Հայաստանից արտահանման շուրջ ստեղծված խնդիրները երկրորդական են, Ռուսաստանի հիմնական նպատակը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ ազդեցության պահպանումը։ Նման կարծիքի է փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը։ Նրա համոզմամբ՝ այդ տնտեսական սահմանափակումները օգտագործվում են, որպես ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ, և այս քաղաքականության առանցքում է առաջին հերթին երկաթուղին։
Ռուսաստանի հիմնական նպատակը Հայաստանի երկաթուղու նկատմամբ վերահսկողությունն է
Նրա գնահատմամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» տարիներ շարունակ չի իրականացրել անհրաժեշտ ներդրումները, այլ միայն շահագործել է համակարգը։ Փորձագետը պնդում է, որ իրականացված ներդրումների ծավալները ուռճացվել են, ինչը, նրա խոսքով, կարող է դիտարկվել որպես կոնցեսիոն պայմանագրի խախտում։ Խուրշուդյանի կարծիքով՝ նման խախտումները բավարար հիմք են տալիս դրա համար։ Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ գործի քննությունը կարճվել էր, ինչը որակեց սխալ որոշում՝ նշելով, որ այժմ պետք է վերաբացել գործը և նոր քննություն սկսել։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ նախընտրում են հարցը լուծել բանակցությունների միջոցով, սակայն, նրա համոզմամբ, Ռուսաստանը դրան չի համաձայնի, քանի որ երկաթուղին դիտարկում է որպես Հայաստանի նկատմամբ ազդեցության պահպանման կարևոր գործիք։
Խուրշուդյանը պնդում է, որ նույնիսկ տնտեսական շահի տեսանկյունից Ռուսաստանը չի ձգտում զարգացնել հայկական երկաթուղին՝ այն միջազգային տարանցիկ հանգույց դարձնելու համար։ Նրա խոսքով՝ պատճառներից մեկն այն է, որ միջազգային բեռնափոխադրողներն ու ապահովագրական ընկերությունները, Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների պայմաններում, չեն ցանկանա աշխատել այդ երկրի հետ։ Այդ պատճառով, ըստ փորձագետի, Մոսկվան շահագրգռված չէ նաև, որպեսզի Հայաստանը զարգացնի սեփական տարանցիկ ներուժը և բարձրացնի իր անվտանգությունը։
Նա անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ «հնարավոր է պարզվի, որ Ռուսաստանը պետք է Հայաստանին տարեկան շուրջ 2 միլիարդ դոլարի վճարի»։ Խուրշուդյանի համոզմամբ՝ խոսքը ռուսական ռազմաբազայի մասին էր։ Նրա կարծիքով՝ անընդունելի է, որ Հայաստանը ոչ միայն տարածք է տրամադրում ռուսական ռազմաբազային, այլ նաև մասնակցում է դրա կոմունալ ծախսերի փոխհատուցմանը։
Գազը Ռուսաստանի երկրորդ ազդեցության լծակն է
Փորձագետի խոսքով՝ վերջին շրջանում Ռուսաստանը շարունակաբար օգտագործում է նաև գազային գործոնը՝ թե՛ գնի բարձրացման, թե՛ մատակարարումները դադարեցնելու հնարավորության մասին հայտարարությունների միջոցով։
Խուրշուդյանի կարծիքով՝ նման իրավիճակում Հայաստանը պետք է արագ զարգացնի այլընտրանքային ուղղությունները։ Այս պայմաններում, ըստ փորձագետի, Հայաստանը պետք է զարգացնի այլընտրանքային հնարավորությունները։
Առաջին տարբերակը նա համարում է Իրանից գործող գազատարի օգտագործումը։ Նրա խոսքով՝ լրացուցիչ պոմպակայանների տեղադրումից հետո այդ համակարգը կարող է ապահովել Հայաստանի կարիքները։
Երկրորդ տարբերակը, ըստ նրա, նոր խոշոր գազատարի կառուցումն է Իրանից՝ այն տրամաբանությամբ, որը քննարկվում էր դեռևս մինչև 2004 թվականը։
Խուրշուդյանը նշել է, որ քննարկվում է նաև Իրանի միջոցով Թուրքմենստանից գազ ստանալու սվոփ տարբերակը, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու հարցում։
Փորձագետը նշել է, որ նախկինում ուսումնասիրել է նման նախագծերի տնտեսական հնարավորությունները և հաշվարկել, որ մեծ տրամաչափի գազատարի դեպքում, որը կարող է անցնել Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և այնտեղից դեպի Սև ծով ու Եվրոպա, միայն տարանցման վճարներից հնարավոր է ստանալ հարյուրավոր միլիոնավոր, իսկ որոշ հաշվարկներով՝ ավելի քան մեկ միլիարդ դոլարի եկամուտ։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանը ոչ միայն կստանար տարանցիկ եկամուտ, այլև կլուծեր սեփական էներգետիկ անվտանգության խնդիրը։
Եթե Ռուսաստանը դադարեցնի գազամատակարարումը դա կլինի թշնամական քայլ
Խուրշուդյանի խոսքով՝ Ռուսաստանը ներկայում սահմանափակված է գործող պայմանագրային պարտավորություններով և չի կարող անմիջապես փոխել գազի մատակարարման պայմանները, սակայն հետագայում կարող է հայտարարել թե՛ գնի բարձրացման, թե՛ մատակարարումների դադարեցման մասին։
Փորձագետի գնահատմամբ՝ եթե Մոսկվան բարձրացնի գազի գինը, Հայաստանը կարող է վերանայել իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում այն տնտեսական կորուստները, որոնք Հայաստանը ներկայում կրում է՝ կապված միության շրջանակում մաքսային արտոնությունների և վճարումների բացասական սալդոյի հետ, կարող են փոխհատուցել գազի թանկացման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը։
Միևնույն ժամանակ Խուրշուդյանը գազամատակարարման ամբողջական դադարեցումը համարում է արդեն ոչ թե տնտեսական, այլ թշնամական քայլ։ Նրա խոսքով՝ նման իրավիճակում Հայաստանը պետք է ոչ թե սահմանափակվի մեկ պատասխանով, այլ վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջ համակարգը՝ սկսած միջազգային կառույցներից մասնակցությունից մինչև երկկողմ պայմանագրերը։
«Եթե փակում է գազը, դա արդեն թշնամական ակցիա է։ Մենք շատ ավելի շատ բան ունենք իրենցից վերցնելու, քան իրենք կարող են մեր դեմ անել»,– նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ այդ դեպքում Հայաստանի օրակարգում կարող են հայտնվել ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ ռազմական պայմանագրերի վերանայման, Հայաստանում ռուսական սահմանապահների ներկայության դադարեցման և այլ հարցեր։
Խուրշուդյանը նշել է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը պետք է ներառի տնտեսական ոլորտը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անդրադառնալ Հայաստանի հանքային ռեսուրսների նկատմամբ ռուսական ընկերությունների վերահսկողությանը, քանի որ, ըստ նրա, երկրի բազմաթիվ հանքային ակտիվներ պատկանում են ռուսական կապիտալին, այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող օլիգարխների հետ կապված կառույցների։
Նա անդրադարձել է նաև «գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրին՝ պնդելով, որ փոխանցված ակտիվները Ռուսաստանին չեն տրվել որպես նվեր, այլ տրվել են ներդրումների դիմաց, որոնք, ըստ նրա, չեն իրականացվել։ Խուրշուդյանի խոսքով՝ դրա հետևանքով մի շարք ձեռնարկություններ և գիտական կենտրոններ կորցրել են իրենց ներուժը։ Նա մասնավորապես նշել է «Մարս» գործարանը, Մերգելյանի անվան ինստիտուտը և այլ կառույցներ՝ պնդելով, որ այնտեղ, որտեղ անհրաժեշտ էին ներդրումներ և զարգացում, դրանք չեն իրականացվել։
Նրա խոսքով՝ որոշ ձեռնարկություններ պարզապես շահագործվել են այնքան ժամանակ, քանի դեռ կարող էին եկամուտ ապահովել, իսկ այն ուղղությունները, որտեղ հնարավոր էր զարգացնել ռազմարդյունաբերական ներուժը, փաստացի դադարել են գործել։ Խուրշուդյանի գնահատմամբ՝ այս ամենը Հայաստանին հնարավորություն է տալիս հաշվարկել Ռուսաստանի գործողությունների հետևանքով հնարավոր վնասները և վերանայել հարաբերությունների ամբողջ փաթեթը։ «Պետք է ուղղակի գույքագրել բոլոր պլյուսներն ու մինուսները, ինչ ունենք Ռուսաստանի հետ, և բալանսը բերել մեկ ամբողջության»,– ասել է նա։

