Էներգետիկ ոլորտի վերահսկողության ընդլայնո՞ւմ, թե մասնավորի սահմանափակում

Ազգային ժողովում արագացված կարգով քննարկվում է «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթ, որն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Հանրային դիսկուրսում օրինագիծն արդեն ստացել է «ՀԷՑ-ի պետականացման մասին» օրենք անվանումը։ Իսկ ի՞նչ է իրականում նախատեսվում այս փոփոխություններով և ինչ ռիսկեր են դրանք պարունակում՝ պարզում ենք հոդվածում։

⚠️Ի՞նչ է առաջարկում իշխանությունը

Օրենսդրական փաթեթի կարևոր բաղադրիչներից մեկը պետությանը գույք ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելն է: Եթե էներգետիկ ընկերությունը մտադիր է օտարել իր գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները, կառավարությունն առաջինն է իրավունք ստանում գնելու այն՝ շուկայական արժեքով, առանց մրցութային գործընթացի: Ընկերությունը պարտավոր է ծանուցել կառավարությանը նման մտադրության մասին, իսկ պետությունն երեք ամսվա ընթացքում կարող է օգտվել այդ իրավունքից: Գույքի արժեքը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով: Եթե առկա են մի քանի գնահատման հաշվետվություններ, ընտրվում է դրանց միջին արժեքը, բայց եթե արժեքների տարբերությունը գերազանցում է 10%-ը, հաշվի է առնվում առավելագույնը 10% տարբերությամբ արժեքը: Կառավարությունը պնդում է, որ այս մեխանիզմը երաշխավորում է արդար գնագոյացում, սակայն քննադատները կարծում են, որ այն սահմանափակում է ընկերությունների ազատությունն ու կարող է խոչընդոտել մրցակցությանը:

Հաշվի առնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը՝ օրենքը ներկայացնում է ժամանակավոր կառավարիչների նշանակման մեխանիզմ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահը կարող է առանց դատարանի որոշման նշանակել ժամանակավոր կառավարիչ, եթե կա խախտումների կասկած: Այս կառավարիչը ստանձնում է ընկերության գործադիր կառավարման լիազորությունները, կարող է փոփոխություններ պարտադրել կանոնադրությունում կամ ղեկավար կազմում: Կառավարիչը պետք է ունենա բարձրագույն կրթություն և էներգետիկայի կամ կառավարման ոլորտում առնվազն հինգ տարվա փորձ: Նրա գործունեությունը ֆինանսավորվում է ընկերության միջոցներով, իսկ հնարավոր վնասները փոխհատուցվում են վարչարարության մասին օրենքով սահմանված կարգով: Այս մեխանիզմը, ըստ կառավարության, պետք է կանխի էներգամատակարարման ընդհատումները, սակայն այն կարող է ընկալվել որպես ընկերությունների ներքին գործերին անհամաչափ միջամտություն՝ առանց դատական վերահսկողության:
Եթե ընկերությունը կամավոր հրաժարվում է լիցենզիայից կամ զրկվում է դրանից, կառավարությունը կարող է առաջարկել բաժնետերերին օտարել ընկերության բաժնետոմսերը, գույքը կամ գույքային համալիրը: Երեք ամսվա ընթացքում օտարումը չկատարվելու դեպքում պետությունը կարող է հարկադիր կերպով օտարել դրանք՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան: Լիցենզիայից հրաժարված ընկերությունը կարող է պարտավորվել ժամանակավորապես շարունակել գործունեությունը՝ մինչև նոր լիցենզիա տրամադրվի: Այս կարգավորումները նպատակ ունեն ապահովել սպառողների անխափան մատակարարումը, սակայն դրանք կարող են ընկալվել որպես մասնավոր սեփականության նկատմամբ անհիմն սահմանափակում:

