Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան

Իշխանության մանիպուլյացիան և ընդդիմության ռազմավարությունների ձախողումը

 Հոգեբանական և քաղաքական կառավարման գործիքների մեջ կա մի հասկացություն, որը կոչվում է «ընդունելիության մակարդակ» (level of acceptability): Այս տերմինը վերաբերում է այն աստիճանին, թե որքանով է հնարավոր ազդել անհատի վրա՝ փոխելու նրա տեսակետները, հարմարեցնելու դրանք որոշակի օրակարգին և ստիպելու հետևել հրահանգներին՝ առանց որևէ դիմադրության: Հայաստանի քաղաքական դաշտում այս գործիքը հմտորեն կիրառվել է, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչը խորը ազդեցություն է թողել կառավարման և ընդդիմության ռազմավարությունների վրա:

«Ընդունելիության մակարդակը» քաղաքական հավաքագրման գործում

2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդական ճնշման ներքո ընտրվեց վարչապետ Ազգային ժողովում, նա սկսեց կազմել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ցուցակ: Ընտրության գործընթացը խիստ մանրակրկիտ էր. սկզբում կազմվեցին նախնական ցուցակներ, անցկացվեցին հարցազրույցներ, իսկ վերջում Փաշինյանն անձամբ վերանայեց թեկնածուներին: Ընտրության հիմնական չափանիշը եղել է թեկնածուների «ընդունելիության մակարդակը»՝ այսինքն, նրանց ենթարկվելու և Փաշինյանի օրակարգին հետևելու կարողությունը՝ առանց հակադրության:

Այս ռազմավարությունը չափազանց հաջողված էր: 2020 թվականի նոյեմբերի իրադարձություններից հետո, մասնավորապես՝ հաշտության պայմանագրի ստորագրությունից հետո, ընդամենը մի քանի պատգամավոր դուրս եկավ «Իմ քայլ» խմբակցությունից: Այս իմաստով Փաշինյանի հաջողության գործակիցը կարելի է գնահատել ավելի քան 90%: Շատերը, ովքեր ընտրվել էին մնացին նրա ազդեցության տակ: 

Ինչու՞ են ընդդիմության ներկայիս մարտավարությունները ձախողվում

Հաշվի առնելով Փաշինյանի ազդեցությունը, ընդդիմության ավանդական մարտավարությունները՝ ինչպիսիք են խորհրդարանական քայլերը կամ արտահերթ ընտրությունների կոչերը, չեն կարող արդյունավետ լինել, քանի որ Հայաստանի իշխանությունները ձևավորվում են արտաքին ուժերի ազդեցության ներքո: Ընդդիմությունը պետք է փոխի իր գործողությունների տրամաբանությունը՝ ոչ միայն ընդդիմանալով Փաշինյանի գործողություններին, այլ նաև աշխատելով այն ուժերի հետ, որոնք ազդում են Փաշինյանի վրա:

Սա նման է բարդ հիվանդության բուժմանը: Ինչպես բժիշկը չի կարող մեկ դեղահաբ նշանակել բուժելու համար, այնպես էլ պետական համակարգերում խնդիրները մեկ լուծում չունեն: Ընդդիմությունը պետք է աշխատի ժողովրդի հետ, ինչպես դա անում է Փաշինյանը: 

Փաշինյանին պահող ուժերն իրենց ՀԿ-ներով ակտիվորեն աշխատում են Հայաստանի մարզերում և Երևանում: Նրանք ներգրավում են երիտասարդներին, քարոզում են կեղծ խաղաղության և Ադրբեջանի հետ համակեցության օրակարգեր: Այս գործունեությունը տեսանելի է և ակտիվ: Ընդդիմությունը, սակայն, չի հակազդում դրան՝ ո՛չ մարզերում, ո՛չ Երևանում: Առանց ժողովրդի հետ աշխատանքի, ընտրությունների կոչերը կհանգեցնեն Փաշինյանի վերընտրությանը:

Նոր մոտեցման կոչ

Ինը ամիս մնաց կարևոր քաղաքական ժամկետներից առաջ, և ընդդիմությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը: Այն չպետք է հենվի հնացած մարտավարությունների կամ արտաքին ուժերի թերագնահատման վրա: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է.

  • Ուղղակիորեն աշխատել ժողովրդի հետ՝ հակազդելով կեղծ օրակարգերին թափանցիկ հաղորդակցությամբ:
  • Ստեղծել սեփական ցանցեր՝ մրցակցելու Փաշինյանի դաշնակիցների հետ:
  • Լուծել ազդեցության արմատական պատճառները, ներառյալ արտաքին ֆինանսավորմամբ ՀԿ-ների գործունեությունը:

Գործողությունների տրամաբանությունը պետք է փոխվի: Ընդդիմության ձախողումը կբերի Հայաստանի արտաքին ազդեցություններից կախված կառավարման ցիկլի շարունակությանը:

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան

Scroll to Top