Thijs REUTEN, MEP from Netherlands

Փախստականներ Թուրքիայում․ մարդասիրությունը փոխարինվում է քաղաքական հաշվարկով

Սիրիական հակամարտությունը, որը վաղուց տարածաշրջանային ճգնաժամից վերածվել է քրոնիկ միջազգային մարտահրավերի, հերթական անգամ բացահայտում է եվրոպական արտաքին քաղաքականության կառուցվածքային թուլությունները։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի հանդեպ հավատարմության մասին բազմամյա հայտարարություններին՝ Եվրոպական Միությունը շարունակում է հանդես գալ դիտորդի դերում, այլ ոչ թե  իրադարձությունները կառավարող ուժի։

Սիրիայում վերջին էսկալացիան և Թուրքիայի աճող ազդեցությունը կրկին հիշեցնում են․ առանց թուրքական աջակցության սիրիական ռեժիմը չէր կարողանա այդքան արագ առաջխաղացում ապահովել մի շարք շրջաններում։ Միևնույն ժամանակ Թուրքիան մնում է ԵՄ հիմնական գործընկերը միգրացիոն հոսքերի զսպման հարցում՝ դեր, որը գնալով ավելի շատ քաղաքական և բարոյական հարցեր է առաջացնում։

Եվրոպական խորհրդարանում դժգոհությունն ավելի տեսանելի է դառնում։ Նիդեռլանդների եվրապատգամավոր Թեյս Ռոյտենը հստակ նշել է, որ փոխանցելով պատասխանատվությունը նրանց, ովքեր հենց իրենցով  խնդրի մի մասն են հանդիսանում, չի կարող ապահովել կայուն լուծում։ Նրա խոսքով՝ առանց Թուրքիայի աջակցության Դամասկոսի ռեժիմը չէր կարող այդքան արագ ամրապնդել իր դիրքերը, և, հետևաբար, ԵՄ-ն պարտավոր է օգտագործել ճնշման բոլոր հնարավոր գործիքները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և քաղաքական գործընթացին վերադառնալու համար։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում Թուրքիայում գտնվող սիրիական փախստականների ճակատագիրը։ Բրյուսելի կողմից մարդասիրական ծրագրերին հատկացված միլիարդավոր եվրոները գնալով ավելի շատ դիտարկվում են որպես գործարքի մաս՝ Եվրոպան վճարում է, որպեսզի միգրացիոն հոսքերը չհասնեն իր սահմաններին։ Սակայն, ինչպես ընդգծում է Ռոյտենը, եթե եվրոպական միջոցները օգտագործվում են փախստականների վերաբնակեցման կամ փաստացի դուրսմղման համար Սիրիայի ոչ անվտանգ շրջաններ, ապա սա մարդասիրական պատասխանատվության փոխարինում է քաղաքական հարմարավետությամբ։

Այսպիսով, սիրիական դեպքը դառնում է ԵՄ արժեհամակարգի իսկության փորձություն։ Մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունների և ավտորիտար գործընկերներին պատասխանատվություն փոխանցելու գործնական մոտեցման միջև խորացող հակասություն է ձևավորվում։ Եվ որքան երկար ԵՄ-ն հետաձգի միասնական և սկզբունքային արտաքին քաղաքականության ձևավորումը, այնքան մեծ է վտանգը, որ այն կկորցնի իր նորմատիվ ուժի դերը՝  այն հիմքը, որի վրա կառուցվել է նրա միջազգային հեղինակությունը։

Scroll to Top