2000-ականների սկզբին Հայաստանը և Ադրբեջանը միացան մարդու իրավունքների պաշտպանության հիմնական միջազգային և տարածաշրջանային գործիքներին՝ ստանձնելով պարտավորություններ՝ հարգելու կյանքի իրավունքը և ապահովելու արդյունավետ դատական պաշտպանություն առանց խտրականության։ Սակայն ընդամենը մի քանի տարի անց Ադրբեջանը կոպտորեն խախտեց այդ պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Նա հիշեցրել է, որ 2003 թվականին հայ սպան գլխատվել էր ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից։ Երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի հովանավորությամբ իրականացվող ծրագրի, ինչը կարող էր դառնալ խաղաղ համակեցության օրինակ։ Հունգարական դատարանները Սաֆարովին դատապարտեցին ցմահ ազատազրկման, բայց Հունգարիայի տնտեսությունում ադրբեջանական զգալի ներդրումներից հետո նա արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան անմիջապես ներում շնորհվեց, նա ստացավ ավելի բարձր պաշտոն և պարգևատրվեց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ կայք բացեց, որպեսզի քաղաքացիները կարողանային ողջունել «հերոսին»: Այս միջադեպը հստակ ուղերձ էր․ հայի սպանությունը պիտի փառաբանվի, ոչ թե դատապարտվի։
Այդ ժամանակից նման միջադեպերի թիվը կտրուկ աճել է։ 2016 թվականի ապրիլին, չորսօրյա պատերազմի ընթացքում, առնվազն երեք հայ զինծառայողներ գլխատվել էին, նրանցից երկուսը՝ դեռ կենդանի, ինչը Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում էր։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ վայրագությունների ծավալը ընդլայնվեց․ փաստագրվեցին տասնյակ գլխատման դեպքեր, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։ «Մեր կազմակերպությունը գրանցել է առնվազն 30 նման դեպք, որոնցից մի քանիսը հենց կատարողներն էին նկարահանել ու տարածել», — նշել է Սահակյանը։
Միջազգային հանրության արձագանքը անբավարար էր, ինչն վայրագությունները էլ ավելի խթանեց։ «2020 թվականին Ադրբեջանը հարձակում իրականացրեց Հայաստանի դեմ, և հայկական տարածքի մի մասը մնում է օկուպացված։ 2023 թվականի սեպտեմբերին ամբողջ Արցախի բնակչությունը բռնի կերպով տեղահանվեց, և առաջին անգամ պատմության մեջ հայկական հողը մնաց առանց հայերի։ Սա Բաքվի անպատժելիության հետևանքն էր», — ընդգծել է նա։
2025 թվականին Ադրբեջանը շարունակում է անտեսել Եվրոպական դատարանի որոշումները՝ չկատարելով իր միջազգային պարտավորությունները։ «Այս պահին Ադրբեջանում ապօրինի պահվում են 23 հայեր, որոնցից հինգը՝ 2020 թվականից։ Նրանք դեմ իրականացվում են կեղծ դատավարություններ, միջազգային իրավունքի կողմից պաշտպանված գործողությունները որակավորվում են որպես հանցագործություն։ Արցախի ութ նախկին ղեկավարներ մեղադրվում են ինքնորոշման իրավունքը օրինական կերպով իրացնելու համար, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է՝ որպես միջազգային իրավունքին համապատասխանող», — նշել է Սահակյանը։
Նա հիշեցրել է, որ Անվտանգության խորհուրդը չի արգելել միջազգային հանրությանը դիվանագիտական հարաբերություններ ունենալ Արցախի հետ, ի տարբերություն Կիպրոսի կամ Հարավային Ռոդեզիայի դեպքերի, երբ ընդունվել էին չճանաչման վերաբերյալ բանաձևեր։ Սա, փաստաբանի խոսքով, հաստատում է հայ առաջնորդների գործողությունների օրինականությունը, որոնք ներկայացնում էին իրենց ժողովրդին։
«Human Rights Watch-ի նման կազմակերպությունները հաղորդում են հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում իրականացվող խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին։ Մոտ 200 վերադարձած գերիներ տվել են մանրամասն ցուցմունքներ ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների վերաբերյալ, որոնք հաստատվել են բժշկական զննություններով։ Ոչ մի խոշտանգումների կանխարգելման մարմին մուտք չի ստացել հայ գերիների պահման վայրեր։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դատապարտել է Ադրբեջանին՝ իրենց աշխատանքը խոչընդոտելու համար։
Միակ կազմակերպությունը, որ հումանիտար օգնություն էր տրամադրում, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն էր։ Սակայն 2023 թվականի սկզբին Ադրբեջանը կասեցրեց նրանց գործունեությունը, իսկ հունիսից սկսած գերիների վիճակի մասին անկախ տեղեկատվություն չկա», — նշել է Սահակյանը։
Պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների անպատժելիությունը քաջալերել է Ադրբեջանին կատարել նոր հանցագործություններ և նոր հարձակումներ: «Միջազգային հանրության կառուցվածքային սխալը կայանում է նրանում, որ անհապաղ քաղաքական միջոցները, ինչպիսիք են պատժամիջոցները, փոխարինվել են դանդաղ դատական գործընթացներով: Բռնության ցիկլը դադարեցնելու համար անհրաժեշտ են խիստ միջոցներ: Հայ գերիների և Արցախի տեղահանված բնակչության ճակատագիրը ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ապահովման համար գործողությունների անհապաղ անհրաժեշտությունը», — եզրափակեց Սահակյանը:

