Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների հասցեին մի շարք կոշտ գնահատականներ է հնչեցրել, այդ թվում՝ ակնարկելով անհրաժեշտությունը վերանայել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության մեխանիզմը։ Սա առաջացրել է լուրջ մտահոգություն ինչպես հանրային շրջանակներում, այնպես էլ եկեղեցու ներսում։
Քաղաքագետ և պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը վստահ է՝ այս հարձակումները միտումնավոր են և ունեն քաղաքական նպատակ.
«Եկեղեցին այսօր մնացել է որպես միակ կազմակերպված ազգային ինստիտուտը։ Եվ հենց դա է պատճառը, որ իշխանությունները, այդ թվում՝ արտաքին ճնշումների ներքո, սկսում են թիրախավորել այն։ Երբ տարածաշրջանում հնչում են հայտարարություններ, որ հայկական եկեղեցին վտանգ է, և օրեր անց այդ գաղափարները արտացոլվում են իշխանությունների խոսքում՝ դա այլ բան չէ, քան համակարգված գործընթաց»։
Նա հիշեցնում է, որ նմանատիպ զարգացումներ արդեն եղել են՝ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ժամանակ։ «Երբ եկեղեցու ներսից առաջանում է ազգային ինքնության պաշտպանություն, իշխանությունն սկսում է հակազդել», — ասում է Ավետիսյանը։ Ըստ նրա՝ պատճառը պարզ է. եկեղեցին ծառայում է հայ ժողովրդի ազգային շահերին, իսկ գործող իշխանության դիրքորոշումն ու վարքագիծը հակադրվում են այդ շահերին։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, Ավետիսյանն արձագանքում է.
«Սա իշխանության կողմից փորձ է՝ լիարժեք վերահսկողություն սահմանել եկեղեցու նկատմամբ, ինչպես արվեց նախագահի ինստիտուտի պարագայում։ Թեկնածուներ, որոնք ոչ թե արժանի են, այլ պատրաստ են դառնալ քաղաքական կամակատար»։
Նա չի բացառում, որ իշխանությունն արդեն ունի իր նախընտրած թեկնածուն՝ հնարավոր ապագա կաթողիկոսի պաշտոնի համար, ինչպես եղավ նախագահի ընտրության ժամանակ։ «Եթե եկեղեցին չդիմադրի, կարող է հայտնվել նույն իրավիճակում՝ վերածվելով իշխանության խամաճիկ կառույցի»։
Անդրադառնալով սպասվող զարգացումներին, Հովհաննես Ավետիսյանն ընդգծում է՝ պատասխանները պետք է լինեն ոչ էմոցիոնալ, այլ խորը մտածված և ռազմավարական։ «Եկեղեցին պարտադիր չէ, որ արձագանքի հրապարակային ուղերձներով։ Իրենք պիտի գործեն, բայց դա չի նշանակում՝ հստակ կամ ակնհայտ ձևերով։ Հոգևոր ծառայողները մշտապես պայքարի մեջ են՝ բարոյական, արժեքային դաշտում։ Նրանք ամեն օր աշխատում են՝ պահպանելու ժողովրդի հոգևոր կորիզը»։
Նրա կարծիքով՝ երբ իրավիճակը ծայրահեղ է, բնական է, որ եկեղեցու ներսից էլ պայքարի ձևեր առաջանան։ Օրինակ է բերում Բագրատ Սրբազանին, որը հրաժարվել էր պաշտոնից՝ ամբողջությամբ նվիրվելով հանրային պայքարին։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը, Ավետիսյանը դրանք մանիպուլյատիվ է համարում։ «Հոգևորականը երկրի քաղաքացի է, ունի իր կարծիքն ու իրավունքները։ Եվ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ օրինակներ, երբ հոգևորականներ զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ։ Այս քարոզչական գիծը՝ իբր եկեղեցին իրավունք չունի մասնակցել քաղաքականությանը, իրականում նպատակ ունի մեկուսացնել այն՝ հասարակությունից ու իրական գործընթացներից»։
Անդրադառնալով եկեղեցու ռեսուրսներին՝ Ավետիսյանը վստահ է՝ եկեղեցին շարունակելու է գործել անգամ ամենաբարդ պայմաններում։ «Հայ առաքելական եկեղեցին ցանցային կառույց է, տեղակայված աշխարհի տարբեր վայրերում։ Նման կառույցները հաղթահարել հնարավոր չէ, եթե դրանց դեմ չի գործում միջազգային համակարգված ճնշում։ Հայկական պետությունը կարող է ժամանակավորապես կաթվածահար լինել, բայց եկեղեցին չի վերանա, չի հանձնվի։ Նրա առաքելությունը շարունակվելու է՝ անկախ ներքաղաքական զարգացումներից»։

