Թուրքիայի քաղաքական ղոկավարությունը անընհատ կրկնում է վկայեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին թեզը, սակայն գործնականում շարունակում է իրականացնել տրամագծորեն հակառակի մասին վկայող երկարաժամկետ ծրագրեր։ Այս մասին նշել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Անկարան գործնականում շարունակում է շրջանցել Հայաստանը։ Սարգսյանը նշեց, որ TRIPP նախագիծը, որը Հայաստանի համար պետք է դառնար ապաշրջափակման մեծ հնարավորություն, սակայն Թուրքիան անմիջապես սկսեց իրագործել Կարս-Նախիջևան նոր ճանապարհի կառուցման նախաձեռնությունը։ Նրա կարծիքով՝ եթե Թուրքիայի նպատակը տարածաշրջանային կապերի զարգացումն ու Հայաստանի ներգրավումն էր, ապա հնարավոր էր օգտագործել Հայաստանի տարածքով անցնող երթուղիները, մասնավորապես՝ Գյումրիի ուղղությունը։ Փոխարենը, ըստ նրա, Թուրքիան ընտրել է այլընտրանքային ճանապարհ, ինչը վկայում է, որ Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային ծրագրերից դուրս։ «Սա ցույց է տալիս, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը և ռազմավարական ծրագրերը չի կապում Հայաստանի հետ», – նշում է քաղաքագետը։
Սարգսյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ հիմնական խնդիրը շատ ավելի խորն է, քան առանձին քաղաքական կամ դիվանագիտական տարաձայնությունները։ Նրա համոզմամբ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում դեռևս չկա հստակ պատկերացում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքական երևույթ և ինչ դեր պետք է ունենա տարածաշրջանում։
Նա պնդում է, որ Թուրքիան և Ադրբեջանը փաստացի չեն ընդունում Հայաստանը որպես լիարժեք ինքնուրույն հարևան պետություն։ Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է, որ հայերը պետականություն կարող են ունենալ միայն Բաքվի առաջադրած պայմաններն ընդունելու դեպքում։ «Տարիներ շարունակ փորձ է արվել առաջ շարժվել՝ ընդունելով կամ հաշվի առնելով թուրքական և ադրբեջանական պահանջները, սակայն դա չի հանգեցրել նրան, որ Հայաստանը լիարժեք իրենց կողմից ճանաչվի որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ», – նշում է Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ հենց այստեղ է հայ քաղաքական մտքի առջև կանգնած գլխավոր մարտահրավերը։ Քաղաքագետը կարծում է, որ մինչև այժմ չի գտնվել այն քաղաքական բանաձևը, որը թույլ կտա լուծել Հայաստանի պետականության միջազգային ընկալման և ընդունման խնդիրը։ Անդրադառնալով պատմական համատեքստին՝ Սարգսյանը հիշեցնում է, որ Հայաստանի պետականության հարցը եղել է նաև մեկ դար առաջ տարածաշրջանային ուժերի միջև բանակցությունների և հակասությունների կենտրոնում։ Նրա խոսքով՝ խորհրդային Հայաստանի ձևավորումը հնարավոր դարձավ ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքում, սակայն Ռուսաստանի ազդեծությունիից դուրս Հայաստանի կարգավիճակի և դերի շուրջ մինչ օրս ամբողջական համաձայնություն գոյություն չունի։
Քաղաքագետը նաև անդրադառնում է Ռուսաստանի դերակատարությանը։ Նրա կարծիքով՝ Մոսկվան դեռևս վերջնականապես չի հստակեցրել, թե ինչ տեղ և նշանակություն պետք է ունենա Հայաստանը տարածաշրջանային իր ռազմավարության մեջ։
Սարգսյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը, թուլանալով և բախվելով նոր մարտահրավերների, առաջին հերթին փորձում է կանխել Արևմուտքի ազդեցության ուժեղացումը Հայաստանում։ Այդ նպատակով, ըստ նրա, Մոսկվան պատրաստ է մեծացնել Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում՝ այն դիտարկելով որպես Արևմուտքի ազդեցությունը զսպող գործոն։ «Ղարաբաղյան գործընթացներում ևս երևացին նման մոտեցումների տարրեր։ Ռուսաստանը կարող է ժամանակավորապես ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը, մինչև հստակեցնի սեփական ռազմավարական նպատակները տարածաշրջանում», – կարծում է Սարգսյանը։
Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի շուրջ այսօր շարունակում են գոյություն ունենալ բազմաթիվ չլուծված ռազմաքաղաքական հարցեր, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է ոչ միայն երկկողմ բանակցություններից, այլև տարածաշրջանային ուժերի միջև ձևավորվող նոր հավասարակշռությունից։

