Այս փուլում բացահայտվում են վերջին 30 տարիների ընթացքում մշակված բոլոր աշխարհաքաղաքական ծրագրերը։ Այս մասին նշել է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ սա հատկապես ակնհայտ է երևում մեր տարածաշրջանում։ «2008 թվականին Հայաստանում գունավոր հեղափոխության անհաջող փորձից հետո այն իրականացվեց 2018 թվականին։ Դրանից անմիջապես հետո մեկնարկեց Հայաստանը Արևմտյան ազդեցության գոտի տեղափոխելու գործընթացը։ Այս փոփոխության գինը և՛ Արցախն էր, և՛ Սյունիքով միջանցքը», — ընդգծեց Աղաջանյանը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ում առաջարկվող այսպես կոչված TRIPP-ը հենց նույն «միջանցքն» է, նմանատիպ Նախագիծ մշակվել էր դեռ Բայդենի վարչակազմի օրոք, բայց մեկ կարևոր տարբերությամբ. պայմանավորվածությունները խախտող կողմը կենթարկվեր ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների։ «Այժմ այս պայմանը հանվել է, և սա հայկական կողմի հերթական զիջումների հետևանք է։ Արդյունքում, Բաքվին տրվեց ազատ գործելու. միջանցք ստանալով՝ նա չի բացի սահմանները՝ չենթարկվելով աշինգտոնի կողմից որևէ պատժամիջոցների», — ասաց դիվանագետը։
Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ TRIPP նախագծի իրականացումը չի հանգեցնի Նախիջևանով Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհի ապահովմանը։ «Թուրքիայի հետ սահմանը նույնպես չի ապաշրջափակվի, քանի որ Անկարան չի գնա նման քայլի մինչև Հայաստանն ու Արևմուտքը չապահովեն թուրքական բոլոր պայմանների կատարումը», — նշեց նա։
Դեսպանի խոսքով՝ ստորագրված հռչակագիրը որևէ պարտավորություն չի պարունակում Միացյալ Նահանգների համար։
«Սա արդեն դարձել է իշխանությունների ձեռգիրը. ստորագրվում են հայտարարություններ և հռչակագրեր, որոնք ֆորմալ առումով չեն պահանջում վավերացում և Սահմանադրությանը համապատասխանության ստուգում, բայց բովանդակային առումով դրանք միջազգային պայմանագրերի դեր ունեն և պարունակում են Հիմնական օրենքի խախտման ակնհայտ տարրեր։ Այսինքն՝ իշխանությունները, շրջանցելով գործող օրենսդրությունը, պարտավորություններ են ստանձնում արտաքին ուժերի առջև և իրակացնում դրանք», — ասաց Աղաջանյանը

