Վերջին շրջանում ավելի հաճախ են հնչում քննարկումներ ու հակասական կարծիքներ իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունների շուրջ։ Թեև թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ, այն առաջին հերթին իրավական հարթության խնդիր է․ Հայաստանի Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում են եկեղեցու բացառիկ կարգավիճակը և պետության չմիջամտելու սկզբունքը։ Ուստի, եթե զուտ իրավական տեսանկյունից դիտարկենք իրավիճակը, ապա ցանկացած վարչական կամ քաղաքական ճնշում եկեղեցու կառույցների կամ հոգևորականների նկատմամբ կարող է գնահատվել որպես սահմանադրական կարգի խախտում։
Ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքն հայտնեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Վեհափառ փոխելու փորձերը արդեն իսկ միջամտություն են
Գյուլումյանի խոսքով՝ Վեհափառին փոխելու փորձերն ինքնին եկեղեցական կյանքի մեջ միջամտություն են․
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ եկեղեցապատկան կառույցի՝ այսպես ասած, զավթում, և այն կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին»։
Նա հիշեցրեց, որ նման իրավիճակներում միջազգային փորձը հստակ է․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր են եղել նման հարցերի հետ կապված։ Օրինակ՝ Ռումինական ուղղափառ եկեղեցին դիմել էր ազգային դատարաններին՝ պահանջելով վերադարձնել այն եկեղեցիներն ու հողատարածքները, որոնք կոմունիստական իշխանությունների տարիներին բռնազավթվել էին պետության կողմից։
«Եվրոպական դատարանը այդ դեպքերում արձանագրել է խախտումներ, երբ ազգային դատարանները մերժել են վերադարձը՝ տարբեր պատճառաբանություններով։ Այնինչ խոսքը պարզապես այն եկեղեցիների մասին էր, որոնք նախկինում պատկանել էին եկեղեցուն և բռնազավթվել էին պետության կողմից», — նշել է Գյուլումյանը։
Նրա խոսքով՝ նախադեպեր կան նաև Հայաստանի եկեղեցու հետ կապված՝ Թուրքիայի դեմ ներկայացված գործերում․ «Մենք գործ ունենք Հայ Առաքելական Եկեղեցու եկեղեցապատկան սեփականության վերադարձի պահանջի հետ կապված։ Այդ գործն արդեն հասել է Եվրոպական դատարան, և որոշումը կայացվել է ի օգուտ եկեղեցու»։
Գյուլումյանը ցավով նշեց, որ այժմ մենք հակառակ գործընթացի մեջ ենք։ Եթե այն ժամանակ եկեղեցին պայքարում էր իր ունեցվածքը վերադարձնելու համար, այսօր փորձ է արվում վերցնել այն, ինչ դեռևս պահպանված է։
«Եվ ես իսկապես կզարմանամ այն դատավորի վրա, որը նման հայցի դեպքում կփորձի այլ վճիռ կայացնել՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները», — ընդգծեց նա։
Ե՛վ Սահմանադրության, և՛ Անկախության հռչակագրի հիմքում ընկած սկզբունքները հարատև են
Անդրադարնալով իշխանության քայլերին, ուղղված Սահմանադրության և Անկախության հռչակագրի փոփոխությանը՝ Գյուլումյանը նշեց, որ այն սկզբունքները, որոնք դրված են և՛ Սահմանադրության, և՛ Անկախության հռչակագրի հիմքում, հարատև են․ դրանք չեն կարող փոփոխվել։
«Դրանք կարող են միգուցե փոփոխվել միայն այն դեպքում, եթե այսպես ասած՝ չորրորդ հանրապետություն ստեղծվի», — ընդգծեց նա։
Գյուլումյանը շարունակեց՝ նշելով, որ այս հարցում ուսուցանող է միջազգային փորձը։ , Նա հիշեց իևր Եվրոպական դատարանի աշխատանքը՝ նշելով, որ իր մասնակցությամբ առաջին գործերի ժամանակ իրեն միշտ զարմացրել է բալթյան դատավորների հետևողականությունը։
«Եթե նայեք Լիտվայի և Լատվիայի դեմ գործերին, կտեսնեք, որ նրանք հետևողականորեն պնդում էին, որպեսզի գործերի նյութերում գրվի ոչ թե “անկախացումից հետո”, այլ “անկախության վերահաստատումից հետո”։ Ես զարմանում էի, անկեղծ եմ ասում, թե ինչու էին այդքան ջանասիրությամբ պայքարում այդ բառի համար։ Բայց հետո պարզ էր դառնում՝ նրանք ուզում էին ընդգծել, որ իրենք նոր չեն ստեղծվել, այլ շարունակել են իրենց պետությունը», — պատմեց նա։
Գյուլումյանի խոսքով՝ այդ մոտեցումը շատ խորքային գաղափար էր, որը նաև օգնում էր այդ երկրներին որոշ գործերում հասնել այնպիսի եզրակացությունների, որոնք բխում էին իրենց պետության շահերից։
«Մենք, ցավոք, ոչ միայն չվերահաստատեցինք մեր անկախությունը՝ այն, ինչ ունեցել էինք Առաջին հանրապետության ժամանակ, այլ հիմա էլ փորձում ենք այս եղածը չշարունակել։ Իսկ պետության շարունակականությունը, իմ կարծիքով, պետության հզորության տարրերից մեկն է։ Դու չես կարող ասել՝ ես նոր ստեղծվեցի, զրոյից ստեղծվեցի։ Դա նշանակում է՝ մնացած ամեն ինչը դու համարում ես ոչ քոնը կամ ջնջում ես», — եզրափակեց նա։

