TRIPP-ի շուրջ բանակցած դիվանագետները պետք է հեռացվեն աշխատանքից

TRIPP-ի շուրջ բանակցած դիվանագետները պետք է հեռացվեն աշխատանքից

TRIPP-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը պարունակում է լուրջ քաղաքական և իրավական ռիսկեր: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արսեն Գասպարյանը։

Նրա պնդմամբ՝ այս փաստաթղթի շուրջ բանակցություններ վարած դիվանագետները պետք է անհապաղ հեռացվեն աշխատանքից։ Գասպարյանի խոսքով՝ փաստաթղթի մեջ առկա են առնվազն վեց հիմնարար խնդիրներ, որոնք կարող են երկարաժամկետ, իսկ որոշ դեպքերում անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Նրա գնահատմամբ՝ առաջին և ամենակարևոր խնդիրը վերաբերում է Հայաստանի կարգավիճակին այդ ծրագրում։ Քաղաքագետը նշում է, որ թեև պաշտոնապես տարածքային փոխանակման մասին խոսք չկա, փաստացի տեղի է ունենում ինքնիշխան լիազորությունների ֆունկցիոնալ փոխանցում։

«Հայաստանը դառնում է փոքրամասնության բաժնետեր։ Ճիշտ է, տարածքի փոխանակում չկա, բայց գոյություն ունի ինքնիշխան լիազորությունների ֆունկցիոնալ փոխանցում։ Այդ 74 տոկոսը, որը հանձնվել է Միացյալ Նահանգներին, արդեն իսկ լուրջ խնդիր է ստեղծում։ Ես միշտ ասել եմ, որ եթե այլ տարբերակ չկար, առավելագույնը կարելի էր համաձայնել 25 տոկոսի, բայց երբ դու ֆունկցիոնալ առումով փոխանցում ես ինքնիշխան լիազորություններ, դա ստեղծում է շատ լուրջ ռիսկեր»,- նշել է նա։

Երկրորդ խնդիրը, ըստ քաղաքագետի, վերաբերում է կոնցեսիայի ժամկետին։ Գասպարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ համաձայնագիրը նախատեսում է 49 տարվա կոնցեսիա՝ հետագայում ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նրա կարծիքով՝ նման տևողությամբ համաձայնագրերը հաճախ դառնում են քաղաքականապես անշրջելի և պետությունների համար ստեղծում են լուրջ կախվածություններ։ Որպես օրինակ նա հիշեցնում է Մոլդովայի փորձը, որտեղ օդանավակայանը 49 տարվա կոնցեսիայով փոխանցվել էր ռուսական կողմին։ «Կարելի էր ուսումնասիրել այդ փորձը և տեսնել, թե ինչ հետևանքներ ունեցավ այդ որոշումը ռուս-մոլդովական հարաբերությունների վրա։ Շատ խնդիրներ սկսվեցին հենց այն պահից, երբ օդանավակայանը 49 տարով հանձնվեց կոնցեսիայի»,- ասել է նա։Մեկ այլ օրինակ Գասպարյանը բերում է Աֆրիկայի Ջիբուտի պետությունից, որտեղ նավահանգիստներից մեկը 49 տարով փոխանցվել էր DP World ընկերությանը։ «Այնտեղ նույնպես առաջացավ լուրջ հակամարտություն, երբ Ջիբուտիի իշխանությունները հասկացան, որ սխալվել են և նման երկարաժամկետ կոնցեսիաները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ պետության համար»,- նշել է քաղաքագետը։

Երրորդ խնդիրը վերաբերում է Հայաստանի օրենսդրությանը։ Գասպարյանի խոսքով՝ փաստաթղթում առկա է դրույթ, ըստ որի Հայաստանը համաձայնվում է ընդունել շեղումներ սեփական օրենսդրությունից։ Նրա համոզմամբ՝ սա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել երկրի ներքին քաղաքական և իրավական համակարգում։ «Եթե պետությունը համաձայնում է օրենսդրական շեղումների, ապա դա հետագայում բազմաթիվ հարցեր է առաջացնելու ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական մակարդակներում»,- ընդգծել է նա։