ՀԾԿՀ-ի նախագահը ստանում է լայն լիազորություններ՝ կանխարգելիչ միջոցներ կիրառելու համար, եթե կա խախտումների կասկած: Այդ միջոցները ներառում են խախտումների վերացման ծրագրի սահմանում, ընկերության ղեկավար մարմնի ժողով հրավիրելու պահանջ, կանոնադրության կամ ղեկավար կազմի փոփոխություն, ինչպես նաև ժամանակավոր կառավարիչ նշանակելու հնարավորություն: Այս միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով ընկերության կողմից նախկինում կատարված խախտումների բնույթն ու հաճախականությունը: Ավելին, եթե կառավարության լիազոր մարմինը հաղորդում է, որ վտանգված է էներգետիկ համակարգի անվտանգությունը կամ սպառողների շահերը, ՀԾԿՀ-ի նախագահը պարտավոր է հինգ օրվա ընթացքում հարուցել վարչական վարույթ և կիրառել կանխարգելիչ միջոցներ: Այս գործընթացը, թեև նպատակ ունի արագ արձագանք ապահովել, կարող է հանգեցնել կամայական որոշումների՝ դատական վերահսկողության բացակայության պատճառով:

🚩🚩🚩Հնարավոր ազդեցությունները

Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը պարունակում է մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ մասնավոր սեփականության պաշտպանության, տնտեսական ազատության և ներդրումային միջավայրի համար: Նախագիծը կառավարությանը և ՀԾԿՀ-ին տրամադրում է բացառիկ լայն լիազորություններ՝ առանց բավարար հակակշիռների: Ավելին՝ նման լիազորությունները ակնհայտորեն խախտում են մասնավոր սեփականության պաշտպանվածության և տնտեսական գործունեության ազատության սկզբունքները:

Բացի դրանից, մասնավոր ընկերությունների բաժնետոմսերի կամ գույքի հարկադիր օտարումը, նույնիսկ Սահմանադրության 60-րդ հոդվածի հղումով, չի ապահովում արդար փոխհատուցման և դատական վերահսկողության բավարար երաշխիքներ, ինչը կարող է հանգեցնել Սահմանադրական դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումների: Նախագծում առկա են նաև իրավական անորոշություններ։ Այսպես, ըստ նախագծի, «Կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերեւույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ հավանական խախտումը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ անհապաղ, բայց ոչ ուշ քան հաղորդումը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում հարուցվում է վարչական վարույթ»Ւ Սակայն չի հստակեցնում «հաղորդման» կազմման ձևաչափը, իսկ բազմակի գնահատման հաշվետվությունների դեպքում բացակայում են ընտրվող տվյալների ընթացակարգի, ժամկետների և պատասխանատուների վերաբերյալ հստակ կարգավորումներ: Այս անորոշությունները կարող են հանգեցնել կամայական որոշումների և երկարատև վեճերի:

Բացի այդ, երրորդ կողմի կողմից ժամանակավոր կառավարիչների նշանակումը, բաժնետոմսերի հարկադիր օտարման սպառնալիքը և գործադիր կառավարման լիազորությունների փոխանցումը բացասական ազդակներ են բիզնես միջավայրի համար: Սա կարող է վանել ներդրողներին, նվազեցնել մասնավոր հատվածի վստահությունը և հանգեցնել ոլորտից ընկերությունների դուրս գալու որոշումների: Նախագիծը նաև կիրառում է խիստ միջոցներ նույնիսկ խախտումների կասկածի դեպքում, ինչը հակասում է իրավական համաչափության և անմեղության կանխավարկածի սկզբունքներին: Սա կարող է հանգեցնել անարդար միջամտությունների՝ դեռևս չապացուցված խախտումների հիման վրա:

Այս թերությունները կարող են օրենքի կիրառումը դարձնել ոչ միայն վիճահարույց, այլև վնասակար պետություն-մասնավոր համագործակցության և ներդրումային միջավայրի համար՝ խաթարելով ոլորտի կայունությունն ու վստահությունը:

Scroll to Top