2026-ի բյուջեի մարտահրավերները․ հնարավոր կլինի՞ ապահովել տնտեսական աճը

2026-ի բյուջեի մարտահրավերները․ հնարավոր կլինի՞ ապահովել տնտեսական աճը

Նախընտրական տարիներին սովորաբար պետությունները հակված են մեծացնելու ծախսերը՝ հատկապես սոցիալական ոլորտում, հանրային աջակցությունն ու վստահությունը բարձրացնելու նպատակով։ Սակայն ՀՀ-ում այս անգամ նկատվում է հակառակ միտում․ 2026 թվականի բյուջեի դեֆիցիտի կրճատումը տեղի է ունենում ծախսերի նվազեցման հաշվին։ 

Կառավարությունը նախատեսում է սահմանափակել պարտքային միջոցների ներգրավումը՝ համեմատած նախորդ տարվա հետ, իսկ ծախսերի կրճատման զգալի մասը վերաբերում է նաև պաշտպանական ոլորտին։ Միևնույն ժամանակ հայտարարված է, որ հաջորդ տարի նախատեսվում է 5,4% տնտեսական աճ։ Ինչպե՞ս են համատեղվելու տնտեսական աճի ապահովման նպատակներն ու ծախսերի կրճատման քաղաքականությունը: Այս հարցերի շուրջ իր կարծիքը հայտնեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Մի տարում ուղղակի ներդրումների զուտ արտահոսք՝ մոտ 44 միլիարդով

Արամյանն ընդգծում է, որ հաջորդ տարվա 5,4% տնտեսական աճի կանխատեսումը պետք է դիտարկել կառուցվածքի համատեքստում։ Նրա խոսքով՝ աճի զգալի մասը նախատեսված է արդյունաբերության ոլորտում, և կառավարությունը դա հիմնականում բացատրում է Ամուլսարի գործարկմամբ։

Այստեղ, ըստ փորձագետի, կա լավ լուր և վատ լուր։ Լավ լուրը, ըստ Արամյանի, այն է, որ տնտեսությունը ունի իներցիոն բնույթ և միանգամից կտրուկ դանդաղումը կպահանջի շատ էական բացասական շոկ:  «Այսինքն լավ լուրը նա է, որ մենք տարվա վերջում այս 5,2% տնտեսական աճից ամենայն հավանականությամբ ավելի բարձր կգտնվենք», — ասաց նա։

Միաժամանակ, Արամյանը մատնանշել է ռիսկերը։ Նախկին նախարարն ուշադրությունը կենտրոնացնում է հենց ներդրումների վրա, որորնք և պետք է ապահովեն նախատեսվող ցոիցանիշը։ 

«Միշտ երբ նայում ենք ներքին ներդրումներին, դրանք ավելի դանդաղ են, ավելի համեստ են, քան սպառումը։ Պետական ներդրումների մասը հանելով՝ ընդհանուր մասնավոր ներդրումների աճի տեմպը վերջին տարիներին համեմատաբար ավելի համեստ է և սա անհանգստացնող հանգամանք է», — ասել է նա։

Նախկին նախարարը նշել է, որ անցած տարի իրական հատվածում եղել է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ արտահոսք՝ մոտ 44 միլիարդով, նման իրավիճակը սպասելի էր։ 

Ոչ թափանցիկ գործարքները վախեցնում են ներդրողներին

Արամյանը նշում է, որ տնտեսական գործընթացներում ոչ թափանցիկ գործարքները՝ ինչպիսիք են Քաջարանի և Ամուլսարի գործարքները, բացասական ազդեցություն ունեն օտարերկրյա ուղղակի ներդրողների վրա։ Նրա խոսքով՝ կարևոր չէ ոլորտը, կարևորը հստակությունն է։ Ըստ նրա՝ ներդրողները ոչ միայն նայում են մակրոտնտեսական ցուցանիշներին կամ անվտանգության գործոններին, նրանք դիտարկում են նաև  թափանցիկությունը։ Ոչ թափանցիկ գործողություննների առկայությունը ստեղծում է ռիսկ՝ կառավարության անհստակ կամ անկանխատեսելի որոշումների հրարավորության մասով՝ նվազեցնելով ներդրողների վստահությունը:

Արամյանը շեշտում է, որ ֆինանսական ինստիտուտներն այս հարցում զգայուն են.
«Վերջերս Ազգային ժողովում որոշ պատգամավորներ եվրոպական անհանգստություն հայտնեցին, որ հանրային խոսքի համար մարդիկ կալանավորվում են։ Այս դեպքերը նույնպես ազդում են տնտեսական երևույթների վրա»։

Արամյանը ընդգծում է, որ սա մաս է այն ռիսկերի, որոնք կապված են տնտեսական աճի և մասնավորեցման գործընթացների հետ. «Սրանք լուրջ ռիսկեր են, որոնք կարող են ազդել տնտեսական աճի վրա»։

Scroll to Top