Եթե Ռուսաստանը երկարաժամկետ սահմանափակումներ կիրառի հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ, Հայաստանի տնտեսությունը կարող է բախվել զգալի մարտահրավերների։ Այս կարծիքն է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի խորությանը։
Արամյանի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 21 միլիարդ դոլար, որից մոտ 8 միլիարդ դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին։ Անդրադառնալով արտահանման կառուցվածքին՝ Արամյանը նշել է, որ Ռուսաստան արտահանման ծավալները կազմում են շուրջ 3 միլիարդ դոլար, իսկ վերաարտահանման հաշվառմամբ այդ թիվը հասնում է մոտ 5 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ Հայաստանի 2025 թվականի անվանական ՀՆԱ-ն կազմել է շուրջ 30 միլիարդ դոլար։
Նա ընդգծել է, որ վերաարտահանումը վերջին տարիներին կտրուկ աճել է։ «Եթե նայենք, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման ծավալներին, ապա 2022 թվականին դրանք չէին գերազանցում 200-300 միլիոն դոլարը, մինչդեռ այսօր արդեն խոսքը միլիարդավոր դոլարների մասին է», – նշել է նախկին նախարարը։
Նրա գնահատմամբ՝ հնարավոր սահմանափակումների ազդեցությունը մեծապես կախված կլինի դրանց ծավալից, ուղղությունից և կիրառման արագությունից։ Եթե սահմանափակումները վերաբերվեն միայն որոշ ապրանքատեսակների, ապա անհրաժեշտ կլինի առանձին գնահատել յուրաքանչյուր ոլորտի և ձեռնարկության վիճակը։
Արամյանը նշել է, որ առավել խոցելի կարող են լինել այն ոլորտները, որոնց հիմնական իրացման շուկան Ռուսաստանն է։ Խոսքը, մասնավորապես, պահածոյացված մթերքների, գյուղատնտեսական արտադրանքի, հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և մի շարք այլ ապրանքների մասին է։
«Կան ձեռնարկություններ, որոնց արտահանման մինչև 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Այդ ընկերությունները առաջին հերթին բախվելու են իրացվելիության և կանխիկ միջոցների պակասի խնդրին, քանի որ չեն կարողանալու վաճառել իրենց արտադրանքը։ Դրանից հետո արդեն կարող են առաջանալ վճարունակության խնդիրներ, հատկապես եթե առկա են վարկային պարտավորություններ», – նշել է նա։
Նախկին նախարարը շեշտել է, որ խնդիրը չի սահմանափակվում միայն արտադրության ծավալների հնարավոր կրճատմամբ։ Նրա խոսքով՝ նման ձեռնարկությունների գործունեության դադարեցումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ տնտեսության այլ ճյուղերի վրա։
«Այդ ընկերությունները ոչ միայն արտադրում են, այլ նաև հարկեր են վճարում, ապրանքներ և ծառայություններ են գնում այլ ոլորտներից, աշխատատեղեր են ապահովում։ Հետևաբար ազդեցությունը շատ ավելի լայն է, քան առաջին հայացքից կարող է թվալ», – ասել է Արամյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից չի սահմանափակվում միայն առևտրով։ Բացի առևտրային հարաբերություններից, առկա են նաև տրանսֆերտների, գործոնային եկամուտների, էներգետիկայի և այլ ուղղություններով կապեր։
«Ծավալը բավականին լուրջ է։ Եթե տեսականորեն պատկերացնենք, որ այդ կապը կտրուկ խզվում է, տնտեսության վրա ազդեցությունը կլինի զգալի։ Սակայն դա չի զգացվի անմիջապես, քանի որ տնտեսությունը կենդանի օրգանիզմ է։ Իրական հետևանքները կարող են ամբողջությամբ տեսանելի դառնալ երեքից վեց ամիս անց», – եզրափակել է նախկին նախարարը։

