Խաղաղություն հանուն համաձայնագրերի. ինչ են պահանջում ԱՄՆ-ն Ադրբեջանից

Խաղաղություն հանուն համաձայնագրերի. ինչ են պահանջում ԱՄՆ-ն Ադրբեջանից

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը Ադրբեջանի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու ԱՄՆ-ի  նախապայմանն է։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ պահանջը ներկայացրել է՝ համոզվելու համար, որ այն աջակցությունը, որը հետագայում կտրվի Բաքվին, չի օգտագործվի Հայաստանի դեմ։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանը Վաշինգտոն է մեկնում ոչ թե Հայաստանի, այլ սեփական շահերի համար։ Միանալով «Աբրահամյան համաձայնագրերին»՝ նա ոչ միայն կստանա առանցքային արտոնություններ, այլ նաև կազատվի ճնշումից, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը պնդում է հայերի վերադարձը Արցախ», – նշել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն իրականում շտապում է և ձգտում է արագացնել հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը։ Սակայն, քաղաքագետի գնահատմամբ, այս շտապողականության պատճառները ավելի շուտ ներքաղաքական են, քան աշխարհաքաղաքական։

«Թրամփը իշխանության եկավ միջազգային հակամարտությունները՝ հատկապես Ուկրաինայի կոնֆլիկտը, կարգավորելու խոստումներով։ Սակայն Պուտինը կարողացավ նրան խաբել, և պատերազմը շարունակվում է։ Դա լուրջ հարված էր Թրամփի հեղինակությանը։ Առաջիկայում ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, և նման հեղինակային վնասի պայմաններում հանրապետականները կարող են կրել ծանր պարտություն։ Այդ իսկ պատճառով Թրամփը փորձում է այսանհաջողությունը հավասարակշռել այլ ուղղություններով հաջող խաղաղաբեր նախաձեռնություններով», – նշել է նա։

Գրիգորյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղումը ոչ միայն նախընտրական դիրքերի ամրապնդման փորձ է, այլև Թրամփի յուրօրինակ պատասխանն է Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի հարցում նրա անզիջում կեցվածքի համար։ «Ի վերջո, եթե Վաշինգտոնում ստորագրվի խաղաղության փաստաթուղթ Երևանի և Բաքվի միջև, ապա դա կստորագրվի ԱՄՆ հովանու ներքո։ Պարզ ասած՝ Դոնալդ Թրամփը դուրս է մղում Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Դա կլինի բազմաշերտ քաղաքական պատասխան Պուտինին, իհարկե՝ եթե նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի», – հայտարարել է քաղաքագետը։

Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանը միայն կշահի այդ համաձայնագրի ստորագրումից։  «Ինչ էլ որ ասվի, այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի դաշտում, որտեղ ունի մանևրի հնարավորություն։ Եթե պայմանագիրը ստորագրվի հիմա՝ այն տեսքով, ինչով որ նախապես համաձայնեցվել է, ապա դա կնշանակի, որ Բաքվի նախապայմանները՝ մասնավորապես սահմանադրական փոփոխությունների պահանջը, հանվում են օրակարգից», – եզրափակել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Վաշինգտոնում հնարավոր է խաղաղ պայմանագրի նախաստորագրում, ինչպես վստահեցնում են շատերը։ «Բայց ես կարծում եմ՝ Թրամփն այդքանով չի սահմանափակվի և կպնդի խաղաղության պայմանագրի ստորագրումը», – եզրափակել է Գրիգորյանը։

Scroll to Top