Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի տակ կա երկու «ական». խաղաղության համաձայնագրի ստորագրումը անմիջականորեն կապակցվում է, նախ, Ադրբեջանին Նախիջևանի հետ անարգել կապ ապահովելու, և երկրորդ՝ սահմանադրական բարեփոխումների ընդունման հետ։ Այս մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը իրավասու չէ ստանձնել Հիմնական օրենքը փոխելու պարտավորություն, քանի որ սահմանադրական բարեփոխումների ընդունումը կախված է բացառապես քաղաքացիների կամքի արտահայտությունից, իսկ նրանք որևէ պարտավորություն այդ հարցում չեն ստանձնել։
«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. ի՞նչ է լինելու, եթե քաղաքացիները չապահովեն քվորում կամ քվեարկեն սահմանադրական բարեփոխումների դեմ։ Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը հրաժարվել խաղաղությունը ստորագրելուց, չվավերացնել այն կամ վավերացնելուց վերապահում անել, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի միայն ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ ընդունումից հետո», — նշում է Մուրադյանը։
Նա ընդգծում է, որ այս հարցի բարձրաձայնումը խաղաղության համաձայնագրի համատեքստում անընդունելի է և պետք է պատշաճ հակազդման արժանանար ՀՀ-ի կողմից։ Անընդունելի էր թույլ տալ նման կապը: Այս նախապայմանի առկայությունը վտանգում է ամբողջ գործընթացը, և հարվածը կարող է հասցվել ցանկացած փուլում, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, նշում է Մուրադյանը:
Երկրորդ «ականը», ըստ Մուրադյանի, խաղաղության համաձայնագրի կնքման և Ադրբեջանին Նախիջևանի հետ «անարգել կապ» ապահովելու միջև փաստացի կապն է: Այս հանգամանքը հաստատվում է այն փաստով, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը տեղի է ունեցել Վաշինգտոնի եռակողմ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ, որի մեջ առկա է Սյունիքով անցնող ճանապարհի շահագործման մասին դրույթը: Միևնույն ժամանակ, «անարգել կապ» ձևակերպումը, կարծում է փորձագետը, արդեն իսկ ենթադրում է Հայաստանի իրավազորության սահմանափակում:
Հռչակագրի տեքստի իրավական ձևակերպումը հաստատում է, որ ՀՀ իրավազորության սահմանափակումները բացառվում են: Սակայն այս դեպքում առաջանում է մի պօարզ հարց . արդյո՞ք Հայաստանը կպահպանի մաքսային, սանիտարական և անձնագրային վերահսկողություն իրականացնելու լիազորությունները:
«Եթե անարգել կապը նշանակում է այդ գործառույթները փոխանցել մասնավոր ընկերությանը, ապա դա անհեթեթություն է և հակասում է Սահմանադրությանը: Եթե խոսքը տեխնիկական միջոցների կիրառմամբ անհպում վերահսկողության մասին է, դա այլ հարց է», — նշեց Մուրադյանը:

