Բազմաձայն ընդդիմություն, լռակյաց ընտրազանգված․ ընտրական կաթվածի ֆենոմենը 2026-ին

Բազմաձայն ընդդիմություն, լուռ ընտրազանգված. ընտրական կաթվածի ֆենոմենը 2026-ին

Հայաստանի ընդդիմադիր դաշտում շարունակվում է բանավեճը այն հարցի շուրջ, թե ինչ ռազմավարություն ընտրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մի ճամբարը,  հիշեցնելով 2021-ի փորձը, պնդում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է հանդես գան միասնական ճակատով՝ ձայների փոշիացումը բացառելու և իրական արդյունքի հասնելու համար։  Մյուսը այնուամենայնիվ հակված են կարծել, որ ինքնուրույն մասնակցությունը ավելի ճիշտ մարտավարություն է, քանի որ կապահովի  քազաքական բազմազանություն, ինչն իր հերթին կխթանի հիասթափված ընտրազանգվածի ներգրավվմանը առաջիկա ընտրական գործընթացներին։ 

Հայաստանի ընդդիմադիր դաշտում շարունակվող քննարկումների ֆոնին քաղաքական վերլուծաբան Էդգար Էլբակյանը նախազգուշացնում է, որ 2026 թվականի ընտրություններին ընդդիմության ռազմավարական ընտրությունը պետք է հիմնվի ոչ թե էմոցիաների կամ մեխանիկական հաշվարկների, այլ քաղաքական իրողությունների խորքային վերլուծության վրա։ Նրա խոսքով՝ գործող օրենսդրական համակարգում խորհրդարան անցնելու նվազագույն շեմը` մոտ 92 հազար ձայն է․ այս թիվը շատ ավելի բարձր է, քան այն, ինչ 2021-ին հավաքել են նույնիսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պես մեծ կուսակցությունները։

Էլբակյանի գնահատմամբ՝ Գյումրիում տեղի ունեցած տեղական հաջողությունը չի կարող դիտվել որպես ընդհանրացվող մոդել։ «Համապետական մակարդակում հարցն ունի ոչ միայն քանակական, այլև որակական պարամետրեր», — ընդգծում է նա։ Ըստ վերլուծաբանի՝ եթե ընտրություններին մասնակցի երկու տասնյակից ավելի ուժ, դա կհանգեցնի մասնակցության կտրուկ նվազման։ Սա հայտնի քաղաքական օրինաչափություն է․ մեծ բազմազանության պարագայուն ընտրողների մոտ առաջանում է «ընտրական կաթված», հաղթում է «բոլորն էլ նույնն են» տրամաբանությունը, որի հետևանքով հատկապես ընդդիմադիր էլեկտորատն է պասիվանում։ Իշխանական ընտրազանգվածի մասնակցությունը, հակառակ այդ տրամաբանությանը, մնում է կայուն կամ նույնիսկ աճում է։

Բացի այդ, բազմաթիվ փոքր ուժեր պարզապես չեն հաղթահարում շեմը, ինչի արդյունքում նրանց հավաքած ձայները «փոշիանում են»՝  չհասնելով ընդդիմադիր բևեռին։ Միաժամանակ հանրային ընկալման մեջ տարբեր ընդդիմադիր խմբերի մրցակցությունը ընկալվում է ոչ թե գաղափարական բազմազանություն, այլ աթոռակռիվ, ինչն իր հերթին միայն խորացնում է հիասթափությունն ու անվստահությունը։

«Քաղաքականությունը համակարգչային խաղ չէ, որտեղ գործում են միայն քանակական հաշվարկները։ Այստեղ գործում են մարդկանց հոգեբանական և հուզական մեխանիզմները», — նշում է Էլբակյանը՝ եզրակացնելով, որ ընդդիմության հաղթանակի միակ իրատեսական ճանապարհը լայն համախմբումն է։ Ըստ նրա՝ միայն երկու, առավելագույնը երեք ընդդիմադիր բլոկը կարող է իրական մրցակցություն ապահովել և հասնել հաջողության։

Scroll to Top