Օրերս Հայաստան էր այցելել Ղազախստանի արտաքին գործերի նախարարը։ Մինչ այդ նա եղել էր նաև Ադրբեջանում։ Այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Ղազախստանը հետաքրքրված է TRIPP նախագծով, ինչպես նաև Հարավկովկասյան երկաթուղով։ Նրա խոսքով՝ այս ուղղություններով արդեն քննարկումներ են տեղի ունեցել, սակայն վարչապետն ընդգծեց, որ որևէ քայլ չի արվի Ռուսաստանի թիկունքում։
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս այցերի շրջանակում, ինչ նպատակ ուներ Ղազախստանի արտգործնախարարի այցը Ադրբեջան, և որքանո՞վ է Բաքուն հետաքրքրված երկաթուղային նախագծերով։ Այս և այլ հարցերի շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Բաքվի «գլխացավը»՝ TRIPP-ի ճակատագիրն է
Հակոբյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը TRIPP նախագծի հարցում ունի ոչ այնքան տեխնիկական, որքան աշխարհաքաղաքական մտահոգություններ։ Նրա խոսքով՝ Բաքվի «գլխացավը» կապված չէ հայաստանյան երկաթուղու կառավարման ռուսական կողմի մասնակցության հետ։ Ադրբեջանը շահագրգռված է TRIPP իրագործմամբ, սակայն հասկանում է, որ նախագիծը այս պահին հարցականի տակ է։
Հակոբյանը շեշտում է, որ նախագծի ճակատագիրը մեծապես կախված է տարածաշրջանային զարգացումներից, հատկապես՝ ԱՄՆ–Իրան հարաբերությունների լարվածությունից և հնարավոր պատերազմի արդյունքներից։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը մտահոգված է TRIPP-ի ճակատագրով, քանի որ այն ուղիղ կապված է ամերիկա-իրանական հակամարտության հնարավոր սցենարների հետ՝ ինչպիսին կլինի ելքը Իրանի համար», — նշում է նա՝ հավելելով, Իրանի համար բարեհաջող ելքի պարագայում իրանական կորմը հավանականությամբ կխոչընդոտի նախագծի կյանքի կոչումը։
Նրա խոսքով՝ նույնիսկ Իրանի պարտության պարագայում այս նախագծի իրականացումը միևնույնն է հայտնվելու է հարցականի տակ, քանի որ մեծ հավանականությամբ կորցնելու է իր արդիականությունը նաև ԱՄՆ-ի համար։
Նա նշեց, որ այս համատեքստում կարևոր է նաև հասկանալ, որ TRIPP-ը ի սկզբանե եղել է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ։ «TRIPP-ը ավելի շատ աշխարհաքաղաքական գործիք էր ԱՄՆ-ի համար, ինչը կարող է ազդել Վաշինգտոնի մասկակցության հետագա հետաքրքրվածության վրա», — նշեց Հակոբյանը։։
Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի համար այն շարունակում է մնալ լիարժեք կարևորություն ունեցող ուղղություն, հավելում է նա։
«Փափուկ տարբերակ»․ ինչո՞ւ հենց Ղազախստանը
Անդրադառնալով Ղազախստանի գործոնին՝ Հակոբյանը չի բացառում, որ Երևանի ընտրությունը պայմանավորված է եղել ոչ միայն ներքին հաշվարկներով, այլ նաև արտաքին ազդակներով։ Նրա գնահատմամբ՝ Ղազախստանի ուղղությունը կարող էր «հուշված» լինել դրսից՝ հաշվի առնելով այդ երկրի կարևոր դերը թյուրքական ինտեգրացիոն նախագծերում։
Հակոբյանի խոսքով՝ Ղազախստանը առանցքային դերակատար է թյուրքական երկրների համագործակցության շրջանակում և Թուրքիայի հետ միասին փորձում է զբաղեցնել առաջնորդող դիրքեր՝ օգտագործելով իր ռեսուրսներն ու հնարավորությունները։ «Կարծում եմ՝ Փաշինյանին հուշել են ընտրել այս տարբերակը՝ որպես ավելի մեղմ, “փափուկ” լուծում»,— նշում է նա։
Նույնիսկ «մեղմ» տարբերակը ընդունելի չի ՌԴ-ի համար
Միաժամանակ Հակոբյանը համոզված է, որ նույնիսկ նման «մեղմ» տարբերակը չի կարող ընդունելի լինել Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հարավային Կովկասը դիտարկում է որպես ռազմավարական նշանակության տարածաշրջան և կոշտ դիրքորոշում ունի ինչպես TRIPP նախագծի, այնպես էլ Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի նկատմամբ։
Նա հիշեցնում է, որ ռուսական կողմի վերաբերմունքը բազմիցս հստակ արտահայտվել է նաև պաշտոնական մակարդակով, և այս հարցում նորություն չկա․ Ռուսաստանը մերժելու էր և մերժում է և՛ այդ նախագիծը, և՛ հայաստանյան երկաթուղու կառավարումը այլ կողմին փոխանցելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, Հակոբյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ու Թուրքիան այս գործընթացում պահպանում են հարաբերականորեն չեզոք հրապարակային դիրք։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունները հիմնականում հնչում են հայկական կողմից, մինչդեռ Անկարան և Բաքուն աջակցում են ավելի «ստվերային» ձևաչափով։
«Սա բնական դիվանագիտություն է․ եթե կա մի երկիր, որը պատրաստ է իր վրա վերցնել հիմնական հարվածը և մտնել գերտերության հետ հակամարտության մեջ, ինչո՞ւ դու ինքդ պետք է առաջին գծում հայտնվես»,- եզրափակեց նա։

