Oրերս Ադրբեջանի նախագահը հերթական տարածքային հավակնությունները հայտնեց Հայաստանի նկատմամբ, մասնավորապես Սևանա լճի մասով՝ օգտագործելով ադրբեջանական արհեստածին անվանումը։ Հայաստանի իշխանությունն էլ, այս ամենին հակադարձելու փոխարեն, փորձեց արդարացնել՝ հայտարարելով, թե նման հայտարարությունները նախատեսված են Ադրբեջանի ներքին լսարանի համար։
Որքանո՞վ էր համարժեք նման արձագանքը, և որքանո՞վ են Ադրբեջանի գործողությունները տեղավորվում հայտարարված խաղաղության տրամաբանության մեջ։ Իր կարծիքն է հայնել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Ադրբեջանը խեղաթյուրում է անգամ իր կարճ պատմությունը
Աղաջանյանը ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները որևէ խաղաղության տրամաբանության մեջ չեն տեղավորվում.
«Ալիևը երբեք էլ չի ձևացրել, թե իսկապես խաղաղություն է ուզում։ Ընդհակառակը՝ իր յուրաքանչյուր գործողությամբ, արտահայտությամբ, իր շրջապատի, խորհրդարանի և այլ կառույցների քաղաքականությամբ նա հետևողականորեն իրականացնում է հայազավթման քաղաքականություն, որը, ցավոք, մեր այսօրվա իշխանությունները սպասարկում են իրենց պարտվողական և հանձնվողական մոտեցումներով»։
Դեսպանը հիշեցրեց, որ Ալիևի նման արտահայտությունները նորություն չեն։ Նա նշեց, որ տարբեր ժողովուրդներ Հայաստանի տարածքներում բնակվելիս աղավաղել են հայկական տեղանունները, և Բաքուն այդ աղավաղված ձևերն այսօր ներկայացնում է որպես «ադրբեջանական»։ Սակայն ամենագլխավոր խնդիրը նրանում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում դրան հակադարձելու՝ չնայած Հայաստանի հազարամյակների արձանագրված պատմությանը, տեղանունների տերմինաբանական բացատրություններին և քարտեզներին, որոնք բոլորովին այլ բանի մասին են վկայում։
Ալիևը փորձում է հիշեցնել ներկայիս իշխանություններին իրենց «տնային աշխատանքը»
Աղաջանյանը ընդգծեց, որ Ալիևն իր վերջին հայտարարություններով ցանկանում է հիշեցնել ներկայիս իշխանություններին իրենց ստանձնած պարտավորությունները.
«Պատահական չէ, որ նրանք ամեն ինչ արել են ջրային ռեսուրսների գլխին հայտնվելու և վերահսկողություն սահմանելու համար՝ ոչ միայն ռազմաքաղաքական, այլև ռեսուրսային առումով»։
Նրա խոսքով, պատերազմի ընթացքում և մինչև Արցախի հայաթափումը օգտագործված քարտեզները հստակ ցույց են տվել հենց այդ հավակնությունների սահմանները։
Հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, Աղաջանյանը պատասխանեց.
«Խաղաղության անվան տակ տարածքներ հանձնելը՝ ինչպես Արցախից հրաժարվելը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից որոշակի տարածքներ տրամադրելը։ Մենք տեսանք Գորիս-Կապանը, տեսանք Կիրանցը, լսում ենք այսօր իշխանության տարբեր ներկայացուցիչներից, թե իբրև «ադրբեջանական տարածքներ կան մեր վերահսկողության տակ»՝ առանց որևէ իրավական հիմնավորման»։
Նա չի բացառում, որ միչև ընտրությունները սահմանազատման անվան տակ ներկայիս իշխանությունները գնան նոր տարածքների հանձնմանը։
Վախի և կեղծ խաղաղության ռազմավարություն
Դեսպանը նշեց, որ այս ելույթը Ալիևի հիշեցումն է՝ «արեք այն, ինչ խոստացել եք»։ Մի կողմից նա, ըստ Աղաջանյանի, աջակցում է գործող իշխանությանը, մյուս կողմից արձակում է վախի հերթական դոզան։
«Բաքվում կարծում են, որ մեր հանրությանը անընդհատ վախի, այս պատերազմի սպառնալիքի ներքո պահելը կարող է օգնել վերընտրվելու այս իշխանություններին և փորձելու ծախել մեր ժողովրդին այս կեղծ խաղաղության թուղթը։ Թուղթը, որովհետև սա փաստաթուղթ չէ, սա թուղթ է ընդամենը, այն էլ նախաստորագրված»։
Աղաջանյանը ընդգծեց, որ Ադրբեջանի պարագայում անգամ ստորագրված և վավերացված փաստաթղթերը հաճախ իրականություն չեն դառնում, քանի որ «իրենք հայտնի են իրենց ոչ պայմանագրունակ լինելու հանգամանքով՝ և իրենք, և թուրքերը»։ Ըստ Աղաջանյանի, որ ոչ պայմանագրունակ լինել թուրքերի և ադրբեջանցիների արժեքային համակարգի անբաժան մասերից մեկն է։
Բեռնափոխադրումների արգելքի վերացման «բեմականացում»
Աղաջանյանը նշեց, որ դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքի վերացումը բեմականացված խաղ է, ոչ թե րական զիջում։
«Ադրբեջանը ոչ մի զիջում չի արել, բացի նրանից, որ թույլատրել է Ռուսաստանից փաստացի Հայաստան մտնող, թեկուզ և իբրև թե ղազախական ցորենով բեռնված գնացքներին անցնել իր տարածքով»։
Աղաջանյանի դիտարկմամբ, ապաշրջափակման կամ այլ զիջումների մասին խոսք չկա.
«Սա ընդամենը փորձ է, այդ «Միջին միջանցք — Եվրոպական դարպասներ» ծրագիրը սկսել՝ այն անվանելով “երկու հակամարտող կողմերի մեջ վստահության ամրապնդման միջոցառում”, բայց սրա իրական նպատակը բոլորովին այլ է»։
Ի սկզբանե ներկայացվում էր, իբր սա լինելու է այլընտրանքային ճանապարհ, սակայն ցորենը ուղիղ Ղազախստանից՝ Կասպիցով, չի եկել, այլ անցել է Ռուսաստանի տարածքով երկաթուղիով, նշեց Աղաջանյանը։ Արդյունքում երկու ԵԱՏՄ երկրների միջև արդեն թ միջնորդ հայտնվեց՝ Ադրբեջանն ու Վրաստանը, որոնք քաղաքական և տնտեսական դիվիդենտներ են ստանում իբրև թե «վստահության միջոցառումներից»։
«Ես չգիտեմ՝ այդ ցորենն իր գնային առումով որքան է բարձրացել, բայց հաշվի առնելով, որ “համաշխարհային” պտույտ է կատարել մինչև այստեղ հասնելը, ակնհայտ է, որ գինը պատիկներով թանկացել է», – ասաց նա։
Դեսպանը նաև ընդգծեց անվտանգային խնդիրները. Նախ՝ այս ճանապարհը ստեղծում է կախվածություն Ադրբեջանից, երկրորդ՝ առաջանում է հարց՝ արդյո՞ք այդ ցորենի կամ անցնող ապրանքի որակը փոխվել է անվտանգային առումով։ Նա հիշեցրեց նաև բացասական նախադեպերը՝ ժամանակին Ադրբեջանը թունավորել էր ջրերը, պատերազմի ընթացքում և դրանից հետո օգտագործվել է ֆոսֆորային զենք, որը ավերում և թունավորում է բնապահպանական միջավայրը։
«Հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք, մենք չենք կարող բացառել, որ ցորենը կամ այլ նյութեր թունավորված լինեն, և ես վստահ չեմ, որ ժամանակի ընթացքում դա իր արտահայտությունը չի գտնի», – եզրափակեց նա։

