ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկել Սյունիքը՝ առանց Ռուսաստանի և Իրանի

Կորոշվի՞ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ճակատագիրը ԱՄՆ-ում․ Ի՞նչ կառաջարկեն ՀՀ-ին

Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցում երկարաձգվող փակուղու ֆոնին ավելի ու ավելի ակտիվ է քննարկվում այլընտրանքային մոտեցում՝ հաղորդակցության ապաշրջափակման ամերիկյան սցենարը։ Դրա էությունը կայանում է նրանում, որ Սյունիքի տարածքով ճանապարհի կառավարումը փոխանցվի ամերիկյան մասնավոր ընկերության։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա Վաշինգտոնյան հանդիպման նախաշեմին նման մեխանիզմների քննարկումը ստանում է առանձնահատուկ կարևորություն։

«Թրամփի կամուրջը». համաձայնե՞լ է արդյոք Երևանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ հաղորդակցության ապաշրջափակման հարցում որոշակի հստակեցում կարող է մտցվել արդեն առաջիկա վաշինգտոնյան հանդիպման ընթացքում։

Նրա կանխատեսմամբ՝ Միացյալ Նահանգներում կստորագրվի մտադրությունների մասին հուշագիր, սակայն հնարավոր է, որ հանդիպման ընթացքում հստակություն ստանա նաև այսպես կոչված «Թրամփի կամրջի» հարցը։

«Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման հարցը արդեն քննարկվել է և չի բացառվում, որ այդ հարցը միս ու արյուն ստանա հենց Վաշինգտոնում, նշում է նա։ Խոսքը հետևյալի մասին է․ 42 կմ տարածք տրամադրվում է ամերիկյան մասնավոր ընկերությանը, այնտեղ կանգնում են 1000 պահնորդներ, որոնք հսկողություն են սահմանում, և այդ ծառայությունը իրականացվելու է։ Ծառայության իրականացման տեսանկյունից 40 տոկոս շահույթը գնալու է այդ ընկերությանը իրենց ծախսերը հոգալու համար, 30 տոկոսը Ադրբեջանին, 30 տոկոսը Հայաստանին, 10 տոկոսը տարածաշրջանի զարգացման ծրագրերին», — հայտարարեց Մարուքյանը: 

Նա  նշեց, որ այս փուլում շրջանառվում է հենց սա, բայց արդյոք հայկական կողմը համաձայնություն է տվել այս ձևաչափին, հավանաբար, ցույց կտա առաջիկա հանդիպումը։

Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը

Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Պյոտր Սկվեչինսկին VECTORS.am-ի հետ զրույցում նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման այս նախաձեռնությունն ունի միայն մեկ առավելություն։

«Սյունիքով անցնող ադրբեջանական տարանցման վերահսկողությունը մասնավոր ընկերության փոխանցելու գաղափարը, իմ կարծիքով, ունի միայն մեկ, բայց միգուցե շատ էական առավելություն՝ այն կարող է համապատասխանել Դոնալդ Թրամփի աշխարհայացքին, որը հավատում է, թե մասնավոր կապիտալի ներգրավումը կարող է օգտակար լինել տարբեր համաշխարհային հակամարտությունների լուծման համար։ Բացի այդ, եթե այդ ընկերությունը ամերիկյան լինի, ապա դրանից կշահեն ամերիկացիները (գուցե Թրամփին մոտ կանգնած անձի՞նք)։ Այս հեռանկարը, ամենայն հավանականությամբ, կարող է մղել ԱՄՆ ներկա վարչակազմին՝ մասնակցելու այս խնդրի կարգավորման փորձերին», – ասել է Սկվեչինսկին։

Տարածաշրջանում ամերիկացիների ներկայությանն ամենաշատը դիմադրում է Իրանը։ Միևնույն ժամանակ վերջին շրջանում հաճախացել են այն կարծիքները, թե ԱՄՆ-ն ցանկանում է ներգրավել Ադրբեջանին «Աբրահամյան համաձայնագրերին»՝ Իրանի զսպման նպատակով։ Դիվանագետի կարծիքով՝ «այն մեկնաբանությունը, թե Ադրբեջանի միանալը Աբրահամյան համաձայնագրերին պետք է թուլացնի Իրանը, լիովին հնարավոր է»։

«ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավումը հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը նույնպես կարող է նպաստել այդ նպատակին [այսինքն՝ Իրանի թուլացմանը – խմբ.]։ Օրինակ՝ կարող են փորձել ստիպել Հայաստանին թուլացնել կապերը Թեհրանի հետ՝ դրան  ի պատասխան՝ ԱՄՆ-ն  կնվազեցնի Ադրբեջանից եկող սպառնալիքները։ Ամեն դեպքում, սրանք այն քայլերն են, որոնց վրա կարող է հույս դնել Հայաստանի կառավարությունը», – նշել է Պյոտր Սկվեչինսկին։

Scroll to Top