Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել Վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման և զարգացման համար: Այս մասին հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Հուքերի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից:
Սա նշանակում է, որ կողմերը փաստացի անցնում են պայմանավորված քայլերի գործնականացմանը։ Վերջերս վարչապետը հրապարակայնորեն նշել էր որոշ մտահոգություններ՝ ընդգծելով, որ ամերիկյան վարչակազմի գերծանրաբեռնված գրաֆիկը կարող է գործընթացները դուրս բերել նախանշված ժամկետներից, սակայն այժմ պարզ է, որ աշխատանքները մեկնարկել են։ Իրավիճակի մասին իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։
Ըստ քաղաքագետի՝ չնայած ամերիկյան վարչակազմի գերզբեռնվածությանը, այս գործընթացը «միանգամայն տեղավորվում է Միացյալ Նահանգների ստրատեգիական շահերի մեջ»։ Նա հիշեցրեց, որ նոր ղեկավարության՝ նախագահ Թրամփի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Վաշինգտոնը արագացրել է տարածաշրջանի հետ աշխատանքը։
«Խաղաղության մասին եռակողմ հայտարարությունն ու գործնական TRIPP-ծրագիրը դրա ապացույցն են»,– ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը այժմ մշակման փուլում է և առաջիկայում «գետնի վրա» կսկսեն իրական աշխատանքները։
Քաղաքագետի խոսքով՝ եթե նույնիսկ կան որոշ կասկածներ ժամկետների հետ կապված, ակնհայտ է, որ ամերիկյան կողմը շահագրգռված է նախագիծը կյանքի կոչելու հարցում։ Նրա գնահատմամբ, նախաձեռնողականությունը գալիս է ոչ միայն Հայաստանից, այլև հենց Միացյալ Նահանգներից, ինչը «լավագույն պատեհ առիթն է նրանց համար՝ կոնֆլիկտից հետո տարածաշրջան մուտք գործելու խաղաղության օրակարգով»։
Օրդուխանյանը հավելեց, որ վերջին շրջանում Ադրբեջանի արձագանքներում նկատվող անհանգստությունը ևս վկայում է ԱՄՆ արագացված քայլերի մասին։ Նրա խոսքով՝ գործընթացն առաջ գնալու հետ մեկտեղ այդ անհանգստությունները կարող են աճել, բայց «այդ ամենը տեղավորվում է խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»։
Միացյալ Նահանգների ակտիվությունը տարածաշրջանում, ըստ քաղաքագետի, պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններով։
«Միացյալ Նահանգները հարմարավետ կարողանում է դիրքավորվել այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության ազդեցության լծակները թուլացել են, և այդ ամենը պայմանավորված է կոնֆլիկտի հաղթահարմամբ՝ գոնե փաստաթղթային մակարդակում, և գործնականում էլ մենք տեսնում ենք, որ լարվածության աճ կամ դրա հեռանկար չկա: Եվ ժամանակն աշխատում է հենց այս տրամաբանությամբ», — ընդգծում է նա։
Օրդուխանյանի համոզմամբ, խաղաղության օրակարգը նպաստեց տարածաշրջանի դիվերսիֆիկացմանը: Նախկինում, կար կոնֆլիկտային իրավիճակ և փակ տարածաշրջան՝ մեկ դերակատարի գերակայությամբ տնտեսական, էներգետիկ, քաղաքական տեսանկյունից: Կոնֆլիկտի որոշակի հաղթահարումը բացել է հնարավորությունների դաշտը, և սա է նաև նպաստել է, որպեսզի Միացյալ Նահանգները մուտք գործի դաշտ:
Օրդուխանյանը նշում է, որ Միացյալ Նահանգներն այսօր օգտագործում է ստեղծված պատեհ հնարավորությունը. տնտեսական շահերը «չափազանց մեծ են», և ժամանակակից աշխարհում տնտեսությունն ինքնին դարձել է աշխարհաքաղաքականության բաղադրիչ։
Նրա գնահատմամբ, ԱՄՆ-ը, հենվելով պետությունների սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի վրա, «շատ արագ ու ինտենսիվ կերպով» մտնում է տարածաշրջան՝ իր տնտեսական ծրագրերով և նախաձեռնություններով։

