Նույնիսկ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում Իսրայեի հետ  հարաբերությունները չեն փոփոխվի

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հերթական ակտիվացումը պայմանավորված է ոչ թե Հայաստանի նկատմամբ քաղաքականության վերանայմամբ կամ բարոյական մոտիվներով, այլ բացառապես Իսրայել-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությամբ։ Այս համոզմանն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ նման օրինաչափություն արդեն բազմիցս արձանագրվել է։

Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման թեման միշտ ունեցել է մեկ հիմնավորում՝ Թուրքիա

«Եթե նայենք Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի ակտիվացման ամբողջ պատմությանը, ապա ժամանակային առումով այն միշտ ունեցել է մեկ հիմնավորում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լարված շրջափուլերը։ Այսօր ևս նման իրավիճակ է։ Իսրայելը փորձում է գործի դնել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ պատասխանելու Թուրքիայի կողմից հնչող, վերջին շրջանում ավելի կոշտ և ավելի հաճախակի դարձած մեղադրանքներին, որոնք վերաբերում են Գազայի հատվածում Իսրայելի վարած քաղաքականությանը»,– նշում է նա։

Փորձագետը հիշեցնում է, որ այս փուլը հատկապես ակտիվացել է 2023 թվականից, երբ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում։ Թեև 2025 թվականի աշնանը ԱՄՆ միջնորդությամբ հրադադար հաստատվեց, նրա խոսքով, Իսրայելը պարբերաբար շարունակում է ռազմական գործողությունները։ «Մինչ օրս այդ գործողությունների հետևանքով, տարբեր գնահատականներով, զոհվել է շուրջ 72 հազար պաղեստինցի, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ։ Ավելին, Իսրայելի պաշտոնյաներն այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Գազայի ամբողջական օկուպացիան է»,– ասում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ զուգահեռաբար տարածաշրջանում ընթանում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ, իսկ Իսրայելը, մասնավորապես Լիբանանում իրականացվող գործողություններով, փորձում է խոչընդոտել հնարավոր պայմանավորվածություններին և պահպանել տարածաշրջանային լարվածությունը։ Այս երկու հարցերում Թուրքիան հետևողականորեն քննադատում է Իսրայելի իշխանություններին և վարչապետին, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման դարձել է այդ քննադատություններին պատասխանելու հերթական գործիքը։

Փորձագետը մեկ այլ կարևոր հանգամանք էլ է առանձնացնում։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում ակտիվացել են տեղեկությունները, որ ԱՄՆ-ը կարող է համաձայնել Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ կամ դրանց շարժիչներ։

«Սա Իսրայելի համար չափազանց զգայուն հարց է։ Տարածաշրջանում իր անվտանգությունն ու հավակնությունները պահպանելու համար Իսրայելը ձգտում է պահպանել օդային գերակայությունը։ Եթե Թուրքիան ստանա F-35-ներ, այդ հավասարակշռությունը լրջորեն կխախտվի։ Հնարավոր է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման այս փուլում օգտագործվում է նաև այդ գործարքի վրա ազդելու նպատակով»,– ասում է նա։

Այս ամբողջ գործընթացում Հայաստանը փաստացի բացակայում է

Պետրոսյանը համոզված է, որ այս ամբողջ գործընթացում Հայաստանը փաստացի բացակայում է։

«Եթե նայենք իրական պատճառներին, ապա այստեղ Հայաստան-Իսրայել հարաբերություններ չկան։ Գործընթացը ամբողջությամբ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների տրամաբանության մեջ է»,– ընդգծում է փորձագետը։Նրա խոսքով՝ որպես Հայաստանի քաղաքացի և հայ՝ ինքը չի կարող դրական վերաբերվել այն իրավիճակին, երբ Հայոց ցեղասպանության թեման օգտագործվում է նեղ քաղաքական շահերի համար։

«Երբ մեր ազգային աղետը դառնում է քաղաքական առևտրի կամ քաղաքական հաշվարկների գործիք, դա առնվազն տհաճ և անընդունելի է։ Եթե տեսնեինք, որ Իսրայելը այս քայլին գնում է բարոյական, պատմական կամ իրավական համոզմունքներից ելնելով, բնականաբար վերաբերմունքը բոլորովին այլ կլիներ։ Այդ դեպքում նույնիսկ ես որպես փորձագետ կկոչեի Հայաստանի կառավարությանը համապատասխան արձագանքել։ Բայց այսօր նման մոտիվացիա չեմ տեսնում»,– ասում է նա։

Խոսքը վերջնական ճանաչման մասին չէ

Միաժամանակ փորձագետը նշում է, որ այս անգամ գործընթացը նախորդներից տարբերվում է նրանով, որ այն բարձրացվել է պետական ամենաբարձր մակարդակով։ Սակայն, նրա գնահատմամբ, դա դեռևս չի նշանակում, որ Իսրայելը վերջնականապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Իսրայելը խորհրդարանական պետություն է։ Որպեսզի ճանաչումը լիարժեք լինի, հարցը պետք է քննարկվի Քնեսեթում և ընդունվի լիագումար նիստում։ Առայժմ դա տեղի չի ունեցել»,– ընդգծում է նա՝ հիշեցնելովի որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել այն ժամանակ, երբ Քնեսեթը պատրաստվում է արձակուրդի։

«Սա հիմք է տալիս ենթադրելու, որ այս անգամ ևս գործընթացը կարող է մինչև վերջ չհասցվել։ Ամեն ինչ կախված կլինի առաջիկա օրերի քաղաքական զարգացումներից։ Եթե քաղաքական որոշում լինի՝ ճանաչելու, հարցը կարող է արագ անցնել։ Եթե ոչ, միշտ կարելի է գտնել ընթացակարգային պատճառներ՝ ձայների պակաս, հանձնաժողով ուղարկելու որոշում կամ այլ մեխանիզմներ, որպեսզի հարցը կրկին մնա օրակարգում, բայց չհասնի վերջնական քվեարկության»,– նշում է նա։

Այս պահին  որևէ երաշխիք չկա, որ գործընթացը կհասնի ավարտին։ «Իսկ նույնիսկ եթե հասնի, դրա ակտուալացումը կրկին պայմանավորված է բացառապես Իսրայել-Թուրքիա հարաբերություններով և որևէ կապ չունի ո՛չ Հայաստան-Իսրայել հարաբերությունների, ո՛չ էլ Իսրայելում գործող հայկական համայնքի գործունեության հետ»,– նշում է նա։

Իսրայելը չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ

Պետրոսյանը նաև չի կիսում այն տեսակետը, թե Իսրայելը վերջին շրջանում փոխել է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և այժմ Երևանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Հարավային Կովկասում։ Նրա խոսքով՝ եթե այդ վարկածները համապատասխանում լինեին իրականությանը, ապա ճանաչման նախաձեռնությանը զուգահեռ կտեսնվեին քաղաքական շփումներ Երևանի և Թել Ավիվի միջև։

«Նման երկխոսություն պարզապես չկա։ Ոչ Իսրայելի արտգործնախարարը զանգահարել է հայկական կողմին, ոչ Հայաստանը որևէ նախաձեռնություն է ցուցաբերել։ Փոխարենը հայտնի է, որ մինչև նախաձեռնության հրապարակումը հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Սա հստակ ցույց է տալիս, որ Իսրայելի համար առաջնային մտահոգությունը եղել է Ադրբեջանի դիրքորոշումը, և նրանք փորձել են նախապես կարգավորել այդ հարցը»,– ասում է նա։

Այս ամենից ելնելով՝ փորձագետը չի ակնկալում, որ նույնիսկ ճանաչման դեպքում Հայաստան-Իսրայել հարաբերություններում էական փոփոխություններ կլինեն։

Իսրայելի ճանաչումը՝ կարևոր գործիք

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ Իսրայելի հնարավոր ճանաչումը, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն կունենա։

«Չեմ կարող նսեմացնել Իսրայելի ճանաչման կարևորությունը։ Ի վերջո, խոսքը այն ժողովրդի պետության մասին է, որը նույնպես ցեղասպանություն է վերապրել՝ Հոլոքոստը։ Գոնե բարոյական տեսանկյունից հենց Իսրայելն առաջիններից պետք է ճանաչեր և կիսեր հայ ժողովրդի ցավը»,– նշում է նա։

Բացի այդ, ըստ Պետրոսյանի, եթե Քնեսեթն ընդունի համապատասխան օրենքը, դա կարող է կարևոր գործիք դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։

«Իսրայելն ու հրեական կազմակերպություններն ամբողջ աշխարհում ունեն ազդեցիկ լոբբիստական ցանց։ Եթե ճանաչումն ամբողջական դառնա, ապա այդ կառույցները կկարողանան հղում կատարել Իսրայելի օրենքին և ավելի ակտիվ առաջ մղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տարբեր երկրներում։ Դա գուցե անմիջական արդյունք չտա Հայաստանի Հանրապետությանը, բայց էապես կհեշտացնի Սփյուռքի և այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք տարիներ շարունակ զբաղվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ»,– եզրափակում է փորձագետը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top