Զինծառայության ժամկետի կրճատման մասին հայտարարված բարեփոխումը իրականում մարտահրավեր է, այլ ոչ թե պլանավորված բարեփոխում: Նման կարծիքի է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Նախընրական հնարք և Ալիևի պահանջի կատարում
Ըստ նրա, ի սկզբանե նախատեսվում էր այն կյանքի կոչել 2026 թվականի հունիսից, ըստ ամենայնի՝ գլխավոր շտաբը փորձել է առնվազն ժամանակ շահել՝ համակարգը այս բարեփոխմանը ադապտացնելու համար: Այդուհանդերձ, շարունակում է Ջամալյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գործող համակարգում ամեն ինչ կարող է ակնթարթորեն փոխվել, և օրեր առաջ հենց այդպես էլ տեղի ունեցավ:
«Ես վստահ եմ, որ գլխավոր շտաբի համար, նախարարության համար շատ անսպասելիորեն հարցը դրվեց, որ հենց հունվարի մեկից բարեփոխումը պետք է կյանքի կոչվի», — նշում է Ջամալյանը:
Փորձագետը բացատրում է, որ այս քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին ձայներ ապահովելու նպատակով, քանի որ, ըստ նրա, իշխանությունը չունի վերընտրվելու կամ նույնիսկ կեղծիքներով վերարտադրվելու շանսեր: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հանրային հենարան գործող վարչակազմը չունի։ Անվտանգային ռիսկերը այս բարեփոխման հետ կապված ակնհայտ են, սակայն իշխանությունները անտեսում են վտանգները:
«Խորհուրդ չէի տա ուշադրություն դարձնել պաշտպանության նախարարի կամ նրա տեղակալների հիմնավորումներին, դրանք կեղծ են և ուղղված են քանակի պակասը որակով փոխհատուցելու պատրանք ստեղծելուն: Իշխանությունը կորցրել է լսելի լինելու բարոյական իրավունքը», — հավելել է փորձագետը:
Ըստ նրա, որևէ ռացիոնալ հիմնավորում չկա այս պահին նման քայլի համար, բացի ընտրություններին ձայներ կորզելուց և, լայն առումով, Ալիևի ապառազմականացման պահանջը սա կյանքի է կոչելուց:
Ինչ պետք է անեն պետականամետ ուժերը
Ջամալյանը խորհուրդ է տալիս և հորդորում պետականամետ ուժերին չառարկել բարեփոխման կյանքի կոչմանը․
«Թող դեմ չլինեն մեր պետականենտրոն ուժերը։ Շատ լավ, թող մեր երեխեքը 18 ամիս ծառայեն, բայց մի վերապահումով՝ օրինագծի ընդունման արդյունքում բանակում առաջացող թվաքանակի պակասը լրացվի Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումները մարտական հերթապահության մեջ ընդգրկելով։ Ներքին զորքեր, թե ոստիկանության գվարդիա՝ կարմիր բեռետները, թող բեռետները հանեն, կասկաները դնեն և գնան մարտական հերթապահության: Նաև պարեկային ծառայությունը թող ընդգրկեն», — ասաց Ջամալյանը:
Փորձագետը պնդում է՝ սա նոր գաղափար չէ․
«2018-ին այդ պրակտիկան եղել է, երբ համաժողովրդական ալիքի այդ էյֆորիայի ֆոնին Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարեց, որ Ներքին զորքերը պետք է ընդգրկվեն մարտական հերթապահության, ի դեպ այն եզակի քայլերից էր, որ հանրությունը դրական ընկալեց, դե խնդրեմ՝ թող այդպես լինի նոր իշխանության օրոք»:

