Վարչապետ Փաշինյանը այսօր ներկայացրել է Վաղարշապատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությանը քաղաքացիական պայմանագրի հաղթանակի իր բացատրությունը: Բնականաբար դա ոչ վարչական ռեսուրսն է, ոչ այլ իշխանական լծակներից ստացված էֆեկտը և ոչ էլ տարբեր մանր կուսակցությունների փոշիացրած ձայները, որոնք գումարվելով նախկիններից մնացած ընտրակարգին, փաստացի հնարավորություն են տալիս 48%-ի դեպքում ստանալ 50+1%-ի էֆեկտ և ձևավորել միանձնյա իշխանություն:
Նիկոլ Փաշինյանի բացատրության համաձայն, «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի գլոբալ պատճառը այն է, որ ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին: «Մարդիկ ընտրեցին կյանքը», — ասում է Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես տեսնում ենք, Փաշինյանն իր ամպլուայի մեջ է․ խոսել, դիլեմաներով կամ ծայրահեղությունների այդ հակադրությունը ստեղծելով, ինչպես օրինակ նախկին-ներկա, սև-սպիտակ, խաղաղություն-պատերազմ, Վաղարշապատում էլ՝ կյանք և ապոկալիպսիս: Ընդ որում Վաղարշապատի ընտրությանը որևէ մեկը կարծես թե ապոկալիպսիսի մասին չի էլ խոսել։ Ավելին, ընդդիմադիր ուժերի
հաղթանակի հանդեպ ապոկալիպտիկ սպասումներ ձևավորող հռետորաբանությամբ աչքի էր ընկնում մասնակից ուժերից մեկը, որն առավելագույնս մոտ է դիրքավորված հենց Նիկոլ Փաշինյանին և նրա առաջնորդած ուժին: Ի դեպ, այդ ուժը նաև չի հաղթահարել անցողիկ շեմը:
Նիկոլ Փաշինյանի համար, սակայն, անկասկած էականը այն չէ, թե գործնականում ինչ է խոսվել Վաղարշապատի համայնքային ընտրությանը: Էական չէ, որովհետև երկիմաստությունները, երկու ծայրահեղությունների այդ բանաձևը, նրա համար սեփական էլեկտորատը պահելու, այդ էլեկտորատին մոբիլիզացնելու, ոգևորելու, լիցքավորելու, այսպես ասած «դուխը» պահպանելու միակ միջոցն է:
Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է այդպես դաստիարակել իր էլեկտորատին, և այդ էլեկտորատը ի վիճակի չէ այլևս սպառել որևէ այլ բովանդակություն, այլ օրակարգ, քաղաքական այլ տրամաբանություն, գտնվել ծայրահեղություններից դուրս որևէ միջավայրում: Եթե մթնոլորտը հագեցած չէ այդ ծայրահեղությունների դիմակայությամբ, եթե մթնոլորտը հագեցած չէ այդ մոդելով, Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը կարող է անգամ շնչահեղձ լինել այդպիսի մթնոլորտում:
Իհարկե, Փաշինյանին հետաքրքրում է ոչ թե այդ հանգամանքը, այլ այն, որ այդպիսի մթնոլորտում, ծայրահեղություններից դուրս մթնոլորտում՝ ծայրահեղությունների այդ բանաձևը չխաղարկելու պարագայում էլեկտորատի մոտ կարող է առաջանալ հիասթափություն առաջնորդից: Սա է, իհարկե, որ մտահոգում է Նիկոլ Փաշինյանին:
Այո, նա այսօր իր իսկ վարժեցրած էլեկտորատի գերին է, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կարող էր համարվել գերին, եթե հենց ինքն էլ ձևավորած չլիներ էլեկտորատի այդ պահանջարկը շատ տարիներ առաջ, ընդհուպ մինչև իշխանության գալը։ Դեռևս ընդդիմադիր կարգավիճակում նա առաջարկել էր ծայրահեղությունների այդ բանաձևը, դրանով ձևավորել պահանջարկ, հետո արդեն բավարարել այդ պահանջարկը, որպես քաղաքական կենսագործունեության առանցք:
Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գուցե նաև հրաժարվեր էլեկտորատի հետ այդպիսի մոդելով հարաբերվելուց, եթե որպես քաղաքական սուբյեկտ ի զորու լիներ առաջարկել այլ, ավելի արդիական մոդել, ավելի ստեղծարար տրամաբանության վրա հիմնված մոդել, բայց կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանն ու նրա ձևավորած քաղաքական թիմը ի զորու չեն և չունեն այդ հմտությունը, բացի ծայրահեղությունների վրա խաղալուց՝ հանրությանը ներկայացնել հարաբերությունների և քաղաքական օրակարգի, քաղաքական մտածողության այլ ուղենիշներ և այլ բանաձևեր:
Հետևաբար, կյանքը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ նրա, ընտրել է «Քաղաքացիական պայմանագրի» էլեկտորատը Վաղարշապատում, հենց այն ծայրահեղությունների միջավայրն է, որ ստեղծել և ամեն գնով փորձում է պահել Նիկոլ Փաշինյանը՝ հենց դա դիտարկելով իշխանությունը պահելու, պահպանելու գործնականում միակ կենսունակ հնարավորությունը իր համար:
Դա է նաև պատճառը, որ նրա առաջարկած և նրա ներկայիս քաղաքական գործունեության փիլիսոփայական և գաղափարական առանցք դարձված «իրական Հայաստանի» այսպես կոչված գաղափարախոսությունը, այլ բան չէ, քան գերազանցապես կենցաղային կարիքների բավարարման փիլիսոփայության վրա կառուցված մտավարժանք, որը պետությանը, ավելի ճիշտ՝ այդ պետության ղեկին գտնվողներին ազատում է կենցաղից վեր որևէ այլ ուղենիշից կամ որևէ այլ ուղենիշի համար պատասխանատվությունից։ Դրանից վեր ուղենիշները հռչակվում են կոնֆլիկտային, այն էլ տարածաշրջանային մասշտաբով կոնֆլիկտային։ Դե-ֆակտո այդ տրամաբանությամբ լեգիտիմացվում է Հայաստանի Հանրապետության հանդեպ ադրբեջանական մինչ այժմ կիրառված ագրեսիան, շանտաժը և այն նկրտումները, որ արտահայտում է Ադրբեջանը Հայաստանի հանդեպ առ այսօր։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

