Խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ անց Դիլիջանում տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Թեև պաշտոնական հաղորդագրությունը սահմանափակվում էր մի քանի ընդհանուր ձևակերպումներով, հանդիպման շուրջ բազմաթիվ հարցեր են առաջացել։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում այս հանդիպումը, արդյո՞ք այն կապված է հետընտրական զարգացումների կամ տարածաշրջանային նոր պայմանավորվածությունների հետ, և որքանո՞վ է հիմնավոր թաքնված օրակարգի մասին խոսակցությունը։ Այս և այլ հարցերի շուրջ իր կարծիքն է հայտնել միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
Նրա համոզմամբ՝ Դիլիջանում կայացած հանդիպմանը ոչ թե նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակ էր հետապնդում, այլ դեռևս ընտրություններից առաջ համաձայնեցված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին քննարկում էր։
Խոսքը, ըստ քաղաքագետի, այսպես կոչված անկլավների մասին է, մասնավորապես Տիգրանաշենի և Տավուշի մարզի տարածքում գտնվող մի շարք հատվածների նկատմամբ ադրբեջանական պահանջների։ Նրա գնահատմամբ՝ նման սցենարի իրականացումը կարող է լուրջ անվտանգային և տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Մանվելյանի խոսքով՝ Տիգրանաշենի հանձնումը կարող է ազդել դեպի երկրի հարավ տանող հաղորդակցությունների վրա։ Նա պնդում է, որ այդ դեպքում Արարատի մարզի մի շարք բնակավայրեր կհայտնվեն բարդ տրանսպորտային պայմաններում, իսկ լոգիստիկ ծախսերը կաճեն։ Նմանատիպ վտանգներ, ըստ նրա, առկա են նաև Տավուշի մարզում, որտեղ ադրբեջանական կողմի պահանջած հատվածների նկատմամբ վերահսկողության հարձնումր անմիջական ազդեցություն կունենա ՀՀ սահմանամերձ բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա։
«Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության փոփոխության դեպքում ադրբեջանական ներկայությունը կհայտնվի Հայաստանի կարևոր ճանապարհների, երկաթուղային ենթակառուցվածքների և բնակավայրերի անմիջական հարևանությամբ», – նշում է նա։
Քաղաքագետի կարծիքով՝ նման զարգացումները կարող են հանգեցնել սահմանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսքի։ Նրա գնահատմամբ՝ մարդկանց համար հոգեբանական և անվտանգային լրացուցիչ խնդիրներ կստեղծվեն, եթե իրենց բնակավայրերի հարևանությամբ մշտական ադրբեջանական զինված ներկայություն ձևավորվի։
Անդրադառնալով անկլավների իրավական կարգավիճակին՝ Մանվելյանը նշում է՝ խորհրդային տարիների վարչատարածքային բաժանումները չի կարող ավտոմատ կերպով դիտարկվել որպես միջպետական սահմանների հիմք։ Նրա խոսքով՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բաժանումները վարչական բնույթ էին կրում և չեն կարող նույնացվել անկախ պետությունների միջև սահմաններին։
Այս համատեքստում քաղաքագետը քննադատում է սահմանազատման գործընթացում խորհրդային քարտեզների կիրառման գաղափարը։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված չէ Հայաստանի հետ ամբողջական սահմանազատմամբ և սահմանագծմամբ, այլ փորձում է լուծել իր համար կոնկրետ խնդիրներ։
«Ադրբեջանը սահմանազատումը դիտարկում է ոչ թե որպես ամբողջական գործընթաց, այլ որպես գործիք՝ իրեն հետաքրքրող տարածքային և հաղորդակցական հարցերը լուծելու համար», – նշում է նա։
Մանվելյանի գնահատմամբ՝ անկլավների թեմայից հետո Բաքուն առաջ կքաշի նոր պահանջներ, այդ թվում՝ այդ տարածքների հետ մշտական կապ ապահովող TRIPP-ի կարգավիճակով ունեցող ճանապարհների տրամադրում։ Նրա կարծիքով՝ նման զարգացումները կարող են էլ ավելի բարդացնել սահմանամերձ համայնքների միջև հաղորդակցությունը և խորացնել անվտանգության խնդիրները։
Քաղաքագետը նաև մտահոգություն է հայտնում, որ նման գործընթացների արդյունքում սահմանամերձ շրջանների բնակչության թիվը կնվազի, ապագայում կարող են ի հայտ գալ նոր վեճեր հողերի, արոտավայրերի և այլ տարածքների օգտագործման շուրջ։
Այս ամենը, ըստ Մանվելյանի, վկայում է այն մասին, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը չի կարելի դիտարկել միայն տեխնիկական կամ քարտեզագրական հարցերի շրջանակում, քանի որ դրա հետևանքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգության, տնտեսության և ժողովրդագրական իրավիճակի վրա։

