերջին շաբաթներին Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական ներկայությունը զգալիորեն ընդլայնվել է։ Տարածաշրջանում են գտնվում ամերիկյան ավիակիր հարվածային խմբեր, այդ թվում՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, ինչպես նաև B-52 ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս ամենը, Կարապետյանի խոսքով, ուղիղ ազդակ է, որ ռազմական ուժի կիրառումը տեսական տարբերակից կարող է ցանկացած պահի դառնալ գործնական քայլ։
Իրանական կողմը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ առաջին հարվածը չի հասցնի, բայց ցանկացած ագրեսիայի դեպքում պատասխանն անխուսափելի է լինելու։ Ընդ որում՝ Թեհրանը բաց տեքստով նշել է, որ հակահարվածի թիրախ կարող են դառնալ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաները։
Բանակցությո՞ւն, թե «գործարք հանուն գործարքի»
Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ Միացյալ Նահանգները պահանջում է Իրանից ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից, մինչդեռ Իրանը դա համարում է ոչ սակարկելի սկզբունք։ Այս պայմաններում հարց է առաջանում՝ ի՞նչի շուրջ են իրականում բանակցում կողմերը։
Փորձագետի գնահատմամբ՝ այստեղ առկա է խորքային հակասություն, որի հարթեցման գործիքներ այս պահին պարզապես չկան։ Արդյունքում ձևավորվել է մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես սառը պատերազմ․ բաց ռազմական գործողություններ չկան, սակայն առկա է սպառազինությունների մրցավազք, մշտական սպառնալիքներ և ուժի ցուցադրում։
Պատերազմի հավանականությունը՝ մոտակա օրերին
Կարապետյանը չի բացառում, որ առաջիկա օրերին հնարավոր են սահմանափակ, ցուցադրական ռազմական գործողություններ՝ առանց լայնամասշտաբ պատերազմի։ Սակայն Միացյալ Նահանգների համար երկարատև պատերազմը ձեռնտու չէ, հատկապես հաշվի առնելով, որ Իրանը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդել է իր պաշտպանական և տեխնոլոգիական կարողությունները։
Բացի այդ, իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ հարցի մեջ ներգրավված են նաև Իրանի դաշնակիցները՝ Ռուսաստանը և Չինաստանը, ինչը Վաշինգտոնի համար ավելացնում է ռազմաքաղաքական ռիսկերը։
Իրանի ուղերձները Բաքվին և տարածաշրջանային հաշվարկները
Իրանի պաշտպանության նախարարի կոշտ նախազգուշացումները Ադրբեջանին, ըստ փորձագետի, միաժամանակ ուղերձ էին և նախազգուշացում։ Թեհրանը ակնհայտորեն հասկացրել է, որ չի հանդուրժի, եթե ադրբեջանական տարածքը որևէ կերպ օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։
Նախորդ հակամարտությունների ժամանակ նման կասկածներ արդեն եղել են, և թեև հարցը հրապարակային սրման չէր հասել, այս անգամ Իրանը հստակ ազդակ է փոխանցել՝ երկրորդ անգամ կարող է և չներել։

