«Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը վերջապես հրապարակվեց՝ ստորագրումից երեք շաբաթ անց և ուշացման պատճառների վերաբերյալ բազմաթիվ ենթադրությունների ֆոնին: Առաջին հայացքից հուշագիրը ընդհամենը շրջանակային փաստաթուղթ է, որը չի ենթադրում պարտավորություններ կամ ֆինանսավորում։ Այդուհանդերձ հուշագիրը պարունակում է մի շարք կետեր, որոնք ուշադրության են արժանի: Այս հոդվածում մենք կկենտրոնանանք փաստաթղթում ներառված՝ մաքսային վերահսկողության, սահմանային անվտանգության և կիբերանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ կետերի վրա:
Տեխնիկական ռիսկեր
Մի կողմից, համագործակցությունը կարող է բարելավել Հայաստանի տեխնիկական մակարդակը և դիմադրողականությունը ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության ոլորտում: Մյուս կողմից, այն ստեղծում է արտաքին տեխնոլոգիաներից և խորհրդատուներից կախվածության պոտենցիալ ռիսկ: Նման կախվածություն առաջանում է, երբ հիմնական համակարգերը մշակվում կամ պահպանվում են օտարերկրյա կառույցների կողմից:
Այսպես՝ եթե սահմանային և մաքսային համակարգերը մասամբ կառավարվում են օտարերկրյա ծառայությունների կամ սարքավորումների կողմից, դրանց կարգավորումը և թարմացումները կախված կլինեն արտաքին փորձագետներից: Արտակարգ իրավիճակում, օրինակ՝ բեռնափոխադրումների ծավալների կտրուկ փոփոխության դեպքում, մասնագետների միջամտության ուշացումը կարող է սահմանափակել տեղական իշխանությունների կարողությունը արագորեն հարմարեցնել համակարգերը նոր իրավիճակին:
Բացի այդ, նման իրավիճակում անվտանգության և կիբերանվտանգության որոշ լուծումներ կպահանջեն համապատասխանություն ԱՄՆ ստանդարտներին: Եվ եթե իրավիճակը կպահանջի արագ տեղական լուծումներ, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ արձանագրություններին, համակարգը կարող է արգելափակվել մինչև համաձայնեցումը, ինչը կհանգեցնի սահմանների կամ տրանսպորտային հանգույցների գործունեության խոչընդոտմանը:Սա էլ իր հերթին ՀՀ քաղաքականության վրա ազդելու հարմար գործիք է։
Քաղաքական ռիսկեր
Կան նաև քաղաքական ասպեկտներ, որոնք կապված են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ստորագրված Եռակողմ հռչակագրի հետ։ Եթե Ադրբեջանը կամ այլ արտաքին գործիչներ, օրինակ Թուրքիան, պնդեն տրանսպորտային միջանցքների կամ մաքսային վերահսկողության գործունեության որոշակի իրենց համար ընդունելի կարգի վրա, իսկ համակարգերն ու փորձագետները կախված լինեն ամերիկյան տեխնոլոգիաներից և խորհրդակցություններից, Միացյալ Նահանգները կարող է սահմանափակել այդ ռեսուրսներին մուտքը կամ կասեցնել դրանց գործունեությունը «համաձայնեցված ձևաչափով»՝ մյուս կողմերի հետ հակասություններից խուսափելու համար։
Միացյալ Նահանգները, որպես միջազգային իրավունքի և տարածաշրջանային համաձայնագրերի կողմ, կձգտի գործել այնպես, որ չխախտի Հայաստանի, Ադրբեջանի և այլ խաղացողների միջև կնքված պաշտոնական կամ փաստացի համաձայնագրերը։ TRIPP-ի իրավիճակում, երբ Երևանն ու Բաքուն արդեն իսկ տարբեր կերպ են մեկնաբանում «անխոչընդոտ կապի» ձևակերպումը, սա կնշանակի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ի վերջո, կգործի այն կարգը, որը կսահմանեն Միացյալ Նահանգները՝ հղում անելով «գոյություն ունեցող պայմանավորվածությունների» իրենց սեփական մեկնաբանությանը:
Երկու իրավական և կարգավորող շրջանակների հատում
Իրավիճակը բարդանում է նրանով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պարտավոր է հետևել Միության շրջանակներում սահմանային և մաքսային ընթացակարգերին, այդ թվում՝ Սյունիքից մինչև Նախիջևան ճանապարհին։
TRIP հռչակագիրը ամրագրում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև «անարգել հաղորդակցության» սկզբունքը, իսկ Միացյալ Նահանգների հետ հուշագիրը նախատեսում է անվտանգության, սահմանային վերահսկողության և կիբերպաշտպանության ամերիկյան չափորոշիչների ներդրում։ Եթե ամերիկյան տեխնոլոգիաներ և փորձագետներ օգտագործվեն Ադրբեջանի տարանցմանը ազդող երթուղիներում, նրանց գործողությունները կուղղվեն ինչպես TRIPP-ի, այնպես էլ ամերիկյան չափորոշիչներին։ Միևնույն ժամանակ, այս չափորոշիչներից մի քանիսը կարող են մասամբ հակասել ԵԱՏՄ կանոնակարգերին, օրինակ՝ բեռների ստուգման, վերահսկողության և տվյալների փոխանակման ընթացակարգերում։
Հայաստանի համար սա ստեղծում է կանոնների կրկնակի պահպանման անհրաժեշտություն՝ միաժամանակ պահպանել ԵԱՏՄ կանոնակարգերը և ապահովել TRIPP սկզբունքների պահպանումը ամերիկյան տեխնոլոգիաներն օգտագործելիս։ Սակայն այս պարագայում ցանկացած անհամապատասխանություն կարող է հանգեցնել իրավական և գործառնական անորոշության։

