ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց խաղաղության մասին, որպես եղելիություն, սակայն նրա խոսքի շեշտադրումները, իրենց տողատակում ցույց են տալիս, որ այն ինչի մասին խոսում է, ըստ էության գոյություն չունի: Այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Միջազգային հարաբերություններում նոր փիլիսոփայություն, թե նոր զիջումներ
«Ելույթը տպավորություն էր թողնում, որ ամբիոնից խոսում է ոչ թե պետության ղեկավար, միջազգային քաղաքականության թեկուզ փոքր և համեստ հնարավորություններով սուբյեկտի ղեկավար, այլ ինչ-որ մի չինովնիկ։ Նրա ելույթը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իր անտուրաժով թերևս ավելի շուտ վկայում էր այն մասին, որ խաղաղություն իրականում չկա, որովհետև եթե իրականում հաստատված է խաղաղություն, այդ ելույթը կունենար արդեն այլ ասելիք խաղաղության պայմաններում», — նշեց Բադալյանը:
Ըստ նրա՝ խաղաղության պայմաններում այդ նույն Զանգեզուրի միջանցքի կողմերի տարատեսակ մեկնաբանություններ, ինչպես նաև այլ բնույթի հարցեր չէին լինի: «Ընդ որում բավական հետաքրքիր մի ձևակերպում կար Փաշինյանի ելույթում, որ խաղաղությունն է առաջացնում հարցեր, կոնֆլիկտը ըստ էության հարցեր չի առաջացնում: Սա, ըստ երևույթի ինչ-որ նոր փիլիսոփայություն է միջազգային հարաբերություններում, որովհետև սովորաբար խաղաղությունը հաստատվում է, երբ ստանում են պատասխաններ այն հարցերը, որոնք առաջացել են կոնֆլիկտի ընթացքում։ Խաղաղությունը հարցերի պատասխանն է և ոչ թե հարցեր առաջացնող պրոցես», — նշեց նա։ Բադալյանը համոզված է, որ նմանատիպ շեշտադրումները նոր զիջումների նախապատրաստություն էր։
Խաղաղություն ասվածը ընդամենը քարոզչական փաթեթ է
Ըստ նրա՝ Փաշինյանի խաղաղություն ասվածը ընդամենը այն քարոզչական փաթեթն է, որը որոշակիորեն անհրաժեշտ էր Թրամփին իր քաղաքական օրակարգում օգտագործելու համար։ «Մենք տեսնում ենք, որ նա (Թրամփը) ինչ-որ թվաբանություն է վարում, թե քանի խաղաղություն է հաստատել, թեպետ որևէ հաստատված խաղաղություն, եթե ուսումնասիրում ենք, ակնհայտ է դառնում, որ Թրամփը այնտեղ շատ քիչ դեր ունի։ Խաղաղություն ասվածը պետք էր նաև Նիկոլ Փաշինյանին նախընտրական տրամաբանությամբ օգտագործելու համար», — նշեց քաղաքական մեկնաբանը:
Վտանգավոր ձևակերպումներ
Փաշինյանի ելույթում, Բադալյանի գնահատմամբ, բավական վտանգավոր էր գերիների հիշատակումը անհայտ կորած անձանց ճակատագրի հետ միաձուլված։ «Եթե այս հարցերը կապվում են իրար անուղղակի կամ ուղղակի, եթե Ադրբեջանին տրվում է հնարավորություն սրանք կապել իրար, սա նշանակում է՝ Ադրբեջանը ստանում է մեր գերիների հարցում, դե ֆակտո պատանդառված մեր հայրենակիցների գրեթե անվերջ խուսանավելու հնարավորություն: Եվ հետևաբար կարծում եմ զուտ ձևակերպումների իմաստով նվազագույնը պետք չէր այդ երկու հարցերը դնել մեկ նախադասության մեջ: Դրանք տարբեր են, անշուշտ Հայաստանը պետք է անհետ կորած անձանց ճակատագրով ևս զբաղվի և դա լրջագույն խնդիր է իհարկե: Բայց գերիների հարցը չպետք է կապվի այդ հարցերի հետ: Նույնիսկ անուղղակիորեն չպետք է տրվի Ադրբեջանին այդ կապը հաստատելու հնարավորություն», — ասաց նա:
Բադալյանը հավելեց, որ այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Ադրբեջանը դրել է ինչ-որ խնդիրներ, իսկ Հայաստանը իր քաղաքականությամբ նպաստել է դրանց միջազգային լեգիտիմացմանը և հետո այդ խնդիրները արդեն այդ դրությամբ, այդ տրամաբանությամբ արտացոլվել են օրակարգում:
«Սա իմ գնահատմամբ բավական վտանգավոր էր այդ ելույթում։ Վտանգավոր այն իմաստով, որ չդառնա Ադրբեջանի համար նոր թել, որից քաշելով Բաքուն կարող է, ինչպես նշեցի, պատանդառված մեր հայրենակիցների հարցը կապել անհայտ կորածների ճակատագրի հետ, որովհետև այդտեղ մեծ անորոշությամբ հեռանկար կարող է լինել։ Առավել ևս, որ մենք գիտենք, թե Ադրբեջանը ինչպիսի շեշտադրումներ է անում անհայտ կորածների հետ կապված; Նրանք այնտեղ դնում են նույնիսկ իրավական պատասխանատվության հարց, որը արտացոլված է անգամ խաղաղություն, խաղաղության պայմանագիր կոչվածում», — ընդգծեց նա:

