Իրանի շուրջ ընթացող ռազմական դիմակայությունը դեռևս ավարտված չէ։ Ներկայիս զարգացումները՝ թե՛ ռազմական գործողությունների ընթացքը, թե՛ քաղաքական իրավիճակն ու հռետորաբանությունը, վկայում են, որ հակամարտությունը շարունակվելու է, թեև հնարավոր է՝ որոշ փուլերում դրա ինտենսիվությունը նվազի։ Նման կարծիքի է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Պետրոսյանի կարծիքով՝ ռազմական գործողությունների ինտենսիվության հնարավոր նվազումը որոշակի փուլում պայմանավորված կլինի ինչպես ռեսուրսների պակասով, այնպես էլ թիրախներին հասնելու տրամաբանությամբ։ Փորձագետի խոսքով՝ հակամարտության ընթացքում Իսրայելի և Միացյալ Նահանգների համար հիմնական թիրախները էին Իրանի ռազմական ենթակառուցվածքները և առանցքային պաշտոնյաները։ Վերջին օրերին իսրայելական և ամերիկյան զինված ուժերին հաջողվել է զգալի վնաս հասցնել Իրանի հրթիռային համակարգերին, սա կարող է հիմք հանդիսանալ որոշակիորեն նվազեցնելու ռազմական ակտիվությունը։
Միևնույն ժամանակ Իրանը իր հարվածները հիմնականում ուղղում է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների և Իսրայելի տարածքի դեմ։ Փորձագետը նշում է, որ Իրանի հիմնական հարվածային հնարավորությունները հիմնված էին հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի վրա։ Սակայն առկա տեղեկությունների համաձայն՝ ԱԹՍ-ների պաշարները նույնպես աստիճանաբար նվազում են։ Այս պայմաններում, ըստ նրա, հնարավոր է, որ Իրանի կողմից որոշում կայացվի նվազեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել հարվածները տարբեր թիրախների ուղղությամբ։
Գործողությունների նպատակների փոփոխություն
Մյուս կողմից՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունների տրամաբանությունն արդեն որոշակիորեն փոխվել է։ Պետրոսյանի խոսքով՝ հետախուզության կողմից հայտնաբերված և ռազմական գործողությունների համար առաջնային նշանակություն ունեցող թիրախների մեծ մասը արդեն խոցվել է։
Վերջին շրջանում, նրա դիտարկմամբ, հարվածները հաճախ ուղղվում են ոչ միայն ռազմական, այլ նաև պատմամշակութային և քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ։ Դրանց թվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և օդանավակայանները։
Փորձագետի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները չեն կարողանում հասնել իրենց հիմնական ռազմավարական նպատակին՝ Իրանում ռեժիմի փոփոխությանը։
Այս իրավիճակում, ըստ Պետրոսյանի, նրանք փորձում են հնարավորինս մեծ վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ քաղաքացիական համակարգերին, որպեսզի անկախ նրանից, թե ապագայում ինչ իշխանություն կլինի Իրանում, երկիրը երկար ժամանակ ստիպված լինի զբաղվել ներքին լուրջ խնդիրների լուծմամբ։

