Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը վստահ է՝ իրական, երկարաժամկետ խաղաղությունը չի պահանջում քարոզչություն։ Երբ այն գոյություն ունի, մարդիկ դա զգում են ամենօրյա կյանքում՝ առանց բացատրությունների։ Սակայն նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս գտնվում է ժամանակավոր, պայմանական «թայմ աութի» մեջ՝ մոտ երեք տարվա ժամանակահատված, որը կարող է դառնալ թե՛ իրական խաղաղության հիմք, թե՛ հերթական ծանր բախման նախերգանք։
Ըստ Հայրապետյանի՝ այդ ժամանակահատվածի օգտագործումը ունի երկու ձև. կամ՝ լրջորեն աշխատել երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ դիվանագիտության, անվտանգային համակարգերի համալիր բարեփոխման և բանակի մոդեռնիզացիայի միջոցով, կամ՝ այն վատնել անիմաստ ու վտանգավոր օրակարգերով՝ զբաղվելով ցուցադրական միջոցառումներով, քարոզչական աղմուկով և ներքին մանևրներով։
Անվտանգության բաց թողնված հնարավորություններն ու արտաքին գործոնները
Հայրապետյանը հիշեցնում է անցած տարվա մարտ–ապրիլ ամիսների իրավիճակը, երբ, իր խոսքով, ամերիկյան միջնորդությունը թույլ տվեց խուսափել պատերազմից։ Սակայն նա շեշտում է՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել նման սցենարի կրկնությունը հատկապես ներկայիս մշտապես փոփոխվող և ցինիկ աշխարհում, որտեղ միջազգային իրավունքի նորմերը հաճախ դրվում են հարցականի տակ։
«Ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ում վարչակազմ փոխվի։ Ի՞նչ կլինի, եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա որոշակի համագործակցությունը վերածվի սուր առճակատման, այդ թվում՝ մեր տարածաշրջանում»,— հարցադրում է Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նման անորոշ միջավայրում Հայաստանը պարտավոր է ինքնուրույն լուծումներ գտնել և հույսը չդնել բացառապես արտաքին երաշխիքների վրա։
Ուժի լեզուն և անկախության գինը
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը երբեք չի ստորագրվելու, և դա կանխատեսելի էր դեռ երեք տարի առաջ։Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ինքնին տարածքային պահանջ է Ադրբեջանի կողմից դրվող։ Նրա գնահատմամբ՝ հայկական կողմը պարտավոր է կոշտորեն հակադարձել այդ օրակարգին։ Ըստ նրա տեղեկությունների՝ ամերիկյան կողմն ինքն էլ այդ ձևակերպումը միանշանակ չի ընդունում, քանի որ այն հակասում է նույնիսկ իրենց նախաձեռնությունների տրամաբանությանը։
Միաժամանակ նա ընդգծում է, որ Միացյալ Նահանգները ներկայումս գլոբալ բազմաթիվ խնդիրների մեջ է ներգրավված, և Հայաստանի շահերը առաջնահերթ չեն լինելու, եթե Հայաստանը ինքը բավարար ճնշում չգործադրի։ Այդ ճնշման առանցքում, նրա համոզմամբ, պետք է լինի անվտանգությունը և բանակի վերականգնումը։
Բանակը որպես զսպման միակ գործիք
Հայրապետյանի համոզված է՝ եթե Հայաստանը Ադրբեջանին չցույց տա, որ ցանկացած նոր պատերազմ իր համար չափազանց թանկ գին է ունենալու՝ լինի դա երեք, հինգ կամ տասը տարի անց, ապա վտանգը շարունակելու է կախված մնալ երկրի վրա։
Նա ընդգծում է՝ իշխանությունները հավերժ չեն, սակայն պետության անվտանգությունը պետք է կառուցվի երկարաժամկետ հաշվարկներով։ Այսօր Հայաստանին ընձեռված «թայմ աութը» կամ կօգտագործվի խելամտորեն՝ ի շահ երկրի, կամ կկորչի՝ ստեղծելով նոր, ավելի ծանր հետևանքներ։ «Ընտրությունը մերն է»,— եզրափակում է ադրբեջանագետը։

