Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը՝ Վաշինգտոնի համաձայնագրերի PR

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը՝ Վաշինգտոնի համաձայնագրերի PR

ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջիկա հանդիպումը PR-ակցիա  է, որը կոչված է ցույց տալու, իբր Վաշինգտոնյան  պայմանավորվածությունները միս ու արյուն են ստանում։ Այս մասին հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Նրա խոսքով՝ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցում որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, քանի որ Անկարան շահագրգռված չէ համաձայնության գալ այս հարցում։ Բալասանյանը վստահ է, որ Թուրքիային փակ հայ-թուրքական սահմանը անհրաժեշտ է որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք՝ թուրք-ադրբեջանական պահանջները առաջ մղելու համար։

«Հիմա նրանք սահմանի ապաշրջափակումը կկապեն Սահմանադրության փոփոխության հետ։ Եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, չնայած չկան երաշխիքներ, թե ինչպես կքվեարկեն քաղաքացիները, բայց ենթադրենք, որ այն ընդունվի, ապա Թուրքիան կպնդի 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Դրանից հետո կներկայացվեն այլ պահանջներ, որոնք երբեք չեն ավարտվի», — ասել է փորձագետը։

Բալասանյանը վստահ է, որ Թուրքիան չի բացի սահմանը, քանի որ կարողացել է օգտվել Հայաստանի մարտավարական սխալից։ Եվ այս սխալը, ըստ փորձագետի, կայանում է նրանում, որ Հայաստանն առաջինը քայլեր ձեռնարկեց Թուրքիայի հետ հարաբերությունները  կարգավորելու հարցով։ Փորձագետը կոչ արեց չմոռանալ, որ հենց Թուրքիան էր, որ միակողմանիորեն փակեց Հայաստանի հետ սահմանը, և, հետևաբար, հենց Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկեր սահմանը բացելու համար։

«Մենք չպետք է թույլ տայինք, որ սահմանի բացման հարցը կապվի հայ-ադրբեջանական գործընթացի հետ։ Բայց մենք ինքներս կուլ տվեցինք Թուրքիայի կողմից տրված խայծը, իբր սահմանի բացումը առաջին հերթին օգտակար է Հայաստանին։  Իրականում, Հայաստանը պատրաստ չէ բացել սահմանը, ներկայիս իրավիճակում սա կարող է աղետ դառնալ մեր տնտեսության համար», — ասաց նա։

Scroll to Top