2026 թվականի ընտրություններին ընդդիմությունը պետք է հանդես գա հնարավորինս քիչ, բայց էֆեկտիվ շարասյուններով։ Ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացումն այսօր իշխանության վերարտադրության ամենաարդյունավետ գործիքն է։ Նման կարծիքի է աղաքական վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Դասեր պետք է քաղել, դրանք բարդ չեն
Հակոբյանի խոսքով՝ վերջին տարիներին յուրաքանչյուր ընտրությունից հետո հնչում է միևնույն միտքը՝ ընդդիմությունը պետք է դասեր քաղի։ Սակայն, ինչպես ընդգծում է վերլուծաբանը, այդ «դասերը» ոչ թե բարդ քաղաքական ճարտարագիտություն են պահանջում, այլ տարրական հաշվարկ.
«Պարզ էր ու մնում է պարզ, որ ամենամեծ խնդիրը հնարավորինս քիչ շարասյուններով մասնակցելն է։ Ընտրություններին պետք է մասնակցեն միայն այն ուժերը, որոնք, ռեալ գնահատելով իրենց ռեսուրսներն ու կարողությունները, կարող են արդյունքնորի հասնել։ Ընդդիմադիր դաշտը պոտք է կաորողանա հասցնել մի պարզ գազափար․ նրանք, ովքեր մասնակցում են օլիմպիական սկզբունքով՝ մասնակցություն հանուն մասնակցության, ըստ էության ջուր են լցնում իշխանության ջրաղացին»։
Հակոբյանը հիշեցնում է, որ վերջին ընտրություններին եղել են բազմաթիվ օրինակներ, երբ ընդդիմադիր կուսակցությունները չէին հաղթահարում անցողիկ շեմը։ «Սա պարզ ընտրական մաթեմատիկա է՝ այդ ձայները մեխանիկորեն ամրապնդում են իշխանության դիրքերը», — նշում է փորձագետը։
2026-ի կարևորագույն պայմանը՝ 3–4 էֆեկտիվ շարասյուն
Վերլուծաբանի համոզմամբ՝ միասնական, համազգային ընդդիմադիր բևեռի ձևավորումը այլևս իրատեսական չէ. դաշտը բազմաբևեռ է և կմնա այդպիսին։ Բայց դա չի նշանակում, որ պետք է գնալ 10 կամ 14 ուժով.
«Անհրաժեշտ են 3–4 ուժից կազմված էֆեկտիվ շարասյուններ՝ ռեալ ռեսուրսով, բարձր տոկոս հավաքելու պոտենցիալով, որոնք կարող են անցնել խորհրդարան և հետագայում ձևավորել հետընտրական դաշինք»։
Հակոբյանը հատուկ կանգ է առնում Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների վրա. ըստ նրա՝ ՔՊ-ի հաղթանակը կայացել է ոչ թե իշխանության ուժի, այլ ընդդիմության փոշիացման հաշվին։
«Բոլոր վարչական ռեսուրսներից, համայնքների միացումից ու էլեկտորալ ճարտարագիտությունից հետո անգամ իշխանությունը ստացել է ընդամենը 48,5%։ Սա վկայում է ոչ թե ուժի, այլ թույլ դիրքի մասին»։
Նրա խոսքով՝ այս արդյունքը ահազանգ էր իշխանության համար էլ, քանի որ 2026-ին նման տոկոսը չի կարող ապահով երաշխիք համարվել։
Գյուղական համայնքները այլևս ոչ երաշխավորված ռեսուրս
Մինչ այժմ գյուղական համայնքները հիմնականում աջակցել են գործող իշխանություններին՝ անկախ նրանից, թե ովքեր են եղել դրանք՝ ՀՀՇ, ՀՀԿ, ՔՊ։ Սակայն Հակոբյանը նշում է, որ այս ընտրություններում չմասնակցած մի շարք ընդդիմադիր ուժեր, որոնք դեռ ձևավորման փուլում են, ունեն իրական պոտենցիալ ճեղքել այդ ավանդույթը.
«Կան ուժեր, որոնք գյուղերում լուրջ ռեսուրս ունեն և կարող են առաջին անգամ իրական մրցակցություն բերել այն դաշտ, որտեղ իշխանությունը միշտ առավելություն է ունեցել»։
Վերլուծաբանը չի բացառում, որ իշխանությունը, գիտակցելով ռիսկերը, կարող է օգտվել վարչական և նույնիսկ ռեպրեսիվ մեթոդներից՝ որոշ ուժերի չգրանցելու կամ սահմանափակելու միջոցով.
«Այս ամենի մասին արդեն ակնարկներ կան։ Եթե նոր ուժերը գյուղական համայնքներում լուրջ պայքար տանեն, դա իշխանության համար կդառնա գլխացավանք, և նրանք կփորձեն կանխել դա՝ կիրառելով մոլդովական մեթոդաբանությանը նման մոտեցումներ»։

