2023 թվականին Հայաստանում արձանագրվեց զբոսաշրջային հոսքի ռեկորդային աճ՝ երկիրը այցելեցին 2,33 միլիոն օտարերկրյա հանգստացողներ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները 39%-ով: Այդ արագ աճը վկայություն դարձավ ոլորտի արդյունավետ վերականգնման համավարակից հետո և հաստատեց երկրի զբոսաշրջային ներուժը: Զբոսաշրջության ուղղակի ներդրումը տնտեսության մեջ կազմեց ՀՆԱ-ի մոտ 12%, իսկ անուղղակի ազդեցությունները հաշվի առնելով՝ ազդեցությունն ավելի մասշտաբային է:
Սակայն արդեն 2024 թվականը կատարեց առաջին լուրջ շտկումը՝ զբոսաշրջիկների թիվը նվազեց 5,1%-ով՝ կազմելով 2,21 միլիոն մարդ: Հիմնական պատճառը եղել է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազումը։ Ռուսաստան հանդիսանում է այցելուների ամենամեծ աղբյուրը՝ մոտ 43%: Այնուամենայնիվ, այլ երկրներից, ինչպես Վրաստանից (13-15%) և Իրանից (մոտ 8%), հոսքերը շարունակեցին մնալ նշանակալի և նույնիսկ աճեցին:
2025 թվականի սկիզբը ցույց տվեց դրական դինամիկա։ Հունվար-մայիս ամիսների տվյալներով՝ Հայաստանին այցելած զբոսաշրջիկների թիվը կայունացել է և ցուցադրում է աճի միտում, ինչը լավատեսությոըն է ներշնչում ոլորտի հետագա զարգացման համար։
Չնայած ընդհանուր զբոսաշրջային հոսքի աճին, Հայաստանի համար ամենակարևոր մարտահրավերը մնում է զբոսաշրջային հոսքերի բաշխվածության անհամաչափությունը։ Զբոսաշրջիկների հիմնական զանգվածը՝ 60-65%-ը, դեռևս կենտրոնացած է Երևանում, ինչը ստեղծում է ակնհայտ դիսբալանս։ Մայրաքաղաքն ստանում է եկամուտների, ներդրումների ու ուշադրության ահռելի մեծ տոկոսը, մինչդեռ շրջանները մնում են ստվերում։
Այդուհանդերձ առանձին մարզերը հուսադրող արդյունքներ են ցուցադրում։ Սյունիքում զբոսաշրջությունը աճում է եզակի բնական ու մշակութային տեսարժան վայրերի շնորհիվ՝ Տաթևի վանքից մինչև Խնդզորեսկի քարանձավներ։ Վայոց Ձորում զարգանում է գինու զբոսաշրջությունը՝ «Արենի» բրենդն ավելի ու ավելի շատ ճանապարհորդներ է գրավում։ Հյուսիսային շրջաններում՝ Տավուշում և Լոռիում, ուշադրությունը կենտրոնացված է էկոտուրիզմի և ակտիվ հանգստի վրա։ Սևանը, չնայած սեզոնայնությանը, նույնպես մնում է կարևոր ուղղվածություն։
Զբոսաշրջությունը զբաղվածության կարևոր շարժիչ ուժ է, հատկապես փոքր քաղաքներում և գյուղերում: Համաշխարհային բանկի տվյալներով՝ յուրաքանչյուր հազար զբոսաշրջիկ նման բնակավայրերում ստեղծում է մինչև վեց աշխատատեղ: Տեղական փոքր և միջին բիզնեսն արդեն զգացել է այս ազդեցությունը. 2023-2025 թվականներին զբոսաշրջությունից ստացված եկամուտները գերազանցում են 2.5 միլիարդ դրամը (մոտ 6 միլիոն դոլար): Հյուրանոցները, սրճարանները, ֆերմաները և էքսկուրսիոն ծառայությունները դառնում են տարածաշրջանային կյանքի անբաժանելի մասը՝ աջակցելով տնտեսությանը և ստեղծելով նոր հնարավորություններ:
Զբոսաշրջության զարգացումը խոչընդոտող հիմնական խնդիրների շարքում են ենթակառուցվածքները (ճանապարհների որակ, կայուն ինտերնետ), որակյալ անձնակազմի սուր պակասը և սեզոնայնությունը, որը սահմանափակում է եկամուտները:
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է Վերակառուցման և զարգացման բանկը, աջակցությունը ուղղված են այս խնդիրների լուծմանը: Ծրագրերի շրջանակներում իրականացվում են թվայնացման, նոր երթուղիների ստեղծման և տարածքների բարելավման նախագծեր: Ընդհանուր առմամբ, ծրագրի համաձայնհամաձայն, մինչև 2030 թվականը նախատեսվում է միջազգային տուրիստական այցելությունների թիվը տարեկան 10%-ով ավելացնել՝ բարձրացնելով Հայաստանի գրավչությունը, ինչի արդյունքում մինչև 2030 թվականը միջազգային այցելությունների թիվը կհասնի մոտ 3 միլիոնի, իսկ տարեկան ստացվող եկամուտը կավելանա մինչև 3 միլիարդ ԱՄՆ դոլար:
Նշված ցուցանիշներին հասնելը ենթադրում է զգալի աճ, իսկ դա նշանակում է լրացուցիչ 30 հազար հյուրանոցային համար ստեղծելու անհրաժեշտություն։ Սակայն, զբոսաշրջությունը, որպես ոլորտ, իր բնույթով պահանջում է նույն ենթակառուցվածքը, ինչ բնակավայրերը՝ բնակարաններ, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, տրանսպորտ, ճանապարհներ:
Ընդհանուր առմամբ, վիճակագրության համաձայն, հյուրանոցում մեկ զբոսաշրջիկի համար ջրի միջին սպառումը կազմում է օրական 394-ից մինչև 677 լիտր՝ կախված տարածաշրջանից։ Այսպես, Եվրոպայում՝ մոտ 394 լ/գիշեր, իսկ Հարավարևելյան Ասիայի երկրներում՝ մինչև 677 լիտր, ինչը մի քանի անգամ ավելի է, քան տեղական բնակիչների սպառումը։ Հայաստանում մեկ անձի համար ջրի սպառումը օրական միջինում կազմում է 70-ից մինչև 175 լիտր։ Մեկ զբոսաշրջիկի համար էլեկտրաէներգիայի սպառումը միջինում կազմում է 60-75 կՎտ.ժ, մեկ տեղական բնակչի համար՝ 15-20 կՎտ.ժ։ Այս բոլոր տվյալները ցույց են տալիս մեկ բան՝ սահմանված ցուցանիշներին հասնելու համար միայն հյուրանոցների և հյուրատների կառուցումը բավարար չէ, անհրաժեշտ է համակարգված մոտեցում, հզորությունների ավելացում։
Ինչևէ, Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ցուցաբերում է կայունություն և աճի ներուժ։ Հետագա կայուն զարգացման համար անհրաժեշտ է. նվազեցնել կախվածությունը մեկ շուկայից՝ Ռուսաստանից, լուծել ենթակառուցվածքային և անձնակազմի խնդիրները, ավելի ակտիվորեն զարգացնել տարածաշրջանները և նվազեցնել անհամաչափությունը Երևանի հետ։ Եթե այս պայմանները բավարարվեն, զբոսաշրջությունը կմնա Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական գործոններից մեկը առաջիկա տասնամյակում։

