ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է ամբոխավարության սկզբունքներով՝ բոլորին ասում է այն, ինչ նրանք ակնկալում են։ Ընդ որում դա արվում է ոչ միայն ժողովրդի, այլ նաև տարբեր աշխարհքաղաքական կենտրոնների պարագայում։ Նման կարծիք հայտնեց Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար, նախկին դեսպան Արա Պապյանը։
Ըստ Պապյանի՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ, իբր երկիրը տանում է դեպի Արևմուտք, բայց իրականում այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, ավելին՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը միայն աճում է։ Այդուհանդերձ Փաշինյանին հաջողվում է իր այս կեղծ օրակարգը վաճառել Արևմուտքին, մասնավորապես ԵՄ-ին, նշեց Պապյանը։ Հարցին, թե ինչպես է դա հաջողվում իրագործել, եթե փաստերն բոլորովին այլ պատկերի մասին են վկայում, փորձագետը 2 պատճառ նշեց․ անձնական շահագրգռվածություն և իրազեկվածության ցածր մակարդակ։
«Բոլոր մարդիկ ձգտում են իրենց աշխատանքում արդյունք ցույց տալ, այդ թվում դիվանագետներ, փորձագետները: Իրենց անհրաժեշտ է ցույց տալ, որ աշխատել են և այդ աշխատանքը արդյունք է տվել: Օրինակ՝ իրականում տնտեսական հարաբերությունները Եվրամիության հետ առաջ շատ ավելի ակտիվ էին, քան այսօր, դրան հակառակ՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը խորացել է: Բայց իրենք այդ թվերից չեն խոսի, քանի որ նման պարագայում իրենց այդ բոլոր հիմնադրույթները կփլվեն, այսինքն՝ կա անձնական շահագրգռվածություն:
Բացի այդ իրենք Հայաստանի հետ կապված խնդիրների մեջ չեն խորանում: Եկեք նայենք իրականությանը: Ես խոսել եմ գերմանացի մի փորձագետի հետ, որը միաժամանակ զբաղվում էր Մոլդովայի, Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի հարցերով, և իր ժամանակի 80%-ը ուկրաինական հարցերն էին զբաղեցնում: Հայաստանից էլ շաբաթական առավելագույնը մի լուր լսած լիներ կամ չլիներ։ Դա է իրենց իրազեկվածության մակարդակը: Պիտի ընդունենք՝ Հայաստանը չունի կենսական կարևորություն Եվրոպայի համար», — ասաց նա:
Արդյունքում Փաշինյանին հաջողվում է, այս ամենից օգտվելով, ստեղծել իր համար անհրաժեշտ տպավորություն և առաջ գնալ՝ համոզված լինելով, որ երկրի ներսում իր անթույլատրելի քայլերի նկատմամբ Արևմուտքում աչքերը կփակեն։
Միևնույն ժամանակ, ըստ Պապյանի, Միացյալ Նահանգներում նրա նկատմամբ վերաբերմունքը մի փոքր ավելի խիստ է, որովհետև եկեղեցու դեմ Փաշինյանի այս ոտնձգությունները չի ընկալվում։ Բայց այստեղ էլ գործող վարչապետը կարողանում է հարթել իրավիճակը․
«Պետբյուջեի, այսինքն՝ մեր հաշվին, տարբեր միջոցառումներ է կազմակերպում, օրինակ՝ աղոթք-նախաճաշ։ Իրականում խաթարվել է աղոթքի նախաճաշի հիմնական սկզբունքը, ըստ որի կրոնական գործիչներն են նախաճաշը կազմակերպում և հրավիրում աշխարհիկներին: Մեզ մոտ ամեն ինչ շրջել է գլխիվայր՝ որ պետական պաշտոնյան ինչ-որ բան է կազմակերպում և հրավիրում է կրոնավորներին, և ակնհայտ է, որ սա արվում է անձնական նպատակներով»:
Պապյանը պնդում է՝ Փաշինյանի երկիրը իբր դեպի Արևմուտք տանելու բոլոր այս կեղծ քայլերը վարկաբեկիչ են հենց Արևմուտքի համար, քանի որ վարկապեկում են Արևմուտքը ՀՀ քաղաքացիների աչքերում․ «Ժողովուրդը նայում է և ասում՝ սա՞ է Արևմուտքը»:
«Պետք է ընդունել, որ ի տարբերություն բոլոր նախորդ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանը նկատմամբ շատ ավելի լավ է աշխատում «լավ է» աշխատում Արևմուտքի հետ, ժողովրդի հետ․ որովհետև ինքը բոլորին ասում և տալիս է սա այն, ինչ նրանք են ակնկալում», — ասաց Պապյանը:
