Ընտրություններին մասնակցության բարձր մակարդակի պայմաններում իշխանության արձանագրած արդյունքները դժվար է տրամաբանական համարել։ Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքները սպասելի չէին․ «Կանխատեսվում էր, որ եթե մասնակցությունը բավականին բարձր լինի, առավել ևս մոտենա մեկուկես միլիոն ընտրողի ցուցանիշին, իշխանության համար նման արդյունք ստանալը չափազանց դժվար կլինի։ Մենք տեսանք մոտ 59 տոկոս մասնակցություն, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։ Այդ պայմաններում ես չեմ կարծում, որ գոյություն ուներ որևէ լեգիտիմ սցենար, որի դեպքում իշխանությունը կարող էր արձանագրել նման արդյունք»։
Քաղտեխնոլոգը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում հրապարակված սոցիոլոգիական հարցումների մեծ մասը իշխանության համար կանխատեսում էր առավելագույնը մոտ 600 հազար ձայն։ «Դա նաև տրամաբանական էր։ Նախորդ ընտրություններում իշխանությունը ստացել էր շուրջ 688 հազար ձայն։ Այդ ընտրություններից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել, և բոլորը հասկանում էին, որ իրական կյանքում իշխանության վարկանիշը էապես նվազել է։ Այդ պատճառով իշխանության ստացած ավելի քան 700 հազար ձայները անձամբ ինձ մոտ լուրջ կասկածներ են առաջացնում»,– ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ընտրությունների մասին խոսելիս սխալ է կենտրոնանալ միայն քվեարկության օրվա վրա, քանի որ ընտրական գործընթացը սկսվում է քարոզարշավից։ «Ընտրությունը միայն այն օրը չէ, երբ քաղաքացին գնում է տեղամաս։ Ընտրությունն ամբողջ գործընթացն է։ Իսկ ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք տեսնում էինք բացահայտ սպառնալիքներ, ատելության մթնոլորտ, հասարակության բևեռացում։ Սա տեսանելի մասն էր։ Բայց դրանից բացի կային նաև այլ գործընթացներ»,– նշել է նա։ Հակոբյանի կարծիքով՝ ընտրակաշառքի դեմ պայքարի անվան տակ իրականացված բազմաթիվ ձերբակալություններն ու կալանավորումները նույնպես ազդել են ընտրական գործընթացի վրա։
«Ես կարծում եմ, որ այդ գործողությունները շատ դեպքերում թիրախային բնույթ էին կրում։ Կալանավորվում կամ ձերբակալվում էին այն մարդիկ, որոնք պետք է կարևոր դեր ունենային ընտրությունների կազմակերպման, վերահսկման կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի աշխատանքի մեջ։ Փաստորեն խաղից դուրս էին բերվում այն մարդիկ, որոնց իշխանությունը համարում էր վտանգավոր»,– ասել է նա։ Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ նման գործողությունները ոչ միայն թուլացնում էին ընդդիմության կազմակերպչական ռեսուրսները, այլև վախի մթնոլորտ էին ձևավորում։
«Բնական է, որ նման ուժային գործողությունները ազդեցություն են ունենում մարդկանց վրա։ Դրանք ազդում են թե՛ ընտրողների, թե՛ ընդդիմադիր շրջանակների հետ աշխատող ակտիվիստների վրա։ Երբ մարդիկ տեսնում են, որ քաղաքական գործընթացներում ներգրավված անձինք կալանավորվում կամ ձերբակալվում են, դա անխուսափելիորեն հոգեբանական ազդեցություն է թողնում»,– նշել է նա։ Հակոբյանը շեշտել է, որ ինքը 1990 թվականից ի վեր տարբեր կարգավիճակներով մասնակցել է գրեթե բոլոր ընտրական գործընթացներին Հայաստանում, սակայն նման պատկեր նախկինում չի հիշում։ Անդրադառնալով քվեների հաշվարկի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին՝ Հակոբյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս հաշվարկի վաղ փուլում հայտարարել էր իր հաղթանակի մասին։
«Այդ պահին հիմնականում հաշվարկված էին գյուղական համայնքների ձայները։ Երևանից և խոշոր քաղաքներից տվյալները դեռևս գրեթե չէին ստացվել։ Այդ պայմաններում վարչապետը հայտարարում է ոչ միայն, որ հաղթել է, այլ նաև փաստացի նշում է այն տոկոսը, որով պետք է հաղթի»,– նշել է նա։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ քաղաքական գործիչը կարող է ցանկացած հայտարարություն անել, սակայն տվյալ դեպքում խնդիրը հայտարարության քաղաքական հետևանքներն էին։
«Իհարկե, նա կարող է ասել, որ դա քաղաքական հայտարարություն էր։ Կարող է հայտարարել ինչ ուզում է։ Բայց զուգադիպությո՞ւն էր, թե՞ ոչ, դրանից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական աշխատանքը փաստացի պարալիզացվեց։ Հանկարծ պարզվեց, որ հաշվարկի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը դադարում է հասանելի լինել»,– ասել է Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ այդ հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես արտաքին քաղաքական ուղերձ։ «Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին ուղղված էր իշխանության ներսին։ Ըստ երևույթին, թիմի ներսում կային կասկածներ, որոշակի դեմորալիզացիա, որովհետև շատերը հասկանում էին, որ առկա թվերը դեռևս բավարար չէին հայտարարված հաղթանակն ապահովելու համար։ Այդ պատճառով հրապարակային հայտարարությունը նաև ներքին լսարանի համար էր՝ ցույց տալու, որ հարցն արդեն լուծված է»,– նշել է նա։
Հակոբյանի համոզմամբ՝ այդ հայտարարությունը կարող էր ազդակ լինել նաև տեղամասային և տարածքային ընտրական հանձնաժողովներում աշխատող իշխանության ներկայացուցիչների համար։ «Երբ արդեն հայտարարվում է հաղթողը, երբ արդեն հայտարարվում է նույնիսկ հաղթանակի տոկոսը, դա որոշակի ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են հաշվարկի գործընթացը։ Այդ առումով ես սա համարում եմ ընտրական գործընթացի վրա ազդեցության գործիք»,– ասել է նա։
Հարցին, թե արդյոք այս ամենը հիմք է տալիս ընտրությունները կեղծված համարելու համար, Հակոբյանը զգուշավոր պատասխան է տվել՝ ընդգծելով իրավական և քաղաքական գնահատականների տարբերությունը։

