Փաշինյանի գործողությունները իրականում ամրապնդեցին ՀԱԵ դիրքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, ի հեճուկս ակնկալիքների, հանգեցրին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբման։ Այսպիսի տեսակետ է հայտնել Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանի սխալ հաշվարկների կամ դիտավորյալ մոտեցումների հետևանքով ձևավորվել է իրավիճակ, երբ ոչ միայն եկեղեցին, այլև սփյուռքի տարբեր շերտեր համախմբվում են Կաթողիկոսի շուրջ։ «Հնարավոր է այլ պայմաններում այդքան մարդ չհավաքվեր Կաթողիկոսին դիմավորելու համար», – նշել է Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ Վեհափառի և եկեղեցական կառույցների գործունեությունը միշտ էլ եղել է քննադատության առարկա, մասնավորապես՝ թափանցիկության պակասի, մարտի 1-ի դեպքերին և պատերազմին չարձագանքելու առումով։ «Քննադատելու շատ բան կա։ Բայց եթե ցանկանում ես, որ եկեղեցին լինի ժողովրդի հետ կապված, պետք է դրա մասին խոսել անկեղծ ու անաչառ», – նշել է նա՝ հավելելով, որ այսօր այդ խնդիրները հետին պլան են մղվում։

Առաջին պլան է դուրս գալիս եկեղեցուն պաշտպանելու անհրաժեշտությունը։ «Դա օբյեկտիվ է։ Այդպես էլ պետք է լիներ։ Արդյունքում ձևավորվում է նոր, ավելի ուժեղ բևեռ։ Եթե նախկինում եկեղեցին քաղաքականորեն պասիվ ու թույլ բևեռ էր, այժմ այն դառնում է լուրջ խաղացող», – կարծում է ՀԱԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ եկեղեցու շուրջ համախմբումը արդեն արձանագրվում է տարբեր մակարդակներում։ «Թեմերը պատրաստ են իրավիճակի սրման։ Շատ հավատացյալներ արդեն հայտարարել են իրենց դիրքորոշման մասին։ Որոշ քաղաքական ուժեր կարող են օգտվել այս կոնֆլիկտից, կամ էլ՝ հանդես գալ հանդուրժողականության կոչերով», – նշել է նա։

Մանուկյանի գնահատմամբ, անգամ եթե եկեղեցին հանդես գա համերաշխության և հանդուրժողականության կոչերով, իշխանությունն այդ ճանապարհով չի գնալու։ «Իշխանության նպատակը բոլորովին այլ է։ Նման տոտալ հարձակում սկսելու լուրջ հիմքեր այս պահին պարզապես չկային։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում, ավելի շատ հասարակության ուշադրությունը այլ հարցերից շեղելու մանևր է, քան իրական բարեփոխումների փորձ», – եզրափակել է նա։

Scroll to Top