Հայաստանի դատաիրավական համակարգում շարունակում է արմատացած մնալ մի արատավոր պրակտիկա, որի մասին տարիներ շարունակ ահազանգում են իրավապաշտպանները. կալանքը կիրառվում է ոչ թե որպես ծայրահեղ, այլ որպես առաջնային և պատժիչ գործիք:
Վերջին ամենաաղմկոտ օրինակներից մեկը արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի ձերբակալությունն ու կալանավորումն է, որը տեղի ունեցավ մայիսի 18-ին Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպման ժամանակ գրանցված միջադեպից հետո։ Օսիպյանն արդեն ութերորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, իսկ իրավապաշտպան հանրությունը նրա նկատմամբ հետապնդումը որակում է ակնհայտ անօրինական և քաղաքականապես մոտիվացված։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մանրամասն վերլուծել է, թե ինչու է այս և նմանատիպ այլ գործերով կալանքի կիրառումն անհամաչափ և ինչու է համակարգը ձախողում արդարադատություն իրականացնելու իր առաքելությունը:
Քաղաքական կոնտեքստ և անհամաչափ արձագանք
Անդրադառնալով Օսիպյանի հետ կապված միջադեպին՝ Սաքունցը շեշտում է, որ նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիների կողմից սուր հարցադրումներն ու դրանից բխող բանավեճերը բնական են։ Քարոզչություն իրականացնող քաղաքական ուժը չի կարող ակնկալել միայն աջակցող մոտեցումներ։
«Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ քաշքշուկը քրեական օրենսգրքով ինչ-որ նորմերի խախտում է (օրինակ՝ խուլիգանություն), ապա առաջնահերթ պետք է դիտարկվեր վարչական իրավախախտման տարբերակը։ Բայց եթե նույնիսկ իրավապահները համարել են, որ դա քրեորեն հետապնդելի արարք է, ինչո՞ւ է քննիչը միջնորդում, իսկ դատարանը կիրառում հենց կալանքը։ Սա անհիմն է և ոչ համաչափ»,- նշում է իրավապաշտպանը։
Սաքունցի պնդմամբ՝ սա միայն քաղաքական դեպքերի խնդիր չէ, այլ ավելի խորը՝ համակարգային ճգնաժամ։ Չնայած նոր Քրեական դատավարության օրենսգիրքն ընդլայնեց խափանման միջոցների ընտրանքը՝ տնային կալանք, գրավ, ստորագրություն չհեռանալու մասին և այլն, դատարանները շարունակում են ամենաշատը կիրառել հենց կալանքը։
Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում ևս լուրջ մտահոգություններ են հնչել այն փաստի շուրջ, որ երկրում կալանավորված անձանց թիվն ավելի շատ է, քան դատապարտյալներինը:
«Ամենասովորական, շարքային, քաղաքականության հետ կապ չունեցող դեպքերով էլ մենք տեսնում ենք, որ դատարանները շարունակում են կալանքը որպես խափանման միջոց ամենաշատը կիրառել։ Սա պետք է մտահոգի առաջին հերթին դատական իշխանությանը և Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)։ Այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի»,- ահազանգում է Սաքունցը։
Օրենքի տառը՝ ընդդեմ կամայականության
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ կալանքը պետք է կիրառվի միայն այն ծայրահեղ դեպքում, երբ դատարանը քննում է մնացած բոլոր խափանման միջոցներն ու գալիս այն եզրակացության, որ դրանք արդյունավետ չեն։ Կալանքի հիմնական ռիսկերը երեքն են. անձի խուսափելը քննչական մարմնից, քննությանը խոչընդոտելը կամ վկաների վրա ճնշում գործադրելը, նոր հանցագործության կատարումը։
Արթուր Օսիպյանի դեպքում, ով հանրային ճանաչում ունեցող անձ է, Սաքունցի կարծիքով՝ թաքնվելու կամ քննությունից խուսափելու ռիսկերը զրոյական են, և դատարանը պարտավոր էր քննարկել այլընտրանքային միջոցները։
Ավելին, անդրադառնալով կալանքի 2-ամսյա ժամկետներին՝ հարց է առաջանում. եթե անձը մեղադրվում է ընդամենը մեկ հրապարակային արտահայտության համար, որի շուրջ պարզապես պետք է բացատրություն վերցնել, ապա ինչո՞ւ է քննիչին անհրաժեշտ 60 օրով մեկուսացնել մարդուն։ Սա խոսում է այն մասին, որ կալանքի ժամկետները հաճախ չեն համապատասխանում քննչական գործողությունների իրական անհրաժեշտությանը։
Քննադատական խոսքի և բռնության կոչի սահմանը
Արթուր Սաքունցը հստակեցրել է նաև հանրային խոսքի իրավական սահմանները։ Բռնության կոչ է համարվում այն բառապաշարը, որն ուղղված է անձի ֆիզիկական անձեռնմխելիության խաթարմանը, ատելության, թշնամանքի հրահրմանը կամ թիրախավորմանը, որը կարող է դրդել հետևորդներին գործողության անցնել։
Մինչդեռ քննադատական խոսքը, նույնիսկ եթե այն պարունակում է կոշտ ու վիրավորական արտահայտություններ, բայց չի ենթադրում ֆիզիկական բռնություն կամ գործողություն անձի, նրա ընտանիքի կամ համակիրների նկատմամբ, չպետք է պատժվի քրեական կալանքով։
Սաքունցը շեշտում է, որ քաղաքական թեժ պայքարում նման խոսույթն անթույլատրելի է, բայց առավել վտանգավոր է, երբ հնչում են «նստեցնելու» կամ «լրտես» որակելու հայտարարություններ՞ որորք օգտագործում է գործող վարչապետը․
«”Նստեցնելու եմ” ասելն արդեն ոչ թե պարզապես կոշտ խոսք է, այլ սպառնալիք և իշխանական լիազորությունների չարաշահում։ Դու դատարան չես, դու քրեական մարմին չես, որ նման արտահայտություն անես։ Մարդուն ազատազրկել կամ լրտես ճանաչել կարող է բացառապես դատարանը՝ օբյեկտիվ փաստերի հիման վրա»։Իրավապաշտպանը հիշեցնում է ժողովրդավարական պետության ամենակարևոր կանոնը, որը հաճախ մոռացվում է հայաստանյան իրականությունում. ցանկացած անձ անմեղ է, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ: Իսկ քանի դեռ համակարգը կալանքն օգտագործում է որպես մարդուն նախնական պատժի ենթարկելու միջոց, Հայաստանում դատական իշխանության անկախության մասին խոսելը դեռևս վաղ է։

