ЕС опубликовал план действий по безвизу с Арменией: Есть ли повод для оптимизма?

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացում. Կա՞ն արդյոք լավատեսության հիմքեր

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP)։ Սա առաջին պաշտոնական քայլն է այն գործընթացում, որն ի վերջո կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան գոտի կարճաժամկետ ճանապարհորդությունների վիզային ռեժիմի ազատականացմանը։ Այնուամենայնիվ, փաստաթղթի ներկայացումը ինքնին դեռ չի երաշխավորում վերջնական դրական արդյունքը։

Vectors վերլուծական կենտրոնը մանրամասն ուսումնասիրել է փաստաթուղթը և կազմել վերլուծությունների շարք, որոնք ներկայացնում են այն հիմնական քայլերը, որոնց իրագործումը կհանգեցնի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ կարճաժամկետ ճանապարհորդությունների վիզաների ազատականացմանը։

Սույն հոդվածում կանդրադառնանք փաստաթղթի ընդհանուր կառուցվածքին և առկա քաղաքական խոչընդոտներին։

VLAP-ը ավանդաբար կառուցված է չորս հիմնական բլոկների շուրջ՝ փաստաթղթերի անվտանգություն (ներառյալ կենսաչափական փաստաթղթերը), սահմանների, միգրացիայի և ապաստանի ինտեգրված կառավարում, հանրային կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։

Բլոկներից յուրաքանչյուրը բաժանված է երկու փուլի՝ առաջին՝ օրենսդրական և պլանավորման փուլ, որի շրջանակում ընդունվում են օրենսդրական բարեփոխումներ, ռազմավարություններ և ինստիտուցիոնալ շրջանակներ; երկրորդ՝ արդյունավետ իրականացման փուլ, որն ընդգծում է գործնական կիրառումը, ռեսուրսների ապահովումը և մոնիթորինգը։

ԵՄ-ն կգնահատի առաջընթացը Եվրոպական հանձնաժողովի զեկույցների, փորձագիտական առաքելությունների (ներառյալ TAIEX) և ԵՄ Խորհրդի հետ խորհրդակցությունների միջոցով։ Հիմնական ցուցիչները կներառեն վիզաների մերժումների, անկանոն միգրացիայի, վերադարձերի և ապաստանի հայտերի վիճակագրությունը։

Այսպիսով, VLAP-ը հիմնված է «performance-based approach»՝ կատարողականի վրա հիմնված մոտեցման վրա. առաջընթացը կախված է Եվրոպական հանձնաժողովի կողմից զեկույցների և առաքելությունների հիման վրա գնահատված իրական արդյունքներից։ Միևնույն ժամանակ, փաստաթուղթը որոշակի տեղ է թողնում սուբյեկտիվ գնահատականների համար, ինչը տեսականորեն կարող է օգտագործվել վիզաների  ազատականացումը հետաձգելու համար՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։

Առաջին փուլը օբյեկտիվ է՝ ԵՄ-ն պարզապես ստուգում է օրենքների և ռազմավարությունների ընդունմամ փաստը: Սակայն երկրորդ փուլը մեծապես կախված է «արդյունավետության» և «կայունության» մեկնաբանությունից: Օրինակ՝ փաստաթղթերի անվտանգության բլոկում ԵՄ-ն կարող է իրականացումը համարել «անավարտ», նույնիսկ եթե Հայաստանը ֆորմալ առումով համապատասխանում է ICAO-ին: Նմանապես, միգրացիայի ոլորտում, անօրինական ներգաղթյալների «արդյունավետ վերադարձը» կարող է գնահատվել որպես անբավարար՝ հիմնվելով սուբյեկտիվ ցուցանիշների վրա, ինչպիսիք են ապաստանի դիմումների մակարդակը: ԵՄ-ն կարող է «հետաձգել» գնահատումը՝ վկայակոչելով «հետագա մոնիթորինգի անհրաժեշտությունը»:

Խնդիրն էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ-ում ներկայումս լարված ժամանակաշրջան է միգրացիոն քաղաքականության տեսանկյունից, և դա ուղղակիորեն ազդում է վիզաների ազատականացման նոր ռեժիմներ սահմանելու հեռանկարների վրա: 2024 թվականի մայիսին ընդունված Միգրացիոն պակտը արմատապես ուժեղացրել է արտաքին սահմանների վերահսկողությունը և խստացրել երրորդ երկրների համար ընթացակարգերը: Լիարժեք իրականացումը նախատեսված է 2026 թվականի կեսերին, բայց արդեն իսկ պարզ է, որ ցանկացած նոր ազատականացում քաղաքականապես զգայուն հարց է դառնում և բացասաբար է ընկալվում ԵՄ շատ անդամների կողմից:

Համաձայնագիրը ներառում է տասը օրենսդրական ակտ, որոնցից հիմնականներն են սահմանների ամրապնդումը և միգրանտների ստուգումը, վերաբաշխման համերաշխության մեխանիզմը և երկրորդային տեղաշարժերի դեմ պայքարը. ապաստանի դիմումները այժմ ընդունվում են միայն առաջին մուտքի երկրում: Հայաստանի համար սա նշանակում է, որ առանց վիզաների ճանապարհորդությունը հնարավոր է միայն միգրացիոն բարեփոխումների, այդ թվում՝ վերընդունման ապացուցված և կայուն իրականացումից հետո: Ապաստանի դիմումների ցանկացած աճ ԵՄ-ի կողմից կընկալվի որպես ռիսկ և կհանգեցնի գործընթացի դանդաղեցման, և հնարավոր է՝ նույնիսկ դադարեցման:

Գործողությունների ծրագրում մեջբերված վիճակագրությունը հաստատում է, որ ԵՄ-ում անօրինական կերպով գտնվող և կալանավորված ՀՀ քաղաքացիների թիվը վերջին տարիներին տատանվել է, բայց մնացել է բավականին կայուն՝ 2019 թվականի 2150-ից մինչև 2023 թվականի 2295: ԵՄ-ում ապաստան փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը նույնպես փոքր-ինչ աճել է. 2019 թվականի 4655-ից մինչև 2024 թվականի 5125 (2023 թվականին՝ 6110): Այս աճն արդեն իսկ ընկալվում է որպես պոտենցիալ սպառնալիք:

Նույնքան կարևոր է, որ ԵՄ-ի ներսում երկրների դիրքորոշումները տարբերվում են: Հունգարիան, Սլովակիան և Նիդեռլանդները դեմ են  վիզաների ազատականացման նոր ռեժիմների ընդունմանը և ակտիվորեն օգտագործելում են իրենց լիազորությունները նմանատիպ որոշումները կասեցնելու համար: Ֆրանսիան և Գերմանիան սպասողական դիրքորոշում են ընդունել՝ ուղղակիորեն կապելով առաջընթացը ՀՀ քաղաքացիների  ապաստանի դիմումների նվազման հետ՝ պահանջելով միգրացիոն հոսքերի ապացուցված կայունություն: Ավելին՝ փորձը ցույց է տալիս, որ անդամ պետությունների սուբյեկտիվ որոշումները կարող են գործընթացը տարիներով ձգձգել: Կոսովոն ստացել է VLAP-ը 2012 թվականին, բայց առանց վիզաների ճանապարհորդությունների ռեժիմը չի ներդրվել մինչև 2024 թվականը: Թուրքիան շարունակում է մնալ «հավերժական հերթում»:

Իհարկե, Հայաստանի դեպքում չի կարելի անտեսել ԵՄ-ի ցանկությունը թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները: Սա որոշակի դեր խաղում է ավելի խորը համագործակցության համար, այդ թվում՝ վիզաների ազատականացման համար: Սակայն այս գործոնը այնքան ինտենսիվ կամ հրատապ չէ, որքան Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքերում էր, որտեղ վիզաների ազատականացման գործընթացը  արագացավ աշխարհաքաղաքական ճգնաժամի պատճառով: Ավելին, Հայաստանը, նույնիսկ Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու տեսանկյունից, նույն կարևորությունը չունի ԵՄ-ի համար, ինչ վերոնշյալ երկրները: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն առաջնորդվում է նույն սկզբունքով, որով որ առաջնորդում էին ԵԱՏՄ-ում. «Հայերը գնալու տեղ չունեն»:

Բրյուսելի գնահատմամբ՝ Երևանն արդեն բավական բան է ստացել ԵՄ-ից. մոնիթորինգային առաքելություն, վարկեր, «ընդլայնված գործընկերության կարգավիճակ»՝ այն ամենը, ինչ կարելի է ապահովել առանց էական քաղաքական ջանքերի և խնդիրների: Վիզաների ազատականացումը, սակայն, ենթադրում է խնդիրներ. ապաստան խնդրողների նոր հոսքի ռիսկ, ինչպես նաև լուրջ  հակամարտություն ԵՄ «հակամիգրանտական» թևի հետ: Հետևաբար, ներկա փուլում վիզաների ազատականացման հարցը իրականում հավերժական խայծ է Երևանի քաղաքական հավատարմությունն ապահովելու համար, այլ ոչ թե իրական նպատակ, ծրագիր, որը որևէ մեկը ԵՄ-ում լրջորեն մտադիր է իրականացնել, առնվազն հաջորդ տասնամյակի ընթացքում։

Scroll to Top