Հայաստանի հետ խաղաղությունը Բաքվի ռազմավարական ծրագրերի մաս չի կազմում

Իշխանության որոշումները կարող են հանգեցնել նոր, ավելի դաժան պատերազմների

Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ երկրում առկա է համատարած անպատասխանատվություն։ Ոչ ոք չի պատժվում իր սխալ որոշումների համար, և մինչև այս իրավիճակը չի փոխվել, Հայաստանը երբեք չի կարող լիովին վերականգնվել։ Այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Նորմալ երկրներում պետական պաշտոնյաները, նախարարությունները կամ հաստատությունները որոշում կայացնելիս ենթարկվում են պատասխանատվության, նույնիսկ կարող են դատապարտվել։ Դրա համար որոշումներ ընդունելուց առաջ իրականացվում է դրանց հիմնավորման գործընթաց։ Գոյություն ունեն անկախ և պետական հետազոտական կենտրոններ, որոնք կատարում են վերլուծություններ, ներկայացնում զարգացումների սցենարներ, առաջարկություններ և խորհուրդներ»,- նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ այս վերլուծությունները հաշվի են առնվում որոշում կայացնելուց առաջ, և եթե խնդիր է առաջանում, պարզ ցույց է տրվում այն հիմքը, որի վրա հիմնվել է որոշումը։ «Այս մարդիկ՝ իրենց սահմանափակ գիտելիքներով և փորձով, ճակատագրական որոշումներ են կայացնում։ Արդյունքում մենք կորցրել ենք Արցախը, այլ տարածքներ, և, ամենայն հավանականությամբ, դեռ կորցնելու ենք։ Սակայն ոչ մի պատասխանատվության հարց չի բարձրացվում։ Պարզ չէ, թե ինչ հիմքով են ընդունվում այդ որոշումները»,- հավելեց նա։

Այս համատեքստում Դանիելյանը անդրադարձավ նախագծին, ավելի ճիշտ՝ այն տեղեկատվությանը, որ Սյունիքով անցնող ճանապարհը, որպես այս նախագծի մաս, երկարաժամկետ վարձակալության պայմանագրով կփոխանցվի Միացյալ Նահանգներին։ «Արտգործնախարարը իր ղեկավարի հետ որոշում է կայացնում՝ Հայաստանի տարածքները 99 տարով վարձակալության տալ, առանց հստակության՝ ում, ինչու և ինչ հետևանքներով։ Ներկա պահին խոսվում է, որ hնարավոր է ներգրավվի երրորդ ընկերություն»,- նշեց նա։

՝ հիշեցնելով, որ արտգործնախարարը արդեն իսկ խոսում է այս նախագծում 3-րդ կողմի ներգրավվման մասին։ 

«Երրորդ ընկերությունը կարող է լինել թուրքական,  պաշտոնապես Սյունիքի ճանապարհում փայաբաժին կարող է ունենալ նաև Ադրբեջանը։ Երրորդ ընկերությունը ամերիկյան դրոշով կարող է լինել նաև Իսրաելը։ Այսինքն կներգրավվեն այն երկրները, որոնք այստեղ ունեն շահեր և պարզ չի, իրենց շահերը համընկնում են, թե ոչ։ Շատ հնարավոր է, որ չեն համընկնում», — նշեց նա։ Դանիելյանը համոզված է․ այս որոշումը կարող է հանգեցնել նոր, ավելի դաժան պատերազմների՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև ավելի լայն մասշտաբի։ 

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ իշխանությունները ընկել են իրենց սեփական ստերի ծուղակը. «Եթե խաղաղությունն իրականում կայացել էր, ինչու՞ էին այդքան զիջումներ անում, ինչու՞ էր Վաշինգտոնը հայտարարում, որ կանխել է Հայաստանի վրա հնարավոր ներխուժումը։ Եթե այդ քաղաքականությունը խաղաղություն էր բերում, ինչու՞ են զորավարժություններ անցկացվում Սյունիքի երկու կողմերում, ինչու՞ էր Իրանը զորք մոտեցնում։ Դա ցույց է տալիս, որ խաղաղություն գոյություն չունի։ Խաղաղությունը մուրում են այլ երկրներից»,- ընդգծեց Դանիելյանը։

Նա նաև ընդգծեց, որ «խաղաղության պայմանագրի» մասին խոսելը այժմ անհիմն է։ «Խաղաղության պայմանագիր կնքում են միայն այն դեպքում, երբ պաշտոնապես պատերազմ է եղել։ Հայաստանն ու Ադրբեջանը դե յուրե պատերազմ չեն հայտարարել միմյանց։ Ուստի պետք է խոսել հարաբերությունների հաստատման մասին, այլ ոչ թե խաղաղության մասին, որը օգտագործվում է ներքին լսարանը մանիպուլյացնելու համար։ Այդ կեղծ երկընտրանքը՝ խաղաղություն կամ պատերազմ, շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Իշխանությունները Հայաստանը դե յուրե պարտված երկիր են դարձնում՝ չլինելով դրա իրավունքները»,- եզրափակեց նա։

Դանիելյանի եզրակացությունն է, որ այս անձինք կամ պատրաստ չեն երկիրը կառավարելու, կամ կատարում են դրսից ստացված հրահանգներ, որոնք ունեն այլ նպատակներ։ «Այս մարդիկ Հայաստանը տանում են ծուղակի մեջ»,- ամփոփեց նա։

Scroll to Top