Ոստիկանության «ռեֆորմը» իրականում համակարգի դեֆորմացիա է

Ոստիկանության «ռեֆորմը» իրականում համակարգի դեֆորմացիա է

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կտրուկ քննադատել է Հայաստանում ընթացող ոստիկանության ռեֆորմը՝ հայտարարելով, որ այն իրականում համակարգի դեֆորմացիա է և չի կարողանում լուծել հանրության անվտանգության առանցքային խնդիրները:

«Ներքին գործերի նախարարը հոլովակով ներկայացնում է մեկ տարվա գործունեության արդյունքը և, բնականաբար, ցույց է տալիս գեղեցիկ փաթեթը, որի տարբեր դրվագներն իբրև ռեֆորմ են ներկայացվել տարվա ընթացքում: Գործնականում, սակայն, Հայաստանում քրեածին իրավիճակը հուշում է, որ ոստիկանության ռեֆորմը իրականում ոստիկանության համակարգի դեֆորմ է», – գրում է Բադալյանը:

Վերլուծաբանի կարծիքով՝ ոստիկանության համակարգը որպես այդպիսին այլևս չի գործում և չի կատարում իր ամենակարևոր՝ կանխարգելիչ ֆունկցիան:

«Երբ խոսում ենք կանխարգելման մասին, շատերն անմիջապես արձագանքում են, թե ոստիկանությունը չի կարող պահակ դնել ամեն հնարավոր միջադեպի վայրում: Իհարկե, Հայաստանը այնքան փոքր չէ, որ խնդիր դրվի հանցագործությունը զրոյացնել, բայց այն, ինչ կատարվում է երկրում հիմա, ակնհայտորեն վկայում է ներքին գործերի ամբողջ համակարգի կանխարգելիչ ֆունկցիայի լիակատար անաշխատունակության մասին», – ընդգծում է նա:

Բադալյանը մատնանշում է, որ վերջին տարիներին տարատեսակ «ռազբորկաները»՝ հրազենի կամ սառը զենքի գործադրմամբ, դարձել են գրեթե առօրյա երևույթ: Ապօրինի զենքի քանակը հսկայական է, քրեական ենթամշակույթը «ազատորեն ծաղկում» է նույնիսկ դպրոցների մոտ:

«Այդ ամենի հետևանքն այն հանրային զգացողությունն է, որ աներևույթ իրավակարգ գոյություն չունի, և ամեն ինչ թույլատրելի է դարձել: Քրեական տարրը կարծես «ազատ» հրաման ստացած լինի և կորցրել է ցանկացած զգոնություն», – ասում է վերլուծաբանը:

Նա նաև քննադատում է ռեֆորմի անվան տակ իրականացված «ռեբրենդինգները»՝ պարեկային ծառայության ստեղծումը և ոստիկանության գվարդիան:

«Աշխատանքային արդյունավետությունը որևէ էական փոփոխության չի ենթարկվել: Պարեկային ծառայությունը նոր է, գվարդիան նոր է, բայց չկա կասկած, որ նույն պատասխանատուները նույն մեթոդներով չեն կարող էապես տարբեր արդյունքի հասնել՝ պարզապես այլ «ապրանքանիշի» ներքո: Ցավոք, այս ժամանակահատվածում ռեֆորմ հնչեղ ձևակերպման տակ տեղի է ունենում ընդամենը ապրանքանիշային փոփոխություն», – եզրակացնում է Բադալյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ առանց համակարգային, կառուցվածքային և մտածողության խորքային փոփոխությունների, ցանկացած «ռեֆորմ» կմնա մակերեսային և չի կարողանա վերականգնել հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ կամ ապահովել իրական անվտանգություն:

Scroll to Top