Հայաստանը տնտեսապես գրավիչ չէ Եվրոպայի համար 

Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը երկրի համար լուրջ տնտեսական հետևանքներ կունենա, ուստի իրականում չեն ձգտում խզել հարաբերությունները միության հետ։ Նման կարծիքի է ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանը երկար ժամանակ փորձել է միաժամանակ զարգացնել հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ Եվրամիության հետ՝ եվրոպական ուղղությունն օգտագործելով նաև ներքաղաքական նպատակներով։ Նրա համոզմամբ՝ հակառուսական հռետորաբանությունն ու եվրոպական ինտեգրման գաղափարը իշխանության քաղաքական վերարտադրության կարևոր ռեսուրսներից են եղել։

Անանյանի պնդմամբ՝ տարածված պատկերացումները, թե Եվրոպան հետաքրքրված է հայկական արտադրանքի լայն ներմուծմամբ, իրականությանը չեն համապատասխանում։ «Եթե մենք Եվրամիությանը դիտարկում ենք որպես շուրջ 450 միլիոն բարձր գնողունակություն ունեցող սպառողական շուկա, ապա նրանք մեզ չեն դիտարկում որպես այդ շուկան սպասարկող արտադրող երկիր։ Նրանք չեն ակնկալում, որ Հայաստանում կարտադրվեն այնպիսի գյուղատնտեսական կամ արդյունաբերական ապրանքներ, որոնք լայնորեն կսպառվեն Եվրոպայում», — նշել է Անանյանը։

Նրա կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացում Բրյուսելը նոր անդամներին կամ գործընկերներին նախևառաջ դիտարկում է որպես եվրոպական արտադրանքի լրացուցիչ շուկաներ։ Միաժամանակ սահմանվում են բարձր տեխնիկական և որակական ստանդարտներ, որոնց համապատասխանեցնել ազգային արտադրությունը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է։

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ Անանյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը չի նշանակում, թե իշխանությունը ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նրա համոզմամբ՝ վարչապետը գտնվում է արտաքին քաղաքական տարբեր կենտրոնների ազդեցության ներքո և փորձում է կատարել իրեն թելադրվող քաղաքական դերակատարումը՝ միաժամանակ խուսափելով վերջնական ընտրությունից։

Սակայն, շարունակում է Անանյանը, եթե նախկինում Փաշինյանը կարողանում էր տարբեր ուղերձներ հղել թե՛ Մոսկվային, թե՛ Բրյուսելին՝ պահպանելով որոշակի մանևրելու հնարավորություն, ապա այժմ այդ հնարավորությունը գրեթե սպառվել է։

«Այսօր և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը նրան կանգնեցրել են ընտրության առաջ։ Նա այլևս նախկին ազատությունը չունի, և այժմ փորձում է հասկանալ, թե որ ընտրությունն է իր համար ավելի քիչ ցավոտ», — ասել է նա։

Անանյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում հնչող հակառուսական հայտարարությունները պետք չէ ընկալել որպես Հայաստանի իշխանության իրական ռազմավարական դիրքորոշում։ Նրա կարծիքով՝ դրանք ավելի շուտ քաղաքական խաղի և ժամանակ շահելու փորձ են, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես խզելու մտադրություն։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top