Չորրորդ խնդիրը, ըստ քաղաքագետի, վերաբերում է վեճերի կարգավորման մեխանիզմների բացակայությանը։ Գասպարյանը նշում է, որ փաստաթղթում չի նախատեսվել որևէ անկախ արբիտրաժային մարմին կամ չեզոք երկրի դատարան, որը կարող է լուծել կողմերի միջև առաջացող վեճերը։ «Նշված է միայն, որ կողմերը պետք է խորհրդակցությունների միջոցով լուծեն խնդիրները։ Բայց եթե այդ խորհրդակցությունները արդյունք չտան, ապա ի՞նչ պետք է տեղի ունենա։ Որևէ պատասխան այդ հարցին փաստաթղթում չկա»,- ասում է նա։ Քաղաքագետի կարծիքով՝ միջազգային նմանատիպ համաձայնագրերում սովորաբար հստակ ամրագրվում են վեճերի կարգավորման մեխանիզմները, ինչը տվյալ դեպքում բացակայում է։

Հինգերորդ խնդիրը, որը Գասպարյանը նույնիսկ ավելի լուրջ է համարում, վերաբերում է իրականացման տարածքի հստակեցման բացակայությանը։ Նրա խոսքով՝ փաստաթղթում որևէ կերպ նշված չէ, թե որն է ծրագրի իրականացման տարածքը, ինչ լայնություն ունի այն և որոնք են դրա աշխարհագրական սահմանները։ «Հարց է առաջանում՝ ո՞րն է իրականացման տարածքը, ի՞նչ սահմաններ ունի այն, որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ ավարտվում։ Որևէ աշխարհագրական շրջանակ փաստաթղթում նշված չէ։ Մինչդեռ ինքնիշխան պետությունների դիվանագետները սովորաբար նախ սահմանում են տարածքը և միայն դրանից հետո ստորագրում նման փաստաթղթեր»,- նշել է նա։

Վեցերորդ խնդիրը վերաբերում է փաստաթղթի լեզվական կառուցվածքին, որը, ըստ Գասպարյանի, ստեղծում է ակնհայտ անհավասարակշռություն կողմերի միջև։ Քաղաքագետը նշում է, որ ամբողջ փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո նկատել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի պարտավորությունները ձևակերպված են տարբեր իրավական ուժ ունեցող բառապաշարով։ «Երբ նայում ես Միացյալ Նահանգների պարտավորություններին, այնտեղ գրված է՝ «ակնկալվում է», «նպատակ ունեն», «կձգտեն իրականացնել»։ Իսկ Հայաստանի մասով գրված է՝ «պետք է», «պարտավոր է», «կատարում է»։ Այսինքն գոյություն ունի ակնհայտ լեզվական ասիմետրիա ստորագրող կողմերի միջև»,- ասել է նա։

Գասպարյանի համոզմամբ՝ այդ տարբերությունը կարող է հետագայում լուրջ խնդիրներ առաջացնել փաստաթղթի կիրառման ընթացքում։ «Եթե վաղը սկսվի համաձայնագրի իրականացումը, նման ձևակերպումները կարող են ստեղծել զգալի դիսբալանս։ Մի կողմի պարտավորությունները դառնում են կոշտ և պարտադիր, իսկ մյուս կողմինը՝ ավելի շատ քաղաքական ցանկության կամ ակնկալիքի մակարդակում»,- նշել է քաղաքագետը։ Ամփոփելով ՝  Գասպարյանը հայտարարել է, որ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ քաղաքական, իրավական, տնտեսական և կառավարման ռիսկեր, իսկ դրա շուրջ բանակցություններ վարած պաշտոնյաները, իր կարծիքով, պետք է պատասխանատվություն կրեն նման պայմաններով համաձայնության հասնելու համար։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top