Ժողովուրդը ձգտու՞մ է խաղաղության, սահմանների բացման, թոշակների և աշխատավարձերի բարձրացման՝ Փաշինյանը ստեղծում է տպավորություն, որ այս ամենը ապահովված է։
«Ներկայիս գործընթացները, ցավոք սրտի, չեն տանում խաղաղության: Այո, ժամանակավորապես մինչև ընտրությունները, մի փոքր էլ անց սահմաններում հանդարտ կլինի, բայց դա կկրի ժամանակավոր բնույթ։ Մյուս կողմից, եթեառանց դիմադրելու տալ թշնամուն ամեն ինչ, ռազմական գործողություններ չի լինի, բայց արդյո՞ք դա իրական խաղաղություն է և իրական անվտանգություն: Դա շատ նման է այն հայտնի խոսքին․ երբ որ ձեզ բռնաբարում են, մի դիմադրեք, հաճույք ստացեք: Այն, ինչ կատարվում է քաղաքական հարցով նույնն է», — նշում է նա:
Իշխանությունը ակտիվ հայտարարում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի տեղափոխման մասին և դա ներկայացվում է, որպես մեծ հաջողություն, սակայն իրականում ներկրվել է փոքր ծավալի ֆուրաժային ցորեն։ Ավելին Ադրբեջանից Հայաստան ցորեն չի մտել, այն միևնունն է Հայաստան մուտք է գործել Վրաստանից, հիշեցրեց Պապյանը։
«Իրականում արվեց այն, ինչ միշտ արվում էր՝ Ադրբեջանից Վրաստան, իսկ այնուհետև Հայաստան միշտ տասնյակ, հարյուրավոր միլիոն դոլարների ապրանք էր գալիս տարբեր տեղերից: Խնդիրը թղթաբանության մեջ է՝ նախկինում թղթաբանության մեջ վերջնակետը նշվում էր Թիֆլիս կամ ինչ-որ մի կետ է եղել, այնտեղ մի կազմակերպություն ընդունել է, վերաձևակերպել է և ռեէքսպորտ է արել Հայաստան: Այսինքն՝ ոչ մի նորություն չկա», — նշեց նա։
Այսօր իշխանությունը շատ է խոսում թոշակների բարձրացման մասին և, անկասկած, կներկայացնի դա որպես մեծ ձեռքբերում, շարունակեց Պապյանը։ Սակայն երբ համեմատում ենք գնողունակության հետ, պատկերը բոլորովին այլ է, պնդում է փորձագետը:
«Գնաճը վերջին տարիներին եղել է չափազանց բարձր: Օրինակ՝ նույն հացը, որ 2018 թվականին արժեր 250 դրամ, այսօր արժե 370 դրամ, ընդ որում՝ հացաբուլկեղենի չափը նկատելիորեն փոքրացել է, իսկ գնմանը ավելացել է նաև 50 դրամ՝ պոլիէթիլենային տոպրակի համար, ինչը նախկինում անվճար էր», — նշեց նա:
Պապյանը համաձայնեց, որ գնաճ գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում, սակայն զարգացած և կայուն տնտեսություններում այն ուղեկցվում է աշխատավարձերի ու թոշակների համարժեք ինդեքսավորմամբ: Հայաստանում այդպիսի համապատասխանություն չկա, ասաց նա: Փոխարենը կիրառվում է ընտրողական մոտեցում. որոշակի խմբերի՝ մասնավորապես իրավապահ համակարգի, ոստիկանության և քաղաքական թիմի մերձավոր շրջանակների աշխատավարձերը բարձրանում են կտրուկ (միլիոն, մեկուկես միլիոն, նույնիսկ երկու-երկուսուկես միլիոն դրամ), ինչը հետո տվյալները միջինացվում են ընդհանուր վիճակագրության մեջ և ստեղծում է տպավորություն, թե «աշխատավարձերն ընդհանրապես բարձրացել են», պնդում է Պապյանը։
Նա հավելեց, որ գնաճին համապատասխան պարտադիր ինդեքսավորում՝ բոլոր աշխատողների և թոշակառուների համար, գործնականում բացակայում է: Արդյունքում հասարակության ճնշող մեծամասնության իրական գնողունակությունը շարունակում է նվազել:
Այսպես, բոլորին մոլորեցնելով, Փաշինյանը հասնում է իր նպատակին։
«Բայց խնդիրը նրանում է, որ այդ նպատակները անձնապես իր և իր փոքր խմբի շահերն են: Այս առումով ինքը չակերտավոր հաջողակ է, բայց այդ հաջողակ լինելը շատ ծանր է նստում հայ ժողովրդի վրա», — եզրափակեց նա:

