Հայաստանի տնտեսությունն անցնում է փոփոխությունների մի փուլով, որտեղ մակրոտնտեսական ցուցանիշների հակասական շարժերը, ներդրումային հոսքերի անկումը և արտաքին քաղաքական անորոշությունը փոխկապակցված ազդեցություն են թողնում երկրի զարգացման վրա։ Այս մասին նշում է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
Հայաստանի տնտեսության ներկայիս միտումներն անակնկալ չեն. տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ պայմանավորված արտահանման նվազմամբ։ Նա ընդգծում է, որ Հայաստանի տնտեսական աճն առաջին եռամսյակում դեռևս պահպանում է բարձր մակարդակ՝ իներցիոն ազդեցության շնորհիվ։ Այս գործընթացը նա համեմատում է մարդու օրգանիզմի հետ՝ ընդգծելով, որ առանց արտաքին ցնցումների, փոփոխություններն ունեն դանդաղ ընթացք։
Այնուամենայնիվ, ոլորտային դինամիկան մտահոգիչ է. արդյունաբերության ոլորտում արդեն արձանագրվել է շուրջ 16% անկում, ինչը, Արամյանի դիտարկմամբ, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված ոսկու վերաարտահանման ազդեցությունը։
Անդրադառնալով ներդրումային միջավայրին՝ Վարդան Արամյանը նշում է, որ 2024 թ․ Հայաստանը գրանցել է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ արտահոսք՝ մոտ 44 միլիարդ դրամի չափով։ Նա հիշեցնում է, որ կառավարության հնգամյա ծրագրով ներդրումների թիրախ էր սահմանված ՀՆԱ-ի 6%-ը, սակայն ծրագրի իրականացման ենթադրյալ տնտեսական տեսլականը մնում է անորոշ։
Արամյանը ընդգծում է՝ ներդրողը վստահություն է փնտրում ոչ միայն տնտեսական քաղաքականության մեջ, այլև արտաքին կուրսում։ Արտաքին շուկայի անորոշությունը՝ ԵԱՏՄ-ի և եվրոպական ուղղության միջև տատանումները, ներդրողի համար ստեղծում է լրջագույն ռիսկեր։ Քաղաքական ուղերձների փոխակերպումը գործնական հստակ քայլերի չեն վերածվում, իսկ այդ ոչ հստակությունը վերածվում է կապիտալի արտահոսքի։
Խոսելով արտաքին քաղաքական ազդեցության մասին՝ Արամյանը հիշեցնում է՝ Հայաստանի ներդրումային գրավչությունն անմիջականորեն կախված է քաղաքական, հարկաբյուջետային, ֆինանսական և անվտանգային կայունությունից։ Այս հենասյուներից որևէ մեկի խարխլումը բավարար է ներդրումային միջավայրը խաթարելու համար։
Ներկայիս իրավիճակում, երբ համաշխարհային և տարածաշրջանային պայմանները մշտական լարվածության մեջ են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում բացակայում է վստահելիություն, Արամյանը պնդում է՝ ներդրողները չեն տեսնում երկարաժամկետ նախագծերի կայուն հեռանկար։ «Խաղաղության օրակարգի» հայտարարությունների կողքին տեսանելի են շարունակական սպառնալիքներ և ռազմական հռետորաբանություն՝ մարելով վստահության վերջին նշույլներն անգամ։
Արամյանը մտահոգություն է հայտնում տնտեսական ակտիվության դանդաղման վերաբերյալ՝ նշելով, որ առանց նոր դրական ազդակների, ներկայիս ցուցանիշները դժվար թե պահպանվեն։ Հիմնական տնտեսական ներուժը, նրա դիտարկմամբ, պետք է բխի երկրի սեփական կարողություններից նոր արդյունք ստեղծելու ոլորտում։ Սակայն, սկսած 2022 թվականից, արտահանելի հատվածը շարունակաբար նեղանում է՝ տեղը զիջելով ոչ արտահանելի հատվածին, որը կախված է արտաքին ֆինանսական հոսքերից։ Այդ հոսքերի կրճատման դեպքում, ինչպես նա զգուշացնում է, տնտեսության ոչ արտահանելի հատվածն էլ կորցնում է իր կենսունակությունը։

