Ժողովրդավարությունը ՔՊ-ի պրիզմայով․ L’État, c’est moi

Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», ամբողջությամբ սեփականաշնորհել է Ազգային ժողովի ինստիտուտը՝ վերածելով այն նեղ կուսակցական նպատակների իրականացման և առաջմղման գործիքի։ Այս համատեքստում իշխող կուսակցության վերջին նախաձեռնությունն այլևս զարմանալի չէ․ այն պարզապես տեղավորվում է իշխանությունների կողմից ժողովրդավարական տարրակոն նորմերից հեռանալու ընդհանուր տրամաբանության մեջ։

⚠️Քաղաքականություն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։

«Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին», — ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագծի հիմնական զեկուցող, իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հիմնավորման մեջ հիշատակվում է, որ 2025 թվականի հունիսին իրավապահները բացահայտել են ահաբեկչության փորձ՝ միտված երկրում սահմանադրական կարգի տապալմանը և ՀՀ օրինական իշխանությունների բռնի հեռացմանը։ «Ահաբեկչական խմբավորման անդամները և ղեկավարները ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և նրանց ղեկավարների հետ սերտորեն կապված անձինք են, ովքեր վերջին շրջանում Հայաստանում կազմակերպել են բողոքի ցույցեր, հանդես եկել իշխանափոխության կոչերով՝ երբեմն հնչեցնելով բացահայտ բռնության և ատելության կոչեր ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների», — նշված է հայտարարության նախագծի հիմնավորման մեջ:

🚩🚩🚩Իրականում խորհրդարանական մեծամասնության այս նախաձեռնությունը խախտում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը։ Եթե Ազգային ժողովը ընդունում է մի նախագիծ, որի հիմնավորման մեջ «ահաբեկիչ» և «ահաբեկչական խմբավորում» եզրույթները օգտագործվում են առանց դատարանի կողմից մեղքի ապացուցման, ապա անմեղության կանխավարկածի խախտումը տարածվում է արդեն ոչ միայն ՔՊ-ի, այլ Ազգային ժողովի վրա՝ որպես ինստիտուտի։

🚩🚩🚩Բացի այդ, Ազգային ժողովի կողմից նման բովանդակությամբ հայտարարության նախագծի ընդունումը առաջացնում է լուրջ մտահոգություններ՝ իրավունքի գերակայության և իշխանության բաժանման սկզբունքի տեսանկյունից։ Թեպետ նման հայտարարությունները օրենքի ուժ չունեն, դրանց քաղաքական ազդեցությունն ու ընկալումը հասարակության և պետական այլ ինստիտուտների կողմից չպետք է թերագնահատել։ Դրանք կարող են դիտվել որպես ուղերձ դատական համակարգին՝ ձևավորելով ակնկալիք կոնկրետ գործերի վերաբերյալ, մինչդեռ այդ գնահատականները պետք է տան բացառապես անկախ դատարանները՝ հիմնվելով ապացույցների վրա և օրինական ընթացակարգերով։

🚩🚩🚩Այս համատեքստում իշխանության նախաձեռնությունը կարող է ընկալվել որպես Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի, չվերապահված միջամտություն դատական իշխանության լիազորություններին։ Այն միտված է իրավական, բայց նաև հանրային դաշտում նախապես կերպավորել մեղավորի կերպար՝ դրանով իսկ ազդելով արդարադատության ընթացքի վրա։ Սա ոչ միայն խաթարում է պետական համակարգերի ինքնավարությունը, այլև վտանգում է հանրային վստահությունը դատարանների անկախության նկատմամբ։
🚩🚩🚩 Հայտարարության մեջ ընդդիմության գործունեությունը կապելով ահաբեկչական սպառնալիքների հետ՝ առանց կոնկրետ ապացույցների, կարող է հանգեցնել ընդդիմության վարկաբեկմանը և հասարակության մեջ բևեռացման խորացմանը։ Չնայած հայտարարության մեջ ժողովրդավարության պաշտպանության մասին խոսվում է, բողոքի ակցիաների և իշխանության քննադատության՝ որպես «սպառնալիք» ներկայացնելը կարող է խաթարել ժողովրդավարական բազմակարծությունը։

🚩🚩🚩Հայտարարության նախագիծը ծնվում է բողոքի ակցիաների և ներքաղաքական լարված մթնոլորտի ֆոնին։ «Բացահայտ կոչեր բռնության և ատելության» մասին ձևակերպումները, առանց կոնկրետ ապացույցների, կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել խոսքի և հավաքների ազատության սահմանափակման համար։ Ֆորմալ առումով, հայտարարությունն ուղղված է ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը և բռնի իշխանափոխության անթույլատրելիությանը, սակայն, ըստ էության, այն կարող է ընկալվել որպես քաղաքական ուղերձ ընդդիմությանը և հասարակությանը՝ «իշխանափոխության ցանկացած կոչ մենք գնահատում ենք որպես սպառնալիք պետությանը»։

🆘Իշխող ուժը, օգտվելով իր թվային առավելությունից, ունակ է անցկացնել գրեթե ցանկացած օրենսդրական նախաձեռնություն։ Այդ պատճառով էլ կասկած չկա, որ անգամ նման հակասական ու խնդրահարույց փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կընդունվի։

Scroll to